ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՊԱՇՏՈՆԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Շարունակվում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող մրցույթը։ Մրցույթին մասնակցում է նաև  լրագրող, Հանրային ռադիոյի նախկին պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը, որն այժմ ԱՄՆ-ում գործող «Հորիզոն» հայկական հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն է։

– 30 հոգի թեկնածու կա, որոնց մեջ նաև կան մարդիկ, ովքեր Ռադիոյում աշխատելու ավելի մեծ փորձ ունեն, ինչո՞ւ հենց Դուք պետք է ընտրվեք։

– Ավելի քան վստահ եմ՝ եթե հանձնաժողովն ինձ ընտրի, ապա այդ որոշման հիմքում լինելու են մասնագիտական փորձս եւ միջազգային ու համապետական կարևորության այն նախագծերը, որոնք իրականացրել եմ և՛ Հանրային ռադիոյի համար՝ անցյալ տարիների ընթացքում, և՛ Ռադիոյից դուրս։ Լրագրողական գործունեության մեկ տասնամյակից ավելի տեւած փորձս սերտորեն կապված է Հանրային ռադիոյի հետ։ Ռադիոյում աշխատելու ընթացքում ծանոթացել եմ կառավարման, ստեղծագործական և տեխնիկական առանձնահատկություններին, կարողացել եմ իմ ներդրումն ունենալ Հանրային ռադիոյի հանրահռչակման և զարգացման գործում։ Իրականացրել ենք ժամանակակից ռադիոհեռարձակման չափանիշներին համապատասխան այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Այդ ծրագրերին, ինչպես նաև աշխատանքային իմ գործունեության մանրամասներին խորհրդի անդամները տեղյակ էին։ Եվ այս առումով գլխավորը ոչ թե աշխատանքային փորձի թվագրումն է, այլ բերած կարեւոր փոփոխությունները, որոնք, իմ կարծիքով, դրականորեն են ազդել Ռադիոյի զարգացման գործում։

– Որո՞նք են այն առանցքային փոփոխությունները, որոնք կանեք ընտրվելու դեպքում։

– Ընտրվելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու կյանքի կոչել մի ծրագիր, որը Հանրային ռադիոյի զարգացման կոնկրետ ուղի է նախանշում՝ հստակեցնելով միջոցներն ու քայլերի հաջորդականությունը։ Դա, ի դեպ, նաև դրականորեն ընդունվեց հանձնաժողովի կողմից։ Ամեն դեպքում՝ ցանկացած փոփոխություն, ըստ իս, պետք է բխի «հանրային» և «միջազգային» եզրույթների համատեքստում։ Շատ կարևոր է, որ տեղական լրատվամիջոցների շարքում Հանրային ռադիոն վերականգնի իր երբեմնի ամուր առաջնային դիրքը, լիարժեք իրականացնի հանրային լրատվամիջոցին վերագրված բոլոր գործառույթները։ Այս իմաստով անելիքները շատ են, խնդիրները՝ նույնպես, լուծումներն ու ճանապարհները՝ իրագործելի։

– Կա՞ն մարդիկ, որոնց արդեն իսկ աչքի առաջ ունեք և ընտրվելու դեպքում անպայման կհեռացնեք աշխատանքից։

– Չգիտեմ՝ ինչու է նոր նշանակումն անպայման կապվում «հեռացնելու» հետ․ ունենալով Ռադիոյում աշխատելու փորձառություն՝ նախևառաջ պիտի նշեմ, որ Հանրային ռադիոյի գործընկերային հարաբերությունները, համենայնդեպս ինձ համար, մեծ ընտանիքի տպավորություն էին ստեղծում։ Գուցե հիմա պատկերն այլ է, և դրանից է բխում Ձեր հարցը։ Հաղթանակի դեպքում առաջին քայլը, որ կանեմ, ստեղծագործական առողջ մթնոլորտի վերականգնումը կլինի, բայց չեմ կարծում, որ «հեռացնելն» այն ճիշտ միջոցն է, որն առողջացնելու է մթնոլորտը։ Հանրային ռադիոյում կան մասնագետներ, ովքեր իրենց գործի գիտակն են, այլ հարց է, թե ինչպես ես կարողանում մոտիվացնել անձնակազմին, ինչ միջոցներ և ինչ միջավայր ես ստեղծում որպես կառույցի ղեկավար։

– Ինչպիսի՞ն պետք է լինի Հանրային ռադիոն Ձեր պատկերացմամբ, ի՞նչ լրատվական քաղաքականություն պետք է ունենա։

– Հանրային ռադիոն պետք է ներկայանա որպես առաջատար լրատվամիջոց․ հեռարձակման շառավիղը մեծ է, պոտենցիալ ունկնդիրների աճը՝ հնարավոր։ Ունենալով այս տեսակ հիմք՝ առաջ է գալիս բովանդակային մասի մանրամասն հետազոտության հարցը։

Ժամանակակից ինֆորմացիոն հոսքերի արագությունը, մրցակցային դաշտը, ունկնդրի տեղեկացվածության աստիճանն արդի մեդիայի զարգացման իմպուլսիվ ազդակների հիմքում են․ այն մեդիան, որը գոյատևում է հանրային միջոցներով, պարտավոր է այդ հանրությանը ներկայացնել անաչառ, բազմապրոֆիլ, բովանդակային իմաստով հարուստ, ձեւաչափային իմաստով հետաքրքիր ու թարմ տեղեկատվություն, վերլուծություններ, կրթական, գիտական ու մշակութային ծրագրեր, որոնք կապահովեն լսարանի բազմաշերտությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պետք է շատ կարևոր հանգամանքի ուշադրություն դարձնել. լրատվական քաղաքականության և առհասարակ Հանրային ռադիոյի գործունեության ազատության հարցում շատ կարևոր է ղեկավարի անկուսակցական լինելը։ Գործադիր տնօրենի պաշտոնը պետք է ստանձնի անկուսակցական, անկախ և օբյեկտիվ մեկը, ով պատկերացնում է միջազգային ստանդարտների և առաջխաղացման հնարավոր պոտենցիալը, ազատ և մրցակցային միջավայրի արդյունավետության աստիճանը։

– 30 թեկնածուների մեջ կա՞ն մարդիկ, ում համարում եք Ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնին հարմար թեկնածու։ 

– Թեկնածուների մեծ մասին ծանոթ եմ և կարծում եմ, որ բոլորն էլ գիտակցում են պատասխանատվության այն չափը, որը դրվելու է իրենց ուսերին։ Հույս ունեմ, որ պաշտոնի գայթակղությունը չէ մրցույթին դիմելու շարժառիթը, այլ՝ սրտացավությունը, մասնագիտական կարողությունների ռեալիզացումը, հստակ տեսլականն ու զարգացման ձգտումը։

Ընտրվելու դեպքում նպատակ ունեմ զրուցել այն մյուս թեկնածուների հետ, ովքեր հավակնում էին ղեկավարելու Հանրային ռադիոն․ կարծում եմ՝ այդ թեկնածուների շարքում այնպիսի մասնագետներ կան, ովքեր կարող են միանալ թիմին և իրենց ներդրումը բերել ընդհանուր գործին։

Պրոֆեսիոնալ և աշխատասեր թիմակիցներ ունենալու շնորհիվ է հնարավոր իրականացնել բոլոր այն նախագծերն ու նպատակները, որոնք նոր շունչ են հաղորդելու Հանրային ռադիոյին։ Ի վերջո, հանրային լրատվամիջոցի հաջողությունը մեկ անձի և մենաշնորհի արդյունք չի կարող լինել։ Տարիների ընթացքում ղեկավարելով ստեղծագործական և աշխատանքային թիմեր՝ ես մեծ նշանակություն եմ տալիս բանիմաց, պրոֆեսիոնալ և աշխատասեր թիմակիցների առկայությանը։ Հանրայինն իր անվանը համապատասխանող դիրքն ու նշանակությունը կվերականգնի հենց նվիրյալ թիմակիցների, փորձառու մասնագետների և ընտանիքի սրտացավ անդամների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Աղբյուրը` https://hraparak.am/post/897681791?fbclid=IwAR2uggZhOvjrdqFXD4TM6u3teGObKo0xMLsfh8VBJSLGiwYbMjWUa9BkBwc