Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն ծրագրելու համար կասկածվող անձանցից մեկը հայտնել է, որ երգչի սպանության պատվերը Գալկինից է ստացել

2017թ.-ի մայիսին Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ պայթյունի կազմակերպման համար կասկածվող 4 դաղստանցիներից մեկը հայտարարել է, թե Կիրկորովին սպանելու առաջադրանքը ստացել է շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խոսքը Խիդերնեբի Կազուևի մասին է, որը մասնակցել է ահաբեկչական գործողության ծրագրմանը: Նրա հավաստմամբ՝ ինքը ոչ թե ահաբեկչական գործողություն, այլ Կիրկորովի սպանությունն է ծրագրել: Նա հայտնել է, որ Մոսկվայում իրեն մոտեցել է շոումեն Մաքսիմ Գալկինը և առաջարկել սպանել երգչին:

Այսպիսով՝ Կազուևը խնդրել է հարցաքննության կանչել Կիրկորովին, Գալկինին և վերջինիս կնոջը՝ երգչուհի Ալլա Պուգաչովային, և դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը, քանի որ ինքը հրաժարվել է հանցագործությունը կատարելուց:

Իր հերթին, Ֆիլիպ Կիրկորովի տնօրեն Գենադի Ռիբակը գործակալության հետ զրույցում հերքել է 2017թ.-ին համերգի ժամանակ նախապատրաստվող հարձակման մասին տեղեկությունը:

«Առաջին անգամ երեկ եմ այդ մասին կարդացել: Բացարձակ անհեթեթություն և դատարկաբանություն է: Այդ մասին ոչինչ չենք իմացել և չգիտենք»,- ասել է Ռիբակը:

Կասկածյալ Կազուևի դատապաշտպանի խոսքով՝ ինքը կխնդրի գլխավոր դատախազին գործը ՆԳՆ-ից Քննչական կոմիտե փոխանցել՝ ստուգելու Կազուևի վարկածը:

Գալկինը հրաժարվել է այս առիթով որևէ մեկնաբանություն անելուց: «Դա իմ թեման չէ: Ես ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասել է շոումենը;

«ՌԻԱ Նովոստի»-ին տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ կասկածյալները կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և դրա կազմում ծրագրել են Կիրկորովի՝ Դաղստանի մայրաքաղաքում կայանալիք համերգի ժամանակ պայթյուն իրականացնել:

Ավելի ուշ գրոհայինները հրաժարվել են իրենց մտադրություններից՝ դա բացատրելով նրանով, որ գործողությունների արդյունքում կարող էին շատ մարդիկ տուժել:

Գործակալության զրուցակիցը հավաստել է, որ ՆԳՆ-ի Դաղստանի գլխավոր վարչությունն ավարտել է հետաքննությունը, առաջադրվող մեղադրանքը վերջնական տեսքի է բերվել: