ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում Հակոբ Հակոբյանը եւ Արմեն Հովհաննիսյանը արժանացան «Տարվա հայտնություն» տիտղոսին: Սա տղաների առաջին մրցանակն է, որը նրանց նոր ուժ է հաղորդել՝ ավելի շատ աշխատելու եւ արժանի մնալու իրենց նկատմամբ սիրուն:
Հակոբն ու Արմենը ճիշտ երկու տարի առաջ այս օրերին իրենց մեքենայում փոքրիկ հոլովակ նկարեցին «Ախպերս ու ես» երգի հիման վրա՝ այն նվիրելով արցախյան քառօրյա պատերազմում կռված հերոսներին: Հենց դրանով էլ սկիզբ դրվեց ընկերների համատեղ գործունեությանը, որը երկու տարի անց արդեն պետական մրցանակի արժանացավ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Հակոբը նշեց, որ ինքն ու Արմենը անչափ հուզված ու պարտավորված են իրենց զգում, որ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում «արժանացել են «Տարվա հայտնություն» կոչմանը:
«Անշուշտ, մեզ եւ յուրաքանչյուր արտիստի համար ամենակարեւորը ժողովրդի սերն է, բարձր ծափահարությունները եւ ջերմությունը, բայց, ինչ խոսք, շատ հաճելի է նաեւ որ նկատվում ես մասնագետների եւ Մշակույթի նախարարության կողմից եւս: Սա մեզ համար մեծ գնահատական ու հաջողություն էր, հիմա ասես նոր թափով ենք աշխատում, թեեւ, եթե անգամ չլիներ այս մրցանակը, միեւնույն է, ես ու Արմենը շարունակելու էինք մեր աշխատանքը եւ ամեն ինչ անելու էինք մեր հանդիսատեսի համար»,- նշեց Հակոբը՝ անկեղծանալով, որ մրցանակաբաշխությանը մասնակցելիս չեն պատկերացրել, որ մի շարք՝ շատ ավելի հայտնի անունների կողքին իրենց անունը կհնչի, միեւնույն ժամանակ, սրտի խորքում տղաների համար նաեւ սպասված է եղել այս ուշադրությունը:
Երկու տարի առաջ Հակոբին եւ Արմենին արցախյան պատերազմի իրադարձությունները բերեցին այն մտքին, որ միասին երգ ձայնագրեն եւ այն նվիրեն արցախյան հողերը պաշտպանող զինվորներին, հիմա արդեն սա տղաների համար սիրված աշխատանք է:
«Երկու տարի առաջ մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ մեքենայում նկարահանած մեր հոլովակը կարող է մեզ տանել այս ճանապարհով եւ բերել, հասցնել այս կետին: Հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ նախատեսված էր ի վերուստ: Մենք պետք է անցնեինք այս ճանապարհով եւ երկու տարի անց՝ նույն շրջանում դառնային «Տարվա հայտնություն» եւ այսքան սիրված լինեինք հանրության կողմից: Ինձ եւ Արմենի համար սա մեծ հաջողություն է, հիմա երբեմն անգամ չենք հավատում, որ այսքան հաջողակ ենք: Մենք շատ ենք մտածում, թե ինչպես ենք կարճ ժամանակում արժանանում մարդկանց ուշադրությանն ու սիրուն, եւ այդ հարցի շուրջ հավանաբար միայն մեկ պատասխան կա. Մենք ամեն ինչ շատ անկեղծ ու սիրով ենք անում, ամեն աշխատանքից հետո հավատում ենք, որ մարդիկ սիրելու են այն, այսինքն՝ մեր անկեղծությունն է մեզ հաջողություն բերում: Սա մեր աշխատանքը չէ, սա մեր ապրելակերպն է, որը սիրով ենք անում եւ ամեն մի փոքրիկ հաջողությունից շատ անկեղծ ենք ուրախանում»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը:
Տղաների ծրագրերը հասնում են մինչև 2021 թվական: Հակոբի խոսքով՝ ինքն ու Արմենը շատ անհամբեր են, ուզում են այդ բոլոր ծրագրերը մեկ ամսում իրականացնեն, բայց փորձում են ամեն ինչ հերթով ներկայացնել: Երգիչը նշեց, որ ինքն ու Արմենը անդադար մտածում են նորովի ներկայանալու մասին, այս պահին էլ զբաղված են նոր տեսահոլովակի աշխատանքներով.
«Շուտով կլինի ամառային, ծովային հետաքրքիր տեսահոլովակ՝ եվրոպական էլեմենտներով: Բայց մինչ այս՝ ապրիլի 7-ին, կներկայացնենք փոքրիկ հոլովակ՝ քրոջը նվիրված երգով: Գիտեք, մենք նախապես ներկայացնում ենք մեր երգերը եւ ժողովրդի արձագանքից ելնելով ենք կողմնորոշվում, թե որ երգերը տեսահոլովակով ներկայացնենք, իսկ դրանք, ըստ արձագանքների եւ ի ուրախություն մեզ, բավակաին շատ են»,- ժպիտով հավելեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am