Հոգեբաններն ասում են, որ հասուն մարդու խնդիրներն ու վախերը գալիս են վաղ մանկությունից, այդ շրջանում տարած հոգեկան տրավմաներից:
Հայտնի է, որ բազմաթիվ աստղեր, որոնք այժմ հաջողակ մարդու օրինակ են միլիոնավոր երկրպագուների համար, ծանր մանկություն են ունեցել: Այնուհանդերձ՝ նրանց հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտներն ու դառը փորձից ճիշտ դասեր քաղել:
Ստորև AdMe.ru-ն ներկայացրել է նման ճակատագրով մի քանի հայտնիների.
Շարլիզ Թերոն
Հարավային Աֆրիկայում ծնված դերասանուհին 15 տարեկանում ականատես է եղել մոր կողմից հոր սպանության դեպքին:
«Կարծում եմ, որ այդ դեպքը շատ է ազդել հասուն կյանքիս վրա: Փոքր ժամանակ ծանր էր ապրել հարբեցողի կողքին, արթնանալ՝ չիմանալով, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է օսկարակիր դերասանուհին:
Թոմ Կրուզ
Հոլիվուդյան աստղը պատմել է, որ շնորհակալ է ծանր մանկությանը՝ տված արժեքավոր փորձառության համար: Հայտնի Է, որ դերասանի հայրն անհարգալից էր վերաբերվում կնոջը: Բացի այդ, ընտանիքը շատ աղքատ էր: Նշվում է, որ Կրուզը 12 տարեկանից սկսած աշխատել է՝ ընտանիքին օգնելու համար:
Դեմի Մուր
Դերասանուհու խոսքով՝ փոքր ժամանակ իր ընտանիքը մշտական բնակության վայր չի ունեցել: Մուրը մանուկ ժամանակ փոխել է 30 քաղաք: Նրա մայրն ու խորթ հայրն անընդհատ հարբեցողությամբ են զբաղվել, սկանդալներ ու վեճեր սարքել: Արդյունքում՝ դերասանուհին 16 տարեկանում փախել է տնից:
Սելին Դիոն
Աշխարհահռչակ երգչուհին սերում է կարիքավոր բազմազավակ ընտանիքից: Հայտնի է, որ Դիոնն ընտանիքում 14-րդ երեխան է: Նա 5 տարեկանից երգել է ռեստորանում՝ ընտանիքին օգնելու համար:
Սառա Ջեսիկա Փարքեր
Դերասանուհին խոստովանել է, որ աղքատ մանկության պատճառով այդպես էլ չի կարողացել ձերբազատվել աղքատության հանդեպ ունեցած վախից: Նրա ընտանիքում եղել է 8 երեխա, ու գումարն ընդհանրապես չի բավականացրել: Փարքերն ամենից շատ վախենում էր ընտանիքին առանց սնունդ թողնելուց: Կինոկարիերա սկսելով՝ նա ավելի շատ ձգտել է հարստության, ոչ թե փառքի: Վեց տարեկանից Փարքերը գումար է վաստակում՝ զբաղվելով դերասանությամբ, իսկ դեռահաս ժամանակ որպես վաճառող է աշխատել:
Աղբյուրը՝ tert.am