«Հիասթափվել եմ ինձ մտերիմ շատ մարդկանցից». Լիլիթ Կարապետյանն անկեղծանում է

90-ականներին Լիլիթին շատերը համարում էին սեքսուալության ու կանացիության խորհրդանիշ, որն աչքի էր ընկնում իր համարձակ կերպարներով: Երգչուհին իրեն բնորոշում է որպես չափազանց բարի, ալարկոտ մարդու: Լիլիթն անկեղծանում է՝ վերջին երկու տարվա ընթացքում շատ մտերիմ մարդկանցից է հիասթափվել: Իր ամենամեծ թերությունը համարում է չափից դուրս զգացմունքային լինելը, իսկ դժվարին իրավիճակներում խաղաղությունը վերագտնել օգնում է որդին՝ Կարենը:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Բարի լինելը: Ընկերներս էլ միշտ դա են շեշտում ու նույնիսկ նախատելով են ասում, որ ես տեղի–անտեղի բարություն եմ դրսևորում: Դա իսկապես իմ մեջ շատ է, նույնիսկ պահեր են լինում, որ ինքս հասկանում եմ՝ դրա կարիքն էլ չկա:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Չափից շատ զգացմունքային լինելս: Միշտ եմ այդպիսին եղել, բայց հիմա` առավել: Դա ես համարում եմ թերություն, որն ինձ խանգարում է: Զգացմունքայնության պատճառով չեմ կարողանում ճիշտ որոշումներ կայացնել:

-Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։

-Չար մարդկանցից լրջորեն վախենում եմ: Չար մարդիկ կյանքում չեն շտկվում, ինչպիսի մարդկանց հետ էլ շփվեն, ինչպիսի շրջապատ էլ ընկնեն:

-Ի՞նչ հատկությամբ  կուզեիք  օժտված լինել։

-Բնավորությամբ փոքր-ինչ ալարկոտ եմ: Շատ ընդունակ եմ, բայց եթե այդ ընդունակության հետ նաև աշխատասեր լինեի, հաստատ շատ ավելի մեծ բաների կհասնեի, ավելի վաղ կիրականացնեի այն, ինչ մտածում էի: Ալարկոտությանս հաշվին ձգվում է ժամանակը:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Շատ կուզեի բիոտոկերս զարգացած լինեին: Վերջերս մի կնոջ մասին իմացա, որը կարողանում է այդ կերպ մարդկանց բուժել: Կուզեի ես էլ այդ հատկությամբ օժտված լինել և բուժել մարդկանց:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

-Ստախոսությունը, որը տանել չեմ կարողանում։ Զայրացնում է նաև այն, որ հաջողության հասնելու համար, մարդիկ պատրաստ են, մեղմ ասած, հաճոյանալ բոլորին, այսինքն ամեն ինչի պատրաստ են, միայն թե իրենց երազանքը և այդ պահի ցանկությունը կատարվի:

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

-Հաճախ չեմ մնում մենակ: Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մենակ մնալ, բայց ինձ մտերիմ շատ մարդիկ խենթանում են դրա համար և մի քիչ ավելի մարդաշատ միջավայրում հայտնվելիս՝ իրենց լավ չեն զգում: Մենակ մնալու դեպքում այնքան մտածելու բան ունեմ, որ պատկերացրեք, հերթ է գոյանում ուղեղումս: Եղբորս մասին եմ շատ մտածում: Անկեղծ կլինեմ, երբ մենակ եմ մնում, լավ բաների մասին չեմ կարողանում մտածել: Ավելի շատ տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին, ինչ կարող էր լինել, եթե ամեն բան այլ կերպ դասավորվեր, լավ առումով էլ ընկնում եմ երազանքների գիրկը:

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

-Ես չափից շատ համբերատար եմ, բայց եթե մեկից հիասթափվեցի, չեմ կարողանում վերականգնել նախկին հարաբերություններս: Դա արդեն լինում է ճակատագրական: Եթե ես հիասթափվեցի, լուռ հեռանում եմ ու այլևս չեմ շփվում տվյալ մարդու հետ: Մարդկանց հետ կռվել, առհասարակ, չեմ սիրում, շատ ավելի խաղաղասեր եմ: Կռվի ժամանակ ես աշխատում եմ հաշտության եզրեր գտնել, որ մարդիկ անխնա չվիրավորեն իրար: Տանել չեմ կարողանում անտակտ մարդկանց: Ես կարծում եմ, որ ամեն պարագայում, մարդը այնպես պետք է շփվի դիմացինի հետ, ինչպես կցանկանա իրեն վերաբերվեն: Ամեն ինչին կարող եմ համբերել, բայց կեղտոտ խոսքը տանել չեմ կարողանում: Զարմանում եմ՝ ինչպես կարող են երբեմնի մտերիմ ընկերներն իրար հետ վիճել ու վիրավորել միմյանց:

-Ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

-Տղաս է: Ցանկացած պարագայում, երբ նրա մասին մտածում եմ կամ այդ պահին հանկարծ ինքը հայտնվում է իմ առաջ, ես խենթանում եմ: Նրա դեմքը, որ տեսնեմ, հաստատ ցանկացած իրավիճակում իմ մեջ ամեն ինչ կփոխվի և կարծում եմ՝ բոլոր մայրերի մոտ այդպես է:

-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։  Հասցրե՞լ  եք ունենալ խորը հիասթափություն։

-Ճիշտն ասած, վերջին երկու տարվա ընթացքում անչափ հիասթափվել եմ ինձ մտերիմ մարդկանցից, բայց ես ավելի շատ փորձում եմ դրա մեջ իմ մեղավորությունը գտնել: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնցից հիասթափվել եմ: Ես ինձ եմ մեղադրում, որ սկսել եմ սխալ մարդկանց հետ շփվել ու նրանց ինձ մտերիմ եմ համարել: Իրենք մեղք չունեն, երևի միշտ էլ այդպիսին են եղել, ուղղակի ես եմ իրենց այլ աչքերով նայել և ընտրել եմ ընկերներ: Եթե մարդուն համարեցի ինձ ընկեր, շատ եմ նվիրվում ու տրվում նրան: Ամեն պարագայում նա ինձ համար ուրիշ է, այդ պատճառով էլ հիասթափությունս էլ արդեն խորն է լինում: Այս ընթացքում ես սկսեցի ավելի զգույշ շփվել ու ամեն մեկին ինձ մտերիմ չհամարել:

-Ափսոսանքի զգացողություն  հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:

-Ափսոսել եմ շատ բաների համար, որոնք կոնկրետ մեր ընտանիքի, իմ ու եղբորս համար շատ ճակատագրական կլինեին: Բազմաթիվ քայլեր են եղել, որոնց համար շատ եմ ափսոսել: Ափսոսել եմ չասված խոսքերի համար լավ առումով: Երազում եմ մի անգամ էլ ես ապրեի կյանքի այդ պահը, հակառակն անել, որպեսզի ամեն անգամ ափսոսանքով չմտածեի այդ մասին:

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

-Առաջնահերթ որդիս, հետո նաև գեղեցիկ միջավայրն ու տեսարանը:

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

-Բարդ հարց է: Երևի հենց այն կարգախոսը, որ դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես որ կցանկանայիր վարվեին քեզ հետ: Այսինքն ամեն մարդ իր ցանկացած քայլում, եթե սա մի պահ իր մտքով անցկացնի, հաստատ սխալներ չի անի ու դիմացինին ցավ չի պատճառի: Նույնը և մեր քաղաքականության մեջ է: Պիտի մտածես, եթե դու քաղաքական գործիչ չլինեիր, այլ հասարակ ժողովրդից մեկը լինեիր, դու ի՞նչ կուզենայիր այդ ժամանակ ու որոշումներդ կայացնես այնպես, որ մարդկանց դուր գա ոչ թե քեզ հարմար լինի:

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

-Այդ կարգախոսը իմ կյանքում միշտ է եղել: Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց, չգիտեմ ինչու, ես դրա մեջ բարություն բառն եմ դնում: Երբ գեղեցիկ աղջիկ եմ  տեսնում, իհարկե նաև այդ միտքն եմ առաջ քաշում, բայց միևնույն է` ես գիտեմ, որ հենց բարությունը կփրկի մեր աշխարհը ամեն պարագայում:

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

-Իհարկե ունեմ: Դրամապանակիս մեջ եղբորս ու որդուս նկարներն են, նաև փոքրիկ աղոթագիրք ունեմ: Դրանք անպայման միշտ ինձ հետ եմ վերցնում, եթե պայուսակս էլ փոխեմ: Որդուս մեջ, բնավորության առումով եղբորս հետ նմանություն չեմ տեսնում: Այսօրվա երեխաներն ամեն մեկն իրեն է նման, բայց կոնկրետ երաժշտական առումով տեսնում եմ նմանություն: Տղաս շատ լավ լսողություն ունի, գեղեցիկ երգում է և չգիտես ինչու՝ ինձ թվում է` երբ մեծանա,  ինքն էլ է այդ ասպարեզն ընտրելու:

Աղբյուրը՝ life.tert.am