Վերջին օրերին բուռն քննարկվում է, որ երգչուհի Լիանան երիկամների բարդ վիրահատության է ենթարկվել, սակայն իր երկրպագուների անհանգստությանն ի պատասխան՝ Life.panorama.am-ի հետ զրույցում Լիանան վստահեցրեց, որ վիրահատությունն այնքան էլ բարդ չի եղել և կյանքին վտանգ չի սպառնացել.
«Ես իսկապես շատ շնորհակալ եմ, որ մարդիկ այսչափ անհանգստացած են ինձ համար: Շատ շնորհակալ եմ մեր ժողովրդին իմ հանդեպ սիրո համար, կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ զգում են նաև իմ սերն իրենց հանդեպ: Ես անկեղծ ու շիտակ մարդ եմ, իսկ երկրպագուներիս հետ կրկնակի ազնիվ եմ: Անկեղծ ասած՝ նման արձագանք չէի սպասում: Շատ շոյված եմ անհանգստության համար, արդեն լավ եմ և լցված մեծ էներգիայով, որպեսզի առաջիկայում նրանց համար նոր երգեր թողարկեմ»,- նշեց Լիանան:
Լիանան որդու ծնունդից հետո երիկամներում քարերի առաջացման խնդիր ուներ, արդեն գրեթե ութ տարին է, ինչ երգչուհին պայքարում էր դրանց դեմ, իսկ ցավերի դեպքում օրերով անգամ չէր կարողանում տանից դուրս գալ: Իր խոսքով՝ մի անգամ խնդիրը փորձել է լուծել քարափշրման տարբերակով, սակայն ապարդյուն, խնդիրը շարունակել է մնալ, ցավերն էլ՝ չդադարել: Ի վերջո, երգչուհին որոշել է ռիսկել և գնալ վիրահատության:
Life.panorama.am-ի հետ հարցազրույցների ժամանակ Լիանան բազմիցս է նշել, որ կցանկանար կրկին մայրանալ, միայն թե առողջական վիճակը թույլ չի տալիս: Հիմա, երբ խնդիրն արդեն չեզոքացված է, հարցին, թե չի մտածում բալիկ ունենալու մասին, պատասխանեց.
«Ես երեխաներ շատ եմ սիրում և իսկապես շատ կցանկանայի շատ բալիկներ ունենալ: Պարզապես, երբ այլևս շատ երիտասարդ չես, մի տեսակ հոգեպես պատրաստ չես լինում դարձյալ բալիկ ունենալ և խնամել նրան: Դրա համար ես միշտ ասում եմ, որ լավ է, երբ երիտասարդ տարիքում ես ամուսնանում, ուժերդ տեղում է լինում և կարողանում ես շատ երեխաներ ունենալ: Իհարկե, մեծ տարիքում ամուսնությունն ու երեխաներ ունենալն էլ իր քաղցրությունն ունի, բայց ամեն դեպքում այս պահին հոգեպես դեռ պատրաստ չեմ: Թեև քաջ գիտակցում եմ, որ որդուս մենակ չմնալու համար արժեր ևս մեկ երեխա ունենալ»:
Զրույցի վերջում Լիանան իր շնորհակալությունը հղեց իրեն բուժող ողջ անձնակազմին:
«Շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի Ուրոլոգիայի բաժնի ողջ անձնակազին՝ ի դեմս Սերգեյ Ֆանարջյանի, Սիմոն Մկրտչյանի և անեզթեզիոլոգ Սերոբ Միքայելյանի: Նրանք ամեն ինչ արեցին, որ ես առողջանամ, և գլխավորը դա արեցին ոչ թե նրա համար, որ ես երգչուհի Լիանան եմ, այլ որ ես նրանց հիվանդն եմ: Սա վստահ եմ ասում, քանի որ տեսել եմ, թե ինչպես էին վերաբերվում նաև մյուս հիվանդներին»,- ավարտեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am