Թաթան բոլորինն է, համազգային է, բայց նա մնացածների համեմատ արտոնյալ չէ հարկեր վճարել-չվճարելու առումով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն` անդրադառնալով ՊԵԿ հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հայտարարագրեն եկամտուները եւ վճարեն հարկեր, ինչպես նաեւ եւ խոսակցություններին, որ ինքն ասել է` երգիչ Թաթային «ձեռք չտան»:
Անանյանը տեղեկացրեց, որ ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են ՊԵԿ աշխատակիցները` այդ թվում այցելում են ռեստորանային համալիրներ եւ հորդորում են, որ եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձեւակերպեն այդ անձանց աշխատանքը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դա հորդորի տեսքով է լինում:
«Այո, մենք ուզում ենք, որ շոու բիզնեսը հարկվի, բայց նաեւ շոու բիզնեսից ենք այդպիսի ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ հարկվեն: Պետք է մոտակա ժամանակներում որոշակի քննարկումներ ունենանք եւ իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք դեռ պետք է իրականացնեին տարիներ առաջ, բայց հանրային քննարկման եւ հանրային փոխադարձ համաձայնություն մենք պետք է ձեռք բերենք եւ ոչ միայն շոու բիզնեսի առումով: Մենք մատնանշել ենք շոու բիզնեսին, որպեսզի հարկեր վճարելու մշակույթ կերտելու առումով մշակույթի գործիչները օգնության գան մեզ»,- ասաց նա:
Իսկ արդյոք ինչ-որ մեկն արդեն հայտարարագրել է եկամուտները, նա արձագանքեց. «Ճիշտն ասած` այս պահին ունեմ 10 օր առաջվա տեղեկատվություն, դեռեւս անձնավորված ամփոփ արդյունքներ չեն ներկայացրել, բայց եթե չեմ սխալվում՝ մարտի 15-ն է եկամտային հարկի ամփոփ տարեկան հաշվարկ ներկայացնելու վերջնաժամկետը: Այնպես որ, մարդիկ դեռ ժամանակ ունեն»:
Աղբյուրը՝ armtimes.com