Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ի վերջո խոստովանել է, որ կրկնօրինակում է սուպերմոդել Նաոմի Քեմփբելի ոճը, ինչի մասին ժամանցային լրատվամիջոցները վերջին շրջանում շատ են գրում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա Քարդաշյանը, կրելով «սև հովազի»՝ Versace նորաձևության 1996թ. ցուցադրություններից մեկի ժամանակ կրած մետաքսե նույն զգեստը, լուսանկարվել է ու Instagram-ում գրել՝ Naomi Forever («Նաոմին ընդմիշտ»): Բացի այդ, նա հրապարակման մեջ նշել է Քեմփբելին:
Այսպիսով՝ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղը հաստատել է, որ վերջին շրջանում հենց Քեմփբելի ոճն է իրեն ոգեշնչում:
Թե ինչ է մտածում մոդելը Քարդաշյանի պահվածքի մասին, հայտնի չէ, սակայն հետաքրքրական է, որ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Քեմփբելը խոստովանել էր, որ Քարդաշյանի երկրպագուն չէ ու գտնում է, որ աստղն արժանի չէր 2014թ. հեղինակավոր Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի շապիկին հայտնվելուն:
«Ես նորաձևության ոլորտի մոդել եմ, 28 տարի քրտնաջան աշխատել եմ, և գիտեմ, որ Vogue-ի շապիկին հայտնվելը պետք է հիմնված լինի կարիերայի վրա: Դա աստիճանական նվաճում է: Մի՞թե դուք կարծում եք, որ Քիմն ու Քանյեն վաստակել էին Vogue-ի շապիկը զարդարելու իրավունքը»,-ասել էր Քեմփբելը: