Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ

Փետրվարի 19-ին կյանքից հեռացած հանրահայտ դիզայներ Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն, գրում է РИА Новости-ն՝ ֆրնսիական լրատվամիջոցներին հղումով:

Ինչպես փոխանցում է Le Figaro-ն, Շուպետ անունով գեղեցկուհին Լագերֆելդի մոտ է հայտնվել 2011 թվականին, երբ դիզայների ընկերներից մեկը խնդրել է որոշ ժամանակով հոգ տանել իր կատվի մասին: Որոշ ժամանակ անց, սակայն, տերը չի վերադարձրել կատվին: Տարիների ընթացքում Լագերֆելդը գիրք է գրել իր սիրելի կատվի մասին, իսկ չորքոտանին հասցրել է անգամ գումար վաստակել՝ տարբեր գովազդների համար լուսանկարվելով և տասնյակ հազարավոր երկրպագուներ ձեռք բերել թվիթերյան ու ինստագրամյան իր էջերի շնորհիվ:

«Շուպետն իր ունեցվածքն ունի, նա ժառանգորդ է, և եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա նրա խնամքը ստանձնած մարդը որևէ բանի կարիք չի ունենա», – հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դիզայները:

Պարբերականն ընդգծում է, որ Ֆրանսիայում փաստացի կենդանին չի կարող ժառանգել տիրոջ ունեցվածքը, քանի որ չի համարվում ո՛չ ֆիզիկական անձ, ո՛չ իրավաբանական: Նման բան հնարավոր կլիներ դիզայների հայրենիքում՝ Գերմանիայում, սակայն օրենքով ժառանգության հետ կապված խնդիրների դեպքում հաշվի է առնվում ոչ թե քաղաքացիությունը, այլ այն երկիրը, որտեղ ապրել է մարդը (Լագերֆելդի դեպքում խոսքը Ֆրանսիայի մասին է):

Այնուամենայնիվ, կա նաև այլընտրանքային տարբերակ, քանի որ կան հիմքեր ենթադրելու, որ դիզայները կարող էր ժառանգել իր սիրելի կատվին որևէ ֆոնդին կամ ֆիզիկական անձին:

Հիշեցնենք, որ հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայները մահացել է փետրվարի 19-ին կյանքի 86-րդ տարում:

Լագերֆելդի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել:

Աղբյուրը՝ tert.am