Երգիչ Միհրան Ծառուկյանի համար 2019-ի Ամանորն աշխատանքային է լինելու։ Երգիչն Ամանորը կդիմավորի Հայաստանում, սակայն ժամը 23–ից սկսած աշխատելու է։ Tert.am Life–ի հետ զրույցում Միհրանն ամփոփել է անցնող 2018 թվականը, պատմել, թե ինչպես է տոնելու Նոր տարին և խոսել 2019–ինց իր ակնկալիքի մասին։
Թեև աշխատանքային միջավայրում Նոր տարին ուրախ է անցնում, Միհրանի համար այն փոքր–ինչ միապաղաղ է դարձել։
«Նոր տարիներն ինձ համար արդեն ստանդարտ են դարձել։ Երևի, դա տարիքից է գալիս։ Նախկինում օրն ինձ համար և՛ աշխատանքային էր, և՛ տոնական։ Հիմա մտածում եմ` կերգեմ, կգնամ տուն ու խելոք կքնեմ։) Հունվարի 1–ից արդեն Նոր տարի կանեմ,– ասաց երգիչն ու պատմեց, նախորդ տարի բացառություն էր արել և կեսգիշերը տանն էր դիմավորել։ –Նոր բնակարան էինք տեղափոխվել, որոշել էի, որ ինչ ուզում է լինի, կեսգիշերին տանն եմ լինելու։ Ինձ համար դա կարևոր էր։ Իհարկե, ժամը 1–ին գնացի աշխատանքի, բայց վերջին տարիներին եզակի դեպք էր, որ Նոր տարվա գիշերը տանն էի։ Այս տարի արդեն ժամը 23-ից աշխատանքի մեջ եմ լինելու»։
Երգիչն այս տարի Հայաստանում է լինելու։ Առաջին մեկնումը երկրից նախատեսվում է հունվարի 4–ին` 1 օրով կմեկնի կորպորատիվ միջոցառման։ Մյուս օրերը նա կանցկացնի հարազատների հետ։
Միհրանն Ամանորի օրերին պահում է տնետուն գնալու ավանդույթը։ Սա լավ առիթ է շփվելու այն մարդկանց հետ, որոնց սիրում է։
«Կան հարազատներ, ընկերներ, բարեկամներ, որոնց տուն պարտադիր գնում եմ։ Կարծում եմ, եթե երկրում ես մնում, պետք է պահես այդ ավանդույթը։ Ես հիմնականում գնում եմ այն մարդկանց տուն, ում սրտանց ու մեծ հաճույքով եմ ուզում այցելել։ Լինում է մի երկու տեղ, որ պարտադիր են, մյուսներն իմ ընտրությունն են»,– ասաց երգիչը։
Ամփոփելով 2018–ը` Միհրանն ասաց, որ այն իր համար լավ տարի էր։ «2018–ը լի էր աշխատանքով։ Աշխատանքային, համերգային ձեռքբերումներ շատ են եղել, իսկ 2019–ին, կարծում եմ, անձնական կյանքումս փոփոխություն կլինի»,– ասաց երգիչը, իսկ հստակեցմանը ընտրյալ ունի՞, թե՞ ակնկալում է 2019–ին գտնել իր երկրորդ կեսին պատասխանել զգուշացավ։ Երգիչն առայժմ չբացահայտեց պատասխանը, բայց խոստացավ առաջինը Tert.am Life–ին պատմել այդ մասին։
Ամանորի գիշերը շատերը երազանք են մտապահում։ Միհրանը չի դադարում երազել և փորձել իրականացնել իր երազանքները։
«Ես փորձում եմ իրականացնել իմ երազանքները։ Փառք Աստծո, դրանք հիմնականում կատարվում են։ Հիմա հիշում եմ` ինչեր եմ երազել ու հասկանում եմ, որ հիմնականում հասել եմ դրանց։ Ես չեմ ուզում երազանքներս անվանել նպատակ։ Հուսով եմ` 2019–ն էլ լավ տարի կլինի, որի ընթացքում երազանքներիցս գոնե մեկը իրականացնեմ»,– եզրափակեց երգիչը։
Աղբյուրը՝ tert.am