DJ Վակցինան` Արուսիկ Մկրտչյանը, մոտ 2 տարվա լռությունից հետո ամիսներ առաջ վերադարձավ հասարակական ակտիվ կյանք` նոր կերպարով ու գործունեության նոր ոլորտով։ Արուսիկի կյանքի այս փուլին նախորդել էր բավականին բարդ շրջան։ Բոլորի տեսադաշտից նրա կորելը պայմանավորած էր երկրորդ երեխայի` Միքայելի վաղաժամ ծննդով և փոքրիկի առողջական լուրջ խնդիրներով։ Տևական ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց և վերականգնողական բարդ փուլ անցնելուց հետո 3-ամյա Միքայելի առողջական խնդիրները լիարժեք հաղթահարված են, Արուսիկը` կրկին հանրային դաշտում։
Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել Արուսիկի հետ որդու ծննդի, առողջական խնդիրների, կյանքի ամենաբարդ փուլի, դրան հաջորդած ամուսնալուծության և գործունեության այս փուլի մասին։
–Արուսիկ, որոշակի դադարից հետո վերադարձդ միանգամից ուշադրություն գրավեց։ Քո ակտիվությունը միշտ մեծ է, այդ իսկ պատճառով պասիվությունդ աննկատ չի մնում։ Երկրորդ երեխայիդ ծննդից և նրա առողջական վիճակի հետ կապված խնդրիրներից հետո քո կյանքում եղավ բավականին բարդ շրջան, որն ուղեկցվեց պասիվությամբ ու մեկուսանալով։ Նման փուլերում մեկուսանալն ինչքանո՞վ է օգնում քեզ։
–Տղաս ժամանակից շատ շուտ էր ծնվել, ինչը որոշակի խնդիրներ առաջացրեց։ Իմ կյանքի, երևի, ամենադժվար էտապն էր։ Ես անցա այդ շատ դժվար փուլը։ Այդ ժամանակ չէի ուզում, որ ինֆորմացիան տարածվեր, դրա շուրջ աժիոտաժ լիներ, մարդիկ գային–գնային։
Եթե նույնիսկ թիթեռնիկի օրինակը վերցնենք, այն անցնում է որոշակի էտապներ և ամեն էտապից հետո ավելի գեղեցիկ է դառնում։ Կոնկրետ այս դեպքում ինձ պետք է այդ էտապներն անցնել փակ միջավայրում, որպեսզի արտաքին որևէ կարծիք, միջամտություն չխանգարեր ինձ, կարողանայի իմ մեջ եփել ինչ–որ գաղափարներ, որոնք դեռ սերմերի տեսքով էին։
Թե՛ անձնական, թե՛ որոշակի գաղափարային իմաստով ինձ մոտ ճգնաժամային փուլ էր, որն ուզում էի միայնակ անցնել։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք այդ դժվար փուլում կողքիս էին։
Կան մարդիկ, որոնք, փաստորեն, կողքիս են միայն այն ժամանակ, երբ ես հայտնի եմ և ակտիվ, երբ դաշտից կորչում եմ, իրենք կորչում են այդ փայլի, «աստղային» վիճակներ հետ։ Դա ինձ թույլ տվեց նաև ֆիլտրել իմ շրջապատս, հասկանալ, թե ովքեր են իսկապես արժեք ներկայացնող ընկերները, գործընկերները, որոնք երկար ժամանակ փորձում էին ինձ վերադարձնել ակտիվ կյանքի։ Նրանցից յուրաքանչյուրն օգնել է ինձ հաղթահարել այդ շրջանն ու նորից վերադառնալ աշխատանքի։
–Փոքրիկիդ առողջական խնդիրները լիարժեք հաղթահարված են։ Դու բավականին երկար պայքարեցիր դրա համար։ Պայքարի փուլում ունեցե՞լ ես հուսահատության պահեր, թե՞ երեխային փրկելու ճիգը թույլ չէր տալիս հուսահատվել։
–Յուրաքանչյուր մայր հերոս է, որովհետև այն դժվարությունները, որոնց միջով մայրիկներն են անցնում, անգամ, եթե երեխան ոչ մի խնդիր չունի, արդեն իսկ մեծ հերոսություն է։ Երբ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, կա առողջական խնդիր, մայրիկները կրկնակի հերոս են դառնում, որովհետև երբեք չեն հուսահատվում ու պայքարում են մինչև վերջին կետը, որպեսզի երեխան ապաքինվի։ Ինտուիտիվ ձևով էլ փորձում ես ջերմություն հաղորդել երեխայիդ։ Վստահ եմ, փոքրիկին նաև այդ սերն ու ջերմությունն է օգնում, որպեսզի կրիտիկական վիճակից դուրս գա։
Փառք Աստծո, այդ բոլոր խնդիրները լուծվեցին շնորհիվ շատ պրոֆեսիոնալ բժշկական թիմի, որին հոգաչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ մարդիկ իմանան, որ մենք ունենք պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք ամեն օր փրկում են թե՛ բալիկների, թե՛ մեծերի կյանքեր։
–Այն փուլում, երբ դու և երեխադ հիվանդանոցում էիք, առաջնեկդ Վիկը, դեռ փոքր էր` երկուսուկես տարեկան և նույնպես խնամքի կարիք ուներ։ Ինքդ սթրեսային վիճակում էիր։ Ինչպե՞ս էր դա անդրադառնում ավագ որդուդ վրա։
–Քանի որ իրավիճակն իսկապես կրիտիկական էր, հնարավոր չէր, որ ես բացակայեի հիվանդանոցից։ Ես մնացի երեխայի հետ, անգամ, երբ բժիշկներն ասում էին` գնա տուն, պետք չէ երեխայի կողքին լինես, երբ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։ Դա տևեց երկու ամիս, այնուհետև մենք ունեցանք շատ երկար վերականգնողական շրջան։ Այդ ընթացքում առաջնեկս իմ ծնողների տանն էր։ Ես փորձում էի ամեն օր հեռախոսով խոսել նրա հետ, բացատրել, թե ինչ է կատարվում և ինչու մայրիկն իր կողքին չէ։ Մինչև հիմա էլ հաճախ ենք խոսում այդ մասին։ Նա եղել է երկուսուկես տարեկան, գուցե, շատերը մտածեն, որ չի հասկացել, բայց երեխաները շատ խոցելի են։ Չեմ ուզում իր մոտ հարցեր մնան, մինչև օրս բացատրում եմ, թե ինչ էր կատարվում։ Նա շատ գիտակից է և լավ պատկերացնում է, թե ինչու էր ստիպված այդ շրջանում լինել տատիկի, պապիկի և մորաքրոջ կողքին, իսկ ես իր կողքին չէի։
Ամբողջությամբ՝ life.tert.am