«Ընկերական մթնոլորտում ամեն բան ավելի հեշտ է ստացվում». Ռոզի Ավետիսովան՝ նոր հեռուստասերիալի մասին

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր նախագծում: Դերասանուհին նկարահանվում է Առաջին ալիքի «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում: Նոր կերպարի մասին առաջին մարամասները Ռոզին վստահել է Tert.am Life-ին:

Դերասանուհին նշեց, որ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արտյոմ Հարությունյանից, որի հետ առաջին անգամ է աշխատում. «Համագործակցության ժամանակ դժվարություններ չեն եղել: Ես հասկանում եմ՝ ինքն ինչ է ուզում, ինքն էլ հասկանում է իմ հնարավորությունները, որքանով կարող եմ անել իր պատկերացրածը»:

32 մասանոց ֆիլմաշարի հիմքում քրեական պատմություն է, որին ինչ-որ կերպ առնչվում է նաև Ռոզիի հերոսուհին: Նա մարմնավորում է  Մարիին, որը գլխավոր հերոսներից մեկի՝ քննիչի կինն է:

«Ես այս պատմությանն առնչվում եմ այնքանով, որ հենց իմ ամուսինն է բացահայտում գողության դեպքը: Իմ կերպարային գիծն աշխատանքից դուրս հիմնականում անձնական փոխհարաբերությունները պարզաբանելու, ընտանեկան ողբերգության շուրջ է ծավալվում։ Հերոսուհիս փորձում է փրկել ամուսնու հետ արդեն մահացած հարաբերությունները, թեև իրադարձություններն այլ ընթացք են ստանում»,-ասաց նա:

Ռոզիի հիմնական խաղընկերը Դավիթ Գրիգորյանն է, որն էլ մարմնավորում է նրա ամուսնու կերպարը. «Դավիթի հետ աշխատել ենք «Խմբագրություն.am» սիթքոմում: Մեր ջերմ ընկերական հարաբերություններին հիմքը վաղուց է դրվել: Դա մեզ օգնում է շատ հեշտ, առանց խնդիրների, իրար ճանաչելով շատ արագ տեսարանները վերարտադրել: Ընկերական մթնոլորտում միշտ էլ ամեն բան ավելի հեշտ է ստացվում»:

Դերասանուհին նկատեց, որ նոր նախագիծը ոչ միայն ժանրային, այլև կերպարային առումով է իր համար հետաքրքիր ու տարբերվող:

Ռոզին այստեղ ներկայանում է մայրիկի կարգավիճակում: «Հերոսուհուս երեխաները բնակվում են ԱՄՆ-ում: Նա ամեն կերպ փորձում է ամուսնուն համոզել տեղափոխվել Ամերիկա և այնտեղ ապրել շատ ավելի լավ կյանքով, ինչպես մտածում է մեր հասարակության մեծ մասը: Նրանց միջև կոնֆիլկտներից մեկը ծնվում է այդ թեմայի շուրջ և հանգեցնում հարաբերությունների փլուզման»,-ասաց Ռոզին:

Նրա խոսքով` գովելի է նաև այն հանգամանքը, որ ֆիլմաշարի հիմքում Սարմենի՝ Մկրտիչ Սարգսյանի գրական ստեղծագործությունն է, թեև ինքը գրական գործին ծանոթ չի եղել։ «Անկեղծ ասած գիրքը չեմ կարդացել, միայն հեռուստատեսային սցենարին եմ ծանոթացել: Գրական նյութերը հեռուստատեսություն բերելու ձևաչափը իր մեջ նաև կրթական տարր ունի, ինչն ինձ համար ողջունելի է: Այս կերպ հեռուստադիտողներից շատերը ծանոթանում են գրական գործի, որին գուցե և ծանոթ չէին, ինչպես ես: Այդ առումով ինձ համար էլ է հետաքրքիր»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝ life.tert.am