Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նա ընկերների ու հարազատ մարդկանց հետ ուրախացել է մինչև ուշ գիշեր, իսկ Tert.am Life–ի լուսանկարիչը ֆիքսել է երեկույթի հետաքրքիր պահերը։
Նաիրան պատմեց, որ տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից. «Երբ ծնունդս սկսվեց, ես աշխատում էի։ Մեր ակումբի երգչուհի Լիլին տորթիկով, մոմով Happy birthday երգելով շնորհավորեց ինձ, ինչից հետո սկսվեցին մյուս շնորհավորանքները։ Ինձ համար մեծ անակնկալ էր նաև «Աստղածնունդ» հաղորդման անակնկալ այցը»:
Նաիրայի խոսքով՝ յուրաքանչյուր տասնամյակի սկիզբը բեկումնային է լինում իր կյանքում և փոփոխությունների սկիզբ է ազդարարում։ Ի տարբերություն շատ կանանց, նա տարիքից չի վախենում, ասում է` ընդամենը 20 տարեկան է:
Խոսելով ամենատպավորիչ նվերների մասին` Նաիրան հիշատակեց լուսանկարիչ Արուսիկ Մարկոսյանի նվերը. «Նա նախորդ տարի էլ էր նկարել իմ ծնունդը։ Այս տարի փոքր շրջանակի մեջ նվիրեց նախորդ տարի իր արած նկարը, շատ գեղեցիկ էր, չէի սպասում,– ասաց նա ու հավելեց, որ շատ տպավորիչ ծնունդ է ունեցել։ –Շատ հյուրեր ունեի, որոնց թվում այն մարդիկ էին, ովքեր, իսկապես, պետք է լինեն կողքիս։ Իհարկե, կային նաև մարդիկ, որոնց այս ընթացքում մաղել եմ և ներկա չէին։ Մաղվելու պրոցեսը շատ բնականոն է։ Մարդը պետք է անջատված ապրի, որպեսզի չմաղի մարդկանց»։
Անդրադառնալով խնջույքի գունային ընտրությանը` սևի և ոսկեգույնի համադրությանը` Նաիրան ասաց, որ ամեն ինչ սկսվել է ոսկեգույն զգեստից, որին համապատասխանեցրել են ամեն ինչ։ Դերասանուհու խոսքով` ինքը չի մասնակցել կազմակերպչական հարցերին, այդ ամենն իրականացրել է իր մենեջերը` Հերմինեն։
Աղբյուրը՝ life.tert.am