Արամոն` 50-ամյակի, ընտանիքի ու ձեռքբերումների մասին

Երգիչ, դերասան Արամոն ապրիլին կբոլորի 50 տարին։ Կես դար ապրած դերասանին կյանքը շատ բան է սովորեցրել, հղկել, ուղղորդել։ Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Արամոյի հետ` անցած ճանապարհի, ձեռքբերումների ու կորուստների, ինչպես նաև տարեդարձի օրը սպասվող հոբելյանական համերգի մասին։

Իր ծննդյան օրը ոչ միայն նվերներ ու շնորհավորանքներ ստանալը, այլև սիրելի հանդիսատեսին նվեր մատուցելը Արամոյի համար ավանդույթ է դարձել, 50 ամյակը բացառություն չէ: Նրա խոսքով` այս անգամ նա կներկայանա նոր համերգային ծրագրով: «Երգերի 50 տոկոսը նոր, չհնչած երգեր են: Պրեմիերաներից բացի  կհնչեն նաև արդեն սիրված երգեր: Իմ հոբելյանական համերգին մասնակցելու են նաև Էմման ու որդիս` Ավոն։ Էմման մի քանի երգ կերգի, Ավիկը մի քանի գործերի մեջ նվագել է, այդ օրը ևս կնվագի, բայց  մեծ մասամբ իմ օրն է լինելու: Այլ հյուրեր չեն լինելու, բեմում ես եմ լինելու։ Ուզում եմ իմ հանդիսատեսի հետ լինել, իմ ծննդյան օրը երգել իրենց համար»,-ասաց երգիչը:

Արամոն շատ է սիրում իր ծննդյան օրն ու զարմանում այն մարդկանց վրա, ովքեր կարող են չսիրել իրենց տարեդարձի օրը: Նա  խոստովանում է, որ իր սերը տարիքի հետ ոչ թե պակասում է, այլ ավելանում:

Կյանքի 50 տարիներն Արամոյին տվել են հմտություն ու փորձառություն, ինչպես ինքն է նշում, մի շարք հարցերի ավելի խորն է նայում:  Արամոն ամենից շատ կարևորում է լսելու ու մարդկանց ներելու կարողությունը: «Կշռադատել, փորձել լսել, կարողանալ ներել մարդկանց և լիքը–լիքը խորը իմաստնություն է տվել կյանքիս կես դարը, ինչի համար շատ գոհ ու հպարտ եմ: Ինչ վերաբերում է խլելուն, ինձանից մարդկային կյանքեր է տարել, իմ հարազատ մարդկանց, թեև իրենք միայն ֆիզիկապես չկան»,-ասաց նա:

Եթե ունենար ապրած 50 տարիները սրբագրելու հնարավորություն, Արամոն իր կյանքում փոփոխություններ չէր անի, բայց որոշ շտկումներ կմտցներ, մասնավորապես, պատանեկության ու երիտասարդության տարիներում, երբ սխալվելու հավանականությունն ավելի մեծ է լինում:

 «Ժամանակին շատ էմոցիոնալ էի` պայթող լավայի պես: Շատ անգամ էմոցիաներովս էի առաջնորդվում, ոչ թե ուղեղով: Կյանքը ցույց տվեց, որ էմոցիաները պետք է շատ ցույց չտաս, պետք է լինես հանգիստ, խաղաղ, կշռադատող, հավասարակշիռ: Ուրախ եմ այն կյանքի համար, որ այդ տարիներն ապրել եմ, եթե մյուս կյանքում հարցնեին՝ կուզեի՞ր նույն ասպարեզում լինել, վստահությամբ կասեի` այո, կուզեի նորից արվեստի մեջ լինել»,-ասաց Արամոն:

Այս տարի լրանում է նաև Արամոյի բեմական գործունեության 32-րդ տարին: Բեմում երգելն ու խաղալը հավասարաչափ հոգեհարազատ են նրան: Երգարվեստը, թատերարվեստն ու կինոն Արամոն հավասար հարթություններում է պահում, երբեմն, հանգստի ուղարկելով կամ երգիչ Արամոյին, կամ դերասանին:

«Մեկն իմ աջ ձեռքն է, մյուսը` ձախ: Այդ երկու կշեռքի նժարներն իմն են, ես մեջտեղում եմ և ինձ լավ եմ զգում: Երբ  լինում են ֆիլմեր կամ ներկայացումներ, բնականաբար, ես հանգիստ եմ տալիս երգիչ Արամոյին, որովհետև ուղեղս երկու տեղ չի կարող աշխատել՝ մի բան տուժելու է: Երբ  համերգ է լինում, ժամանակավորապես հանգիստ եմ տալիս դերասան Արամոյին»,-ասաց նա:

Դերասան Արամոյին հանդիսատեսը չի հասցնի կարոտել նաև էկրաններին: Նա նշեց, որ կինոասպարեզում հանդես գալու մտահղացումներ և առաջարկներ արդեն իսկ կան: «Ֆիլմերի հրավերներ կան Ռուսաստանից: Ես պետք է ավելի վաղ մեկնեի, բայց հիմա զբաղված եմ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման մեջ։ Նկարահանումը համընկավ ներկայացման օրերին և մի փոքր հետաձգվեցին մինչև ամառ: Հայ-ռուս-վրացական նախագծեր են, որտեղ ես ընդգրկվելու եմ որպես դերասան, սցենարի մասին բացահայտումներ անել դեռ չեմ կարող»,- ասաց նա:

Դերասան Արամոն հանդես է գալիս նաև Սուրեն Շահվերդյանի բեմադրած մեկ այլ՝ «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ, որը բեմադրվել է Էմմա Պետրոսյանի համանուն պիեսի հիման վրա: Արամոն տեղեկացրեց, որ Էմման արդեն հասցրել է ավարտել նոր պիեսը, որի բեմականացման ուղղությամբ ևս աշխատանքներ կտարվեն. «Կարծում եմ` շուտով մենք կսկսենք աշխատանքները, դերասանների ընտրությունը: Մեր կյանքն անցնում է շատ ստեղծագործական ու էմոցիոնալ»:

Արամոն ինքն իրեն առաջին հերթին առողջություն է մաղթում։ Ասում է` դա ամենակարևորն է։  «Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, որովհետև ունեմ հիանալի ընտանիք, փառահեղ որդի, ծնող, հարազատներ, հիանալի ընկերներ և իմ հրաշալի ու չնաշխարհիկ հանդիսատեսին: Առողջությունը գլխավորն է, որպեսզի կարողանամ  փորձել մարդկանց սեր, լավ էմոցիաներ, լավ էներգիա փոխանցել, քանի որ դերասանի, արտիստի, երգչի կյանքում դա պարտադիր է»,-եզրափակեց Արամոն:

Աղբյուրը՝ life.tert.am