Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Սիսիան Սեփանյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում:
– Սիսիան, «Էլենի օրագիրը» քեզ մեծ ճանաչում տվեց: Այդ ճանաչումը քեզ ի՞նչ բերեց: Եթե համեմատես կյանքդ առաջվա հետ, ի՞նչ է փոխվել, թե՛ քո մեջ, թե՛ շրջապատում:
– Առանձնապես էական ոչինչ չի փոխվել, որովհետեւ նպատակն ի սկզբանե ճանաչվածությունը չի եղել. քանի որ ես երբեք դրան չեմ ձգտել, ճանաչումը ոչնչով չէր կարող փոխել ինձ: Իհարկե, հաճելի է լինել սիրված ու գնահատված՝ արված աշխատանքին ի պատասխան, բայց մարդկային որակներս ու բարոյական սկզբունքներս անխախտ են մնացել:
– Գիտեմ, որ դերասանական արվեստը քեզ համար դեռ մանկուց երազած ոլորտ է: Հիմա, երբ դրա մեջ ես, պատկերացումներդ իրականությանը մո՞տ են:
– Քանի որ ես Իրանում եմ ծնվել, մեծացել եւ այնտեղի ֆիլմարտադրությունն եմ մանկուց տեսել, պատկերացումներս մի քիչ այլ են. կինոմատոգրաֆիայի առումով մեր երկիրը զիջում է հարեւան երկրներին եւ ոչ միայն, բայց ամեն ինչ դեռ առջևում է, չենք հուսահատվում:
– Սիսիան, մեր երկրում երբեմն դերասանի մասնագիտությունը սկսվում եւ ավարտվում էսերիալով: Բայց, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, այլ ոչ թե պարզապեսհայտնիությունը, ապա փորձում է ավելիին հասնել: Ուզում եմ հասկանալ, ինչի՞ եսձգտում դու:
– Արդեն նշեցի` հանրաճանաչությունը մեր գործի միայն մի մասնիկն է, բայց ոչ գլխավոր նպատակը, գոնե ինձ համար։ Եթե դա է դերասանի նպատակը, նա կործանված է։ Ես ձգտում եմ հնարավորինս աճել իմ մասնագիտական հմտությունների մեջ, աշխատում եմ ինձ վրա եւ վստահ եմ` երբեք չեմ դադարի ինքնակրթվել: Դերասանը միշտ պետք է դինամիկայի, ընթացքի մեջ լինի: Այն պահին, երբ նա դադարի աշխատել ինքն իր վրա, կարիերան ավարտված է։
– Կարծում եմ՝ ցանկացած դերասան իր մտքերում ունի կոնկրետ կերպարներ, որերազում էի մի օր դրանց մարմնավորելու առաջարկի մասին: Ի՞նչ կերպարովկցանկանայիր ապագայում հանդես գալ:
– Չկա կոնկրետ ինչ-որ մի կերպար, որը ամենից շատ կցանկանայի մարմնավորել։ Յուրաքանչյուր կերպար ինձ համար հետաքրքիր է։ Դերասանի համար պետք է բացարձակ ժխտելի կերպար չլինի, քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր ասելիքը: Դերասանի գործը այդ ասելիքը գտնելն ու ամենակարեւորը` այն ճիշտ կերպով մատուցելն է։
– Սիսիան, քո գնահատմամբ՝ ի՞նչ է այսօր պակասում հայկական սերիալներին:
– Ամենամեծ խնդիրը ժամանակի սղությունն է, որը անդրադառնում է ընդանուր որակի վրա։ Քանի որ բուն նկարահանման պրոցեսը շատ արագ է արվում, սցենարն էլ գրվում է նույն արագությամբ, որակը տուժում է արդյունքում:
– Քեզ միայն կինոմատոգրաֆիա՞ն է հետաքրքրում, թե նաեւ թատրոնն ես սիրում: Հնարավո՞ր է, որ մի օր էլ քեզ բեմում տեսնենք:
– Թատրոնը դերասանի տարերքն է, առանց, որի նա երկար չի կարող դիմանալ։ Հիմա երկու ներկայացման մեջ եմ ներգրավված, որոնց առաջին ցուցադրումը կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում։
– Սիսիան, շատ դերասաններ կատեգորիկ դեմ են, որ իրենց ընտրյալը լինի այս ոլորտից: Հետաքրքիր է՝ քո վերաբերմունքն այդ առումով:
– Իմ վերաբերմունքը դրական է: Գուցե շատ ավելի հեշտ հասկանանք մեկս մյուսին` նույն աշխարհի մարդիկ լինելով:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am