«Երեխաներս իրարից շատ տարբեր են».Նարինե Պետրոսյանը՝ երիտասարդ տարիքում մայրանալու, բազմազավակ մայր լինելու ու ընտանիքի մասին

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մայրության բերկրանքն առաջին անգամ ապրել է 22 տարեկանում: Դերասանուհին  կարծում է, որ կնոջ իրական առաքելությունը կյանք պարգևելն է ու երեխաների ծննդով շարունակություն ապահովելը:

Երեք երեխաների մայրիկը Tert.am Life-ի հետ խոսել է առաջին անգամ մայրանալու զգացողության, երեք աղջիկների մայր լինելու հաճելի ու պատասխանատու կարգավիճակի և ընտանիքում սիրո ու ջերմության մթնոլորտ պահելու շուրջ:

Դերասանուհին վստահեցնում է, որ երեք երեխաների ծնվելիս էլ նույն բերկրանքը, քնքշությունն ու հրճվանքն է ապրել։ Նա կարծում է, որ կնոջ համար շատ կարևոր է, թե որ տարիքում է մայրանում: «Կարծում եմ` մի բան է, երբ, օրինակ, 40 տարեկանում ես առաջին անգամ մայրանում, այլ բան է, երբ 20 տարեկանում ես զգում այդ բերկրանքը:

20 տարեկանում շատ անփորձ ես։ Չնայած բնազդները գործում են ու կարողանում ես այդ տարիքում էլ երեխային պաշտպանել, խնամել, ամեն դեպքում, երիտասարդական ավյունը քո մեջ շատ է, ամբողջովին չես գիտակցում երեխայի գոյությունը քո կյանքում: Իմ դեպքում մոտավորապես այդպես էլ եղավ: Երրորդ երեխաս քույրիկներից փոքր է մոտ 7-8 տարի ու այդ իմաստով զգացողություններս, իսկապես, տարբեր էին»,-ասաց Նարինեն:

Դերասանուհու ավագ դուստրը՝ Անին, ամռանը կդառնա արդեն 10 տարեկան, միջնեկ աղջիկը՝ Աէլիտան, 7 տարեկան է, իսկ փոքրիկը՝ Ադելը` 2: Նարինեն պատմեց, որ առաջին երեխային անվանակոչել են ամուսնու՝ Վահագնի նախընտրած  անունով, երկրորդին` իր։ Աէլիտա անունով դուստր ունենալը Նարինեի վաղեմի երազանքն է եղել` սկսած դպրոցական տարիներից, երբ հանձնարարել են կարդալ Տոլստոյի «Աէլիտա» ստեղծագործությունը:

«Տիեզերական աղջնակի մասին ստեղծագործությամբ շատ ոգևորված էի ու  միշտ մտածում էի, երբ աղջիկ ունենամ, կանվանակոչեմ Աէլիտա: Երբ երկրորդ հղիությանս ընթացքում պարզ դարձավ, որ երկրորդ բալիկն էլ է աղջիկ լինելու, հասկացա՝ ուրեմն այդպես պետք է լիներ, որ իմ երազած Աէլիտան ծնվեր: Երրորդ երեխայի  դեպքում մենք արդեն խուճապի մեջ էինք՝ չգիտեինք ինչ անուն ընտրել: Այդ տարի երգչուհի Ադելի Hello երգն էր շատ հայտնի, ամուսնուս հետ նստած էինք, երբ տեսահոլովակը ցուցադրեցին, ամուսինս ասաց՝ միգուցե Ադե՞լ դնենք երեխայի անունը։ Ասացի` վատ անուն չէ: Այդ խոսակցությունն անցավ։ Երբ եկավ երեխայի ծնվելու պահը, կամուկացի մեջ էինք` ի՞նչ ընտրել, կես կատակ, կես լուրջ ասում էինք` Աղջիկ համար 3։), քանի որ անունը դեռ չկար: Հիվանդանոցից դուրս գրվելիս հասկացանք, որ այդքան անունների մեջ Ադելն ամենից շատն է մեզ դուր եկել։ Կարծում եմ` այդ անունը կրող աղջիկը պիտի շատ հետաքրքիր անհատականություն լինի»,- նշեց  Նարինեն:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` ինքն ու ամուսինը չե՞ն մտածում արու զավակ ունենալու մասին։ «Մոտ ժամանակներս չեմ պլանավորում: Ինձ թվում է` այսքանը բավական է: Շատ ուրախ եմ, երջանիկ եմ ու փորձում եմ ամեն ինչ անել երեք երեխաներիս իմ պատկերացրած ձևով դաստիարակելու, կրթություն տալու, արժանի մարդ և երկիր մոլորակի համար արժանի քաղաքացի դարձնելու համար»,-ասաց նա ու հավելեց, որ դուստրերը եղբայր ունենալու խնդրանքով երբևէ չեն դիմել իրենց: Դերասանուհու խոսքով` աղջիկները շատ գոհ են իրենց իրականությունից, իսկ եղբայրներ շատ ունեն` աղջիկները մտերիմ են իրենց զարմիկների հետ:

Երեխաների դաստիարակության հարցում դերասանուհին ամենից շատ կարևորում է նրանց մեջ պատասխանատվության զգացումը զարգացնելը: «Ամեն երեխա ծնվում է իր բնավորությամբ, խառնվածքով ու տեսակով: Մենք կարող ենք ուղղակի ինչ-որ բաներ հղկել, ճիշտ ուղղորդել։ Ես, ունենալով երեք երեխա, տեսնում եմ, թե մեծը, միջնեկն ու փոքրը որքան են տարբերվում իրարից: Իհարկե, կան ընդհանուր հատկություններ, որ  նույնն են, բայց բնավորության, խառնվածքի, ձգտումների առումով շատ տարբեր են: Ես փորձում եմ իրենց համար ստեղծել այնպիսի դաշտ, որ գտնեն սեփական հետաքրքրությունը, այդ իսկ պատճառով իրենք տարբեր խմբակների են հաճախում՝ նկարչություն, գեղարվեստական մարմնամարզություն և այլն: Օրինակ՝ Անին դաշնամուրի է  գնում, ինչն իրեն շատ է դուր գալիս: Երեխայի համար պետք է ստեղծես ընտրության հնարավորություն, հասկանաս, որն է ինքը նախընտրում ու թույլ տաս գնալ այն ճանապարհով, որով ուզում է»,-ասաց նա:

Դերասանական շնորհք Նարինեն ամենից շատ նկատում է  փոքր աղջկա՝ Ադելի մեջ, թեև նշում է, որ այդ տարիքում, գրեթե, բոլոր երեխաներն էլ ունենում են նմանատիպ դրսևորումներ, քանի որ անկեղծ են ու ակտիվ: Դերասանուհին դժվարացավ առանձնացնել որևէ հարց, որ աղջիկներն իրեն ուղղել են այս ընթացքում՝ նշելով, որ հարցերն ու «ինչու»-ները, իսկապես, շատ են: Դրանց պատասխանները տրվում են մայր ու աղջիկներ մտերմիկ զրույցների ընթացքում, որոնք պարբերաբար լինում են իրենց ընտանիքում:  «Գիշերը, երբ իրենք պառկում են քնելու, շատ ենք սիրում քննարկել օրվա իրադարձությունները, իրենց պարապմունքների, հարաբերությունների հետ կապված հարցերը, որպեսզի մեկը մյուսին չնեղացնեն»,-ասաց Նարինեն:

Մայրիկը նշեց, որ աղջիկներն ունենում են թեթև վեճեր, որոնք լինում են յուրաքանչյուր ընտանիքում, սակայն մայրիկի համար նվեր պատրաստելիս միասնական են։ Լինի ծննդյան օր, մարտի 8, թե ապրիլի 7, նրանք գեղեցիկ անակնկալ են մատուցում` իրենց ձեռքով պատրաստված բացիկով, բանաստեղծությամբ արտահայտելով մայրիկի հանդեպ սերը:

Աղբյուրը՝ life.tert.am