Դերասանուհի Եվա Բաղդասարյանը օրերս է վերադարձել Եգիպտոսից, որտեղ անցկացրել է ամառային հանգիստը: Եվան այս տարի նախընտրել է մտերիմ ընկերուհիների հետ հանգստանալ: Դերասանուհին պատմել է անցկացրած օրերի, տպավորությունների մասին, ինչպես նաև խոսել գործնական նոր առաջարկի մասին:
Եվան նշեց, որ ի սկզբանե այս ամռան համար ընտրել էր Եգիպտոսում հանգիստն անցկացնելու տարբերկաը: Նա ասաց, որ առաջին անգամ է եղել այդ երկրում և վերադարձել է տպավորված ու դրական լիցքերով: Եվան մտերիմ ընկերուհիների հետ 12 օր իր հանգիստն է վայելել Հուրգադայում:
«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռուն գնում: Մեր հետաքրքրությունները հիմնականում նույնն են, իհարկե լինում էին որոշակի տարբեր նախընտրոթյուններ, բայց դա մեզ չխանգարեց լիարժեք հանգիստ անցկացնել: Ամբողջությամբ կարողացանք վայելել Կարմիր ծովը, արևն ու գեղեցիկ արևայրուք ստացանք»,-ասաց Եվան:
Դերասանուհիննշեց, որ հասցրել են օգտվել տարատեսակ զվարճանքներից, եղել անապատում, փորձել ջրային դայվինգը: Վերջինը՝ Եվային, հատկապես, տպավորել է. «Ես փոքրուց երազել եմ հայտնվել ծովի հատակում, լողալ ձկների հետ: Դա ինձ համար երազանք էր, որ իրականացրի: Սուզվել եմ ջրի հատակում ու տեսել այնտեղի հրաշքները: Իսկապես բոլորովին ուրիշ աշխարհ էր այնտեղ: Նաև թռիչք եմ կատարել շատ բարձր տեղից դեպի ծովը: Բոլորը հարցնում էին՝ չե՞ս վախենում: Ես էքստրիմի սիրահար եմ և կարողացա մաքսիմալ օգտվել էքստրեմալ զվարճանքներից»:
Եվայի խոսքով, Եգիպտոսում իրեն հատկապես գրավել է տեղացիների հյուրընկալ վերաբերմունքը, իսկ ահա խոհանոցը դերասանուհին այդքան էլ չի հավանել. «Համեղ ճաշատեսակներ կային, բայց այնքան համեմունքներ էին ավելացնում, որ չէիր հասկանում՝ ինչ ես ուտում: Ինձ համար հայկական խոհանոցն անփոխարինելի է :): Տպավորված եմ տեղացիների վերաբերմունքից: Քեզ այնպես էին ընդունում կարծես իրենց հարազատը լինես: Բոլորը ժպտում էին, անգամ երբ շրջում էի խանութներով, նվերներ էին տալիս: Հարցնում էին՝ ազգությամ ո՞վ եմ , ասում էի Արմենիա, բայց չէին ըմբռնում, ասում էին Ալբանի՞ա: Ես չէի զլանում ու նրանց հասկացնում մեր երկրի անունը»:
Եվան նշեց, որ Եգիպտոսից իր հետ արձանիկների տեսքով հուշանվերներ է բերել, ինչպես նաև արաբական ոճի զգեստներ: Ի դեպ, դերասանուհին նաև արաբական ոճի գլխազարդով լուսանկարներ է արել, որոնք Եվայի խոսքով, դրական արձագանքներ են ստացել:
«Լուսանկարվել սիրում եմ, բայց այնտեղ հանգստի վերջին երկու օրերին եմ լուսանկարներ արել: Դրանցից մեկում Կլեոպատրայի կերպարով էի հանդես եկել, որը շատերը հավանեցին: Իսկ ընդհանուր առմամբ, այդ օրերին հեռախոսս անջատել էի, կտրվել համացանցից, որպեսզի լիարժեք հանգստանամ»,-ասաց նա:
Դերասանուհին նշեց, որ իր ամառային հանգիստն այսքանով չի սահմանափակվի: Նա մտադիր է ծովափնյա հանգիստը շարունակել, հավանաբար, Վրաստանում. «Քանի որ պետք է անցնեմ բուռն աշխատանքային գրաֆիկի, հանգստիս ժամանակը ուզում եմ լիարժեք օգտագործել,-ասաց Եվան և ավելացրեց, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել,- Ռեժիսորը դեռ Հայաստանում չէ: Սպասում եմ վերադառնա և քննարկենք մնացած մանրամասները: Դեռ պետք է փորձնական վիդեոնկարահանում անցնեմ և հետո միայն հաստատվի իմ դերակատարումը: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց ինձ կտեսնեն բոլորովին նոր կերպարում»,-եզրափակեց դերասանուհին:
Աղբյուրը՝ life.tert.am