Լյուսին այս տարի ևս հայտ էր ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ»–ին. նա և ամուսինը` մեծ ծախսերի պատճառով հայտը հետ վերցնելու մասին

Եվրատեսիլյան կրքերը տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկն են։ «Եվրատեսիլ 2018»–ի հայ պատվիրակը` Սևակ Խանաղյանը, ընտրվեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի միջոցով։ Պարզվում է, այս տարի մրցույթին մասնակցելու մտադրություն է ունեցել նաև երգչուհի Լյուսին, ով նախորդ տարի մի քանի փուլ հաղթահարելուց հետո դուրս մնաց նախագծից, սակայն ավելի ուշ փոշմանել է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ նա հայտ էր ներկայացրել, ապա  հետ վերցրել իր հայտը, քանի որ իր որոշած բեմադրությունը բավականին մեծ ծախսերի հետ էր պայմանավորված։

Tert.am Life–ը զրուցել է Լյուսիի և նրա  պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանի հետ։ Նրանցից հետաքրքրվեցինք, արդյոք որոշումը փոխել են վերցրել` հաշվի առնելով ռիսկը, որ հնարավոր է մեծ ծախսեր անեին, սակայն չհաղթեին նախագծում։  «Պատճառը ոչ թե ռիսկն էր, այլ այն, որ մեր մտածած բեմադրությունը շատ մեծ ծախսերի հետ էր կապված։ Այն իրականացնելու հնարավորություն կար, սակայն ֆինանսական մեծ ծախսերի հետ էր կապված։  Դա չէր լինելու, որոշեցինք չմասնակցել»,– ասաց Արամայիսը։

Լյուսին երկրորդ անգամ է ցանկանում Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլին»։ Նրանից հետաքրքրվեցինք, արդյոք այն համարում է ամենակարևոր մրցույթներից մեկը։ «Կարծում եմ` յուրաքանչյուր երգչուհի ցանկանում է իր Հայաստանը ներկայացնել  յուրաքանչյուր մրցույթի։ Ես նույնպես։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ երգչուհին ներկայանա շատ լավ։ Եթե պետք է պարզապես ներկայանա, ավելի լավ է չներկայանա,– ասաց Լյուսին ու հավելեց, որ բացարձակ նեղացած չէ, որ նախորդ տարի մրցույթի կեսից դուրս մնաց պայքարից։ –Մրցույթում կարևորն այն է, որ պատրաստ լինես ամեն ինչի` և՛ հաղթանակի, և՛ պարտության»։

Իր լսարանին Լյուսին խոստանում է շուտով ներկայանալ նոր աշխատանքով, որի մանրամասները  բացահայտել ամուսինները դեռևս չեն ցանկանում։ Լյուսին այն երգչուհիներից չէ, ով տարվա ընթացքում մի քանի նորություն է ներկայացնում։ Ասում է` նոր աշխատանքն ինքնանպատակ չպիտի լինի։ «Նորությամբ հանդես գալը կախված է նրանից, թե ինչ ասելիք ունենք։ Չենք ուզում այնպիսի աշխատանք ներկայացնել, որով ուղղակի բաց կլրացնենք»,– նկատեց Արամայիսը։

Աղբյուրը՝ life.tert.am