Երգչուհի Մաշա Մնջոյանը Life.panorama.am-ին պատմել է վերջին շրջանում նոր երգեր ու տեսահոլովակներ չթողարկելու, բայց փոխարենը մեծ թվով բարեգործական համերգների մասնակցելու մասին:
«Մարտ ամիսը լի է բարեգործական համերգներով, դրանց մասնակցում եմ հնարավորինս շատ՝ փորձելով հարմարեցնել իմ գրաֆիկին: Շուտով՝ մարտի 18-ին, Հայկ Պետրոսյանի եւ Սոնա Ռուբենյանի հետ միասին համերգ կունենանք, դրանից հետո կլինի եւս մեկ համերգ, որոնցից ստացված հասույթները հիմնականում երեխաների բուժման նպատակով են ծախսվում: Իսկ վերջերս մեկնել էի Շամշադինի սահմանամերձ 3-4 գյուղեր: Պետք է ասեմ, որ ապշած եմ վերադարձել, նախ դահլիճների ճարտարապետությունն էր ինձ զարմացրել, հետո նաեւ մարդկանց ջերմությունը: Չեմ կարող նկարագրել, թե որքան ցուրտ էր, քանի որ ջեռուցում չկար, բայց դահլիճները լեփ-լեցուն էին, մարդիկ էլ՝ անասելի ուրախ»:
Երգչուհին նկատեց, որ բարեգործական համերգների առաջարկները չի կարողանում մերժել, բայց նաեւ խորապես հետաքրքրվում է, թե որքանով են դրանք հավաստի.
«Շատ է պատահում, որ մարդիկ շառլատանություն են անում եւ իրականում դրանք կեղծ բարեգործական համերգներ են լինում, բայց, եթե հասկանում եմ, որ տվյալ միջոցառումը իսկապես ազնիվ մարդկանց կողմից են կազմակերպվել, չեմ կարողանում մերժել: Ես չեմ կարող նաեւ անտարբեր լինել, օրինակ՝ խոստանալ, որ կմասնակցեմ, բայց հետո կապի դուրս չգամ նրանց հետ: Դա ներքին մի բան է, որ բառերով չեմ կարող բացատրել: Ինձ համար իսկապես շատ կարեւոր են դրանք, եւ ինձ լավ եմ զգում, երբ իմ փոքրիկ լուման եմ ունենում ինչ-որ մեկին օգնելու հարցում»,- հավելեց նա:
Մաշա Մնջոյանն առաջիկա օրերին կմասնակցի նաեւ Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոյին, իսկ արդեն հաջորդ ամիս կմենկի եվրոպական մի քանի քաղաքներ՝ շրջագայությունների:
Հետաքրքրվելով, թե ինչու Մաշան վերջին շրջանում նոր երգեր չի ներկայացնում, պատասխանեց.
«Երբ համերգները շատ են լինում, քեզ վրա կենտրոնանալու համար ժամանակը քիչ է լինում: Իհարկե, այս պահին նոր երգ ունեմ, որի հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Վլադ Պողոսյանը: Նոր երգս կներկայացնեմ եվրոպական շրջագայություններից հետո»:
Համեմատելով հայաստանաբնակ եւ արտերկրում ապրող հայ հանդիսատեսին՝ երգչուհին նշեց.
«Գիտեք, դրսում ապրող մարդկանց համար հայաստանաբնակ երգիչները անհասանելի են, նրանց համար իսկական տոն է, երբ գնում ենք շրջագայության: Նրանք սիրում են քեզ, իսկապես գնահատում են ու սպասում: Գուցե Հայաստանում մարդիկ կարող են երգիչ-երգչուհիներին շատ հաճախ տեսնել փողոցում, սրճարաններում, եւ հետեւաբար այնքան էլ մեծ ոգեւորությամբ չընդունեն տվյալ երգչին, երբ տեսնում են բեմում: Ես իմ տեսակով շատ մարդամոտ եմ, շփման մեջ ազատ ու հասնակալի, սակայն դա մեզ մոտ արդեն չի գնահատվում ու ճիշտ չի ընկալվում: Ամեն դեպքում, անկախ վայրից՝ ես իմ հանդիսատեսին շատ-շատ եմ սիրում»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am