Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ինձ այս պաշտոնում նշանակել են ոչ լեգիտիմ ճանապարհով, այսինքն՝ նա կարծում է, որ պետությունը իրավունք չի ունեցել ինձ նշանակել մեկուկես տարի առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ իրեն աշխատանքից ազատելուն:
Օրբելյանը պնդում է, որ Նախարարությունը նախապես չի տեղեկացրել այդ մասին: «Նա 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,-ասաց նա և նշեց, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:
«Ես այստեղ եմ, կանգնած եմ: Ես շատ ջանք եմ ներդրել թատրոնի աշխատանքներում, առաջիկայում բազում պլաններ կան: Նա ինձ չի զանգել: Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկանք: Ես չեմ պատրաստվում նրա հետ կապ հաստատել, նա իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտել է»,-ասաց նա:
Կոնստանտին Օրբելյանը նշեց, որ այս հարցով դիմելու են դատարան և սպասվում է մեծ դատ, քանի որ իր ազատման պատճառները անհիմն են:
Կոլեկտիվի անդամները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ Նազենի Ղարիբյանին վաղը ժամը 16:00-ին պաշտոնապես հրավիրում են կոլեկտիվի հետ հանդիպման:
Նրանք նշեցին, որ մինչ այս մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը չի եկել կոլեկտիվի հետ հանդիպման, նույնիսկ պրեմիերաներին չի եկել, թեև հրավիրվել է:
«Ինձ թվում է՝ այստեղ ավելի շատ անձնավորված հարց է, քան արդարացված և հիմնավորված: Որոշ մարդկանց ամբիցիաներից ելնելով չի կարող տուժել մի ամբողջ կոլեկտիվ» ,-ասաց նրանցից մեկը՝ հավելելով՝ գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, սակայն անունները չեն ցանկանում հայտարարել:
Քրիստինա Բոյաջյան
Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/29/Orbelyan/2960482