Հայուհին պատերազմ է հայտարարել լեյբլին. Թիմատին Քրիստինա Սիին ոչ ադեկվատ է անվանել

Երգչուհի Քրիստինե Սարգսյանը սկանդալ է բարձրացրել ռուսական Black Star ապրանքանիշի դեմ, որովհետև նրան զրկել են ստեղծագործական կեղծանունից։ Այս մասին հայտնում է Super պարբերականը։

Երգչուհի Քրիստինե Սարգսյանի հնգամյա պայմանագիրը Black Star երաժշտական ապրանքանիշի հետ սպառվել է դեռ 2018թ–ի մարտին։ Որոշում է կայացվել չերկարացնել պայմանագիրը, իսկ կոնտենտի բոլոր իրավունքները, այդ թվում` «Քրիստինա Սի» բեմական անունը, մնացել են Black Star–ին։

«BS–ի հետ պայմանագիրն ավարտվել է մեկ տարի առաջ, բայց իրավունքների հետ կապված իրավիճակը միայն հիմա է զայրացրել Քրիստինե Սարգսյանին։ Նա հայտարարել է, որ ապրանքանիշը յուրացրել է իր բեմական անունն առանց իր համաձայնության, իսկ ինքը երգ է թողարկել Kristina Si բեմական անունով», – ասվում է նյութում։

BS–ի բողոքից հետո երգը հանել են երաժշտական ծառայություններից, և Քրիստինեն պատերազմ է հայտարարել նախկին գործատուին։ Նա նշել է, որ մի քանի փորձ է ձեռնարկել ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն ընկերության հետ լավ հարաբերություններ պահպանելու իր ցանկությունն անտեսվել է։ Նա մտադիր է դիմել դատարան։

«Գործին միջամտել է Black Star–ի ղեկավար Թիմատին, որը նշել է` Քրիստինային ադեկվատ մարդ համարելը, մեղմ ասած, բարդ է», – գրում է Super –ը` հղում անելով անանուն աղբյուրին։

Նշվում է, որ աղջկա համերգային տնօրենները բազմաթիվ անգամ ստիպված են եղել բողոքներ լսել Քրիստինա Սիի պատճառով։ Թիմատին ներողամտորեն է վերաբերվել աղջկան և դիմացել է նրա հիստերիկ պահվածքին։

Եղել են տուգանքներ և պատժամիջոցներ, բայց շատերն են փորձել ընդհանուր լեզու գտնել Քրիստինայի հետ։ Նրան նույնիսկ հոգեբանի հետ հանդիպում են նշանակել, որպեսզի օգնեն դուրս գալ սթրեսից։

Ինչպես հավաստիացնում է պարբերականը, հիստերիաները սկսվել են այն ժամանակ, երբ ապրանքանիշը վերցրել է երկու աղջկա` Կլավա Կոկային և Դանա Սոկոլովային։ Քրիստինային դուր չի եկել, որ ինքն այլևս միակ աղջիկը չէ Black Star–ում։

Աղբյուրը` https://armeniasputnik.am/society/20190328/17854809/hayuhin-paterazm-e-haytararel-lejblin-Black-Star-y-qristina-siin-voch-adekvat-e-anvanel.html