Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում են ներառված հանրության կողմից հայտնի և բարձր վարկանիշ ունեցող մի շարք անձինք։ ՔՊ ցուցակում են, օրինակ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը։
Primenews.am-ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանն ասաց, որ իր սիրտն այնքան է ցավում իր քաղաքի համար, որ նույնիսկ եթե իր երգարվեստը տուժի քաղաքական գործունեությունից, ինքը պատրաստ է։ «
Չնայած հիմա այնպիսի կարևոր գործ եմ անում, որ դա էլ է շատ կարևոր։ Հանրային ռադիոյի արխիվի տնօրենն եմ և այս պահին մենք արխիվն ենք թվայնացնում և դարձնում հանրային, որպեսզի սեպտեմբերի կեսերին մարդիկ կարողանան մտնել և անվճար լսել մեր ոսկյա արխիվի գանձերը։ Այնքան մեծ է իմ սերը դեպի Երևանը, երևի ընտանիքիցս հետո իմ Երևանն եմ շատ սիրում»- ասաց երգիչը։
Արթուր Իսպիրյանի խոսքով՝ ինքը երբեք ավագանու անդամ չի եղել, բայց սերը դեպի Երևանը շատ մեծ է և ինքը շատ ուշադիր է քաղաքի հանդեպ։ Անգամ մի հաստափոր գիրք ունի գրած Երևանի խնդիրների մասին և եթե ընտրվի ավագանու անդամ՝ անպայման դրանք առաջ է քաշելու։
«Նախկինում էլ առաջադրվել էի «Ժառանգություն» կուսակցությունից ավագանու անդամ, ցուցակում 8-ն էի, չընտրվեցի, բայց միշտ էլ ուզել եմ մասնակցել այս գործընթացներին։ Ես այն ժամանակ էլ առաջարկել էի ավագանու անդամներին, որ իրենք չեն քայլում քաղաքում։ Իրենց ինչ որ մեկն ասում է ինչ որ բան՝ նոր իրենք գլխի են ընկնում։ Իրենք պետք է խմբով առավոտից երեկո քայլեն, զրուցեն տարբեր համայնքներում բնակիչներրի հետ։ Երևանը մենակ փոքր կենտրոնը չի, քաղաքի բոլոր ծայրամասերն են։ Այնպիսի այնթույլատրելի բաներ է կատարվում, օրինակ քաղաքաշինության ասպարեզում։ Խայտառակ վթարային վիճակ է տիրում մեր քաղաքում, էսթետիկական առումով դիզայներներին պետք է փոխել և կարգին դիզայներ պետք է ունենա մեր քաղաքը։ Այսպիսի խայտառակ գովազդային պաստառները, որտեղ պատահի անկյուններում դրված փոքրիկ ինչ որ կրպակներ, ինչ որ զոնտիկներ, սուրճի ապարատներ։ Աշխարհում ոչ մի տեղ չկա, բացի հետամնաց երկրներից։ Իսկ մեր քաղաքը պատմություն ունի, մեր քաղաքը զարկերակ ունի, չի կարելի այդպես վերաբերվել։ Հետո, ինչ արվում է պետք է հեռանկարային արվի։ Այս նստարանները, որ կան՝ փայտն անորակ է, որովհետև հեռանկարով չեն արել, այլ մտածել են՝ մյուս տարի կփչանա, նորից փող դուրս կգրենք կվերանորոգենք։ Պետք է բյուջեն կոպեկ առ կոպեկ ճիշտ ուղղորդված լինի»,- ասաց Իսպիրյանը։
Հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեր քաղաքական գործունեությունը հնարավոր է միանշանակ չընդունվի հանրության կողմից, ինչպես դա տեղի ունեցավ ձեր գործընկերուհու՝ Շուշան Պետրոսյանի դեպքում, Արթուր Իսպրիյանն ասաց․
«Այդ մասին չեմ էլ ուզում խոսել։ Մենք տարբեր մտածելակերպ ունենք քաղաքականության մեջ։ Մեզ մի բան է կապում՝ լավ երաժշտությունը միայն։ Ճիշտ է շփում չկա հիմա, բայց միակ բանը որ մեզ կապում է դա երաժշտությունն է, ուրիշ բանի մասին չենք էլ խոսում, չենք էլ շփվում։ Մեզ կապում է նաև երիտասարդական տարիների հիշողությունները, երբ մենք միասին գեղեցիկ ժամանակ ենք անցկացրել թե երգի պետական թատրոնում, թե 1988 թվականին, երբ շարժումը նոր էր սկսել՝ նստացույցի ժամանակ, բայց հիմա տենց շփում չկա»,- անկեղծացավ երգիչը։
Աղբյուրը՝ Primenews.am