«Արմենիա պրեմիումը» ապրիլի 7-ից կներկայացնի նոր՝ «Ավազե դղյակ» 25 մասից բաղկացած հեռուստասերիալը, որտեղ հանդես կգան դերասաններ Տիգրան Գասպարյանը, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Կարապետյանը, Անուշիկ Առաքելյանը, Անելիա Գուբրյանը, Վահագն Մարտիրոսյանը եւ այլք:
Այս նախագծի եւ իր կերպարի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Անուշիկ Առաքելյանի հետ:
Անուշիկին հաճախ չենք տեսնի հեռուստանախագծերում, իր խոսքով պատճառը մեկն է՝ ընտրում է այնպիսի նախագծեր, որոնք իր մարդկային եւ մասնագիտական սկզբունքներին չեն հակադրվում: «Ավազե դղյակը»-ը դրանցից մեկն էր:
«Ինձ հրավիրեց պրոդյուսեր Ռուբեն Արամյանը՝ նշելով, որ այս կերպարը հենց իմ մեջ է տեսնում: Նա ասաց, որ ուզում են ստանալ ուժեղ, հարուստ ընտանիքի կին, ով ամեն ինչ անում է, որ իր ընտանիքի երջանկությունը հանկարծ չկորչի: Ծանոթանալով սցենարին՝ ինձ գրավեց այն հանգամանքը, որ կար կերպարային անցնում, ինչը սովորաբար բացակայում է հայկական սերիալներում, որն էլ անդրադառնում է պրոֆեսիոնալ դերասանների հեղինակության վրա: Կերպարս ուժեղ, համարձակ եւ հարուստ կին լինեուց հետո դառնում է դժբախտ մայր, քանի որ կորցնում է իր երեխաներին: Հուսամ, որ ինձ հաջողվել է ճիշտ ներկայացնել կերպարային անցումը»,- պատմեց դերասանուհին:
Անուշիկը մարմնավորում է իրենից բավականին մեծ եւ տեսակով իր հետ կապ չունեցող կնոջ: Այս մասին խոսելիս՝ դերասանուհին նշեց.
«Սյուժեն զարգանում է երկու հեղինակավոր ընտանիքների շուրջ, որոնք թշնամիներ են, բայց նրանց երեխաները սիրահարվում են միմյանց: Ես խաղում եմ տարիքով կնոջ, ով մինչ իր ամուսնու դավաճանությունը, եղել է շատ սիրված, ուշադրության կենտրոնում, գնահատված իր ամուսնու կողմից: Նա գլամուր, հարուստ կին է, ով իր երեխաներին դաստիարակում էր իմ բոլոր սկզբունքներին ու պատկերացումներին հակառակ, ու ես անգամ սցենարը կարդալիս հաճախ էի ասում՝ աննորմալ է այս կինը: Անշուշտ դժվար է քեզնից տարիքով կնոջ խաղալ, ներկայացնել նրա հոգեվիճակը, իսկ գլամուր կնոջ՝ առավել եւս դժվար է ներկայացնել, եթե այդպիսին չես: Առհասարակ գլամուր հասկացությունը եւ բառը ես չեմ սիրում, ինձ համար գլամուր-շողացող պետք է լինես ներքուստ: Կարծում եմ՝ տարիքով կնոջ մարմնավորելու առաջարկը ստացել եմ նաեւ ձայնիս եւ կեցվածքիս շնորհիվ, թեեւ ռեժիսորը նշեց, որ կարող էր ինձ 20-40 տարեկանի դերեր վստահել, քանի որ արտաքինս թույլ է տալիս»:
Անուշիկը շեշտեց՝ իրական կյանքում հեռու է գլամուր կին լինելուց.
«Եթե կինը գեղեցիկ եւ հմայիչ է, դա ոչ մի երկար փեշի տակ չես թաքցնի, բայց ավելորդ անգամ բարեմասնություն ցուցադրելով եւս՝ անհետաքրքիր կդառնաս: Ես չեմ պատրաստվում մինչեւ վերջ ցույց տալ ունակություններս, ամեն մի նախագծի ժամանակ ես մի նոր հատկանիշ եմ բացահայտում հեռուստադիտողի համար, եւ կարծում եմ՝ ես դեռ շատ հատկանիշներ ունեմ, որ կարող եմ ներկայացնել»,- նկատեց նա:
Խոսելով դերասանական խմբի հետ աշխատանքի մասին՝ Անուշիկը պատմեց, որ իր հիմնական խաղընկերների հետ առաջին անգամն է աշխատել:
«Մի քանիսի հետ աշխատելու փորձ ունեի, բայց ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց աշխատել Լուիզա Ղամբարյանի եւ Արթուր Կարապետյանի հետ, ով ամուսնուս կերպարում էր: Նրանցից միայն հաճելի խոսքեր եմ լսել, ինչի համար ես շատ ուրախ եմ: Գիտեք, շատ կարեւոր է, որ լավ խաղընկեր ունենաս, որպեսզի նա պատրաստ լինի առանց հոգնելու քեզ փոխացի ճիշտ էներգիա, որպեսզի դու էլ ճիշտ կառուցես խաղդ: Խիստ կարեւոր է, որ դերասանների միջեւ լինի փոխադարձ հարգանք: Ի դեպ՝ ուզում եմ շեշտել, որ շատ ուրախ եմ այն փաստի համար, որ այստեղ հիմնականում պրոֆեսիոնալ դերասաններ էին հավաքված: Ռեժիսորները եւս ամեն ինչ անում էին, որպեսզի լավ արդյունք ապահովեն: Գիտեք, այստեղ մի հաճելի բան եմ նկատել, որը քիչ է պատահում հայկական սերիալներում. Ողջ թիմը միտված էր հաջող, որակյալ եւ ստացված նախագիծ ստեղծելուն: Այստեղ շատ էր կարեւորվում, որ կադրերը լինեն էսթեթ, քանի որ այսօր հայկական սերիալներում, եթե աղքատ ընտանիք են ցույց տալիս, ապա, չգիտես ինչու, նրանց ներկայացնում են փնթիության մեջ, բայց չէ որ աղքատ չի նշանակում, որ պարտադիր պետք է փնթի լինել: Սա ինչ-որ իմաստով նաեւ վիրավորական է այն մարդկանց համար, ովքեր հարուստ չեն»,- հավելեց Անուշիկը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am