Յուլիա Նաչալովային ՌԴ վաստակավոր արտիստի կոչում չի շնորհվի

Վերջերս կյանքից հեռացած ռուս երգչուհի Յուլիա Նաչալովային Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիտի կոչում չի շնորհվի: Այս մասին ինստագրամյան իր էջում հաղորդել է երգչուհու PR գծով տնօրեն Աննա Իսաևան:

«Ցավոք, հենց նոր պարզեցի, որ օրենքով չի նախատեսվում կոչումը հետմահու շնորհել»,- գրել է Իսաևան:

Ավելի վաղ սոցկայքում խնդրագիր էր հայտնվել, որում կոչ էր արվում Նաչալովային հետմահու վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Տեղեկության հայտնվելու պահին խնդրագրի տակ արդեն 4666 մարդ էր ստորագրել:

Երգչուհու թաղման ժամանակ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել էր, որ Նաչալովան «արդարացիորեն արժանի էր այդ կոչմանը»:

Սոցկայքերի շատ օգտատերեր բացասաբար էին արձագանքել նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Նաչալովան նման կոչման համար բավականաչափ ձեռքբերումներ չի ունեցել, ոմանք էլ կոչ են արել երգչուհու մահը շոուի չվերածել:

Յուլիա Նաչալովան կյանքից հեռացել էր մարտի 16-ին՝ 38 տարեկան հասակում: