«Առանց գումարի սկիզբ, 11 տարեկան երեխա, որին պիտի պահես». Անժելա Սարգսյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի, դժվարությունների և սեփական բիզնեսը սկսելու մասին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը տևական ժամանակ է` դստեր հետ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակում է  մասնագիտական գործունեությունը, նկարահանվում հեռուստանախագծերում: Tert.am Life-ի հետ զրույցում Անժելան խոսել է ԱՄՆ տեղափոխվելու, ունեցած դժվարությունների, մասնագիտական գործունեության ու Հայաստան վերադառնալու հեռանկարի մասին:

Դերասանուհին խոստովանեց, որ ԱՄՆ–ում հաստատվելը սկզբնական շրջանում բարդ էր իր համար: Նա նշեց, որ կարևոր  չէ, թե որ  երկիր ես տեղափոխվում, քանի որ հայրենիքից դուրս ցանկացած այլ երկրում հաստատվելը դժվար է: «Երբ մարդը տեղափոխվում է որևէ տեղ, դուրս է գալիս կոմֆորտի իր զոնայից, քանզի ստիպված է կրկին անցնել այն ճանապարհը, որն անցել է իր հայրենիքում, հարազատների օգնությամբ։ Իմ պարագայում դա շատ ավելի դժվար տրվեց, որովհետև այստեղ ոչ ոք չունեի` առանց գումարի սկիզբ, բացի այդ, 11 տարեկան երեխա, որին պիտի պահես՝ հոգալով, գոնե, մինիմալ կարիքները:

Փառք Աստծո, հիմա այստեղ ունեմ նաև շատ լավ և հավատարիմ ընկերներ, ովքեր ամեն հարցում աջակցում են ինձ, օգնում։ Նրանց մեջ կան ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ»,- ասաց դերասանուհին:

ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին խոսելիս Անժելան ընդգծեց, որ ինքը շարժման մարդ է։ «Տեղում դոփելն ինձ համար չէ։ Իհարկե, պատճառներից մեկն էլ Եվայիս ապագան ու կրթությունն է»,- նկատեց նա։

Անժելան  ինստագրամյան իր էջում օրերս գրառում էր արել այն մասին, որ ամեն ինչ զրոյից սկսելը դժվար է, բայց հետաքրքիր է ստուգել քո ուժը, համբերությունը, դիմացկունությունն ու փորձություններին պատրաստակամությունը: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք սա նշանակում է, որ ուզում է ջնջել իր կյանքի նախորդ էջերը. «Կյանքիդ էջերը ջնջել չես կարող, որովհետև որպես մարդ, հարուստ ես քո փորձառությամբ։ Դժվարությունների միջով անցնելիս շատ լավ բնավորության գծեր ես ձեռք բերում, ինչպիսիք են  համբերատարությունը, ամեն վատ բանի մեջ լավը տեսնելը, մարդկանց ճանաչելը, որպես կին քո իրավունքները պաշտպանելը, «չէ» ասել սովորելը: Չեմ բացառում նաև, որ կան մարդիկ, ում մոտ հակառակ ռեակցիան է լինում»:

Դերասանուհին հայտնեց, որ ստեղծագործական նորություններ ունի` նկարահանվում է մեծ նախագծում, որը անկանկալ է լինելու և փակագծերը բացել առայժմ չի ցանկանում: «Բացի այդ, աշխատում եմ սեփական բիզնեսիս ստեղծման ուղղությամբ։ Թե ինչ բիզնես եմ սկսելու, կարող են իմանալ  իմ ինստագրամյան էջին հետևելով»,-ասաց նա:

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ, անձնական ճակատում փոփոխությունների մասին խոսել Անժելան չցանկացավ՝ նշելով, որ դա միայն իրենն է և որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մտնելու:

Տևական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող դերասանուհուց հետաքրքվեցինք, թե Հայաստանում ամենից շատ ում և ինչն է կարոտել. «Կարոտել եմ ընտանիքիս, բարեկամներիս, զարմիկներիս հետ հավաքույթները, ընկերներիս ու թատրոնս»։ Հարցին` մտածո՞ւմ է Հայաստան վերադառնալու մասին, թե՞ դեռ նման ցանկություն չունի, Անժելան պատասխանեց. «Հիմա դժվար է Հայաստան գալս, գործերս շատ են, սակայն երբ կարողանամ, անպայման, ուզում եմ գալ Հայաստան»:

Աղբյուրը՝ life.tert.am