Rammstein-ի նոր տեսահոլովակը սկանդալ է առաջացրել. խմբին մեղադրել են Հոլոքոստը գռեհկացնելու համար (տեսանյութ)

Գերմանական Rammstein հայտնի ռոք խումբը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ երգ և տեսահոլովակ է թողարկել՝ Deutschland («Գերմանիա») վերնագրով:

Ինչպես նշում է New York Times-ը, Գերմանիայում տեսահոլովակը բացասաբար է ընդունվել: Պատճառը ֆաշիստական շրջանի խորհրդանիշի օգտագործումն է, ինչն էլ համացանցում շատ օգտատերերի զայրույթն է հարուցել:

Տեսահոլովակում ներկայացվում է Գերմանիայի պատմությունը՝ սկսած երկրի հիմնադրման ժամանակվանից: Միջնադարյան Գերմանիան մարմնավորում է սևամորթ կին բարբարոսը, որը հայտնվում է խմբի մենակատար Թիլ Լինդեմանի կտրված գլխով:

Տեսահոլովակում խմբի անդամները հայտնվում են ասպետների կերպարով, կռվում են կաստետներով, մարդու միս են ուտում և անգամ ներկայանում նացիստական համակենտրոնացման ճամբարների՝ կառափնարանում կանգնած կալանավորների կերպարով: Հոլովակի վերջում «կալանավորները» կրակում են ՍՍ-ի զինվորների վրա:

Տեսահոլովակում պատկերավոր կերպով ներկայացված է Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիան, Երրորդ Ռեյխը, երկրի՝ երկու մասի բաժանման շրջանը, ինչպես նաև «Գինդենբուրգ» դիրիժաբլի կործանումը:

Դեռևս համացանցում հոլովակի թիզերի հայտնվելուց հետո Rammstine խմբին մեղադրել էին հակասեմականության համար:

Հոլոքոստը վերապրած Շառլոտ Կնոբլոխի՝ Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախկին նախագահի խոսքով՝ տեսահոլովակում խմբի անդամները գռեհկացրել են հրեաների ցեղասպանությունը:

«Խումբը սխալ կերպով է օգտագործել միլիոնավոր մարդկանց տառապանքն ու սպանդը, նրանք դա օգտագործել են ժամանցային նպատակով՝ գռեհիկ և թեթևամիտ ձևով»,- ասել է նա:

Չնայած բացասական գնահատականներին՝ խմբի նոր տեսահոլովակը մի քանի ժամում մոտ 6,7 մլն դիտում է ունեցել:

Հիշեցնենք, որ Deutschland-ը խմբի պատմության մեջ 2012թ.-ից ի վեր առաջին երգն է: Այն կներառվի խմբի նոր ալբոմում, որը կթողարկվի մայիսի 17-ին: