Օրերս դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ Life.panorama.am-ի հարցազրույցը լայն տարածում է գտել: Դերասանուհու հայտարարությունը՝ «Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ», առաջացրել է հանրության զայրութը: Վիրտուալ տիրույթում մարդիկ քննադատում եւ անձնական վիրավորանքներ են հասցնում Անահիտին՝ ընդհուպ մինչեւ հորդորելով, որ նա գնա Ադրբեջան եւ այնտեղ բազմանա:
Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսելու նպատակով դարձյալ կապ է հաստատել Անահիտ Մութաֆյանի հետ, ով նշեց, որ ժպիտով է վերաբերվում այս իրարանցմանը, բայց նաեւ ցավում է, որ մեր հասարակությունը պատրաստ է նման կերպ քարկոծել իրենց կողքին ապրող քաղաքացուն:
«Բոլոր մեկնաբանություններին ժպիտով եմ վերաբերվում ու մտածում եմ, որ, եթե մարդիկ ինձ վիրավորելով կհանգստանան եւ իրենց միջի չարությունը կհանեն, կսկսեն ապրել նորմալ մարդու նման, ապա ես պատրաստ եմ դառնալ նրանց քավության նոխազը: Եթե դա կօգնի նրանց մարդանալու, ուրեմն զոհը թող հենց ես լինեմ»,- նշեց նա ու շարունակեց. «Մեկնաբանություններ կարդացի, որտեղ մարդիկ մեջբերում են ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մայրերին ու նշում, որ ես նրանցից լավը չեմ. Ասեմ, որ գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվոր ծնած մոր առաջ, գլուխ եմ խոնարհում նաեւ այն անմեղ երեխեքի առաջ, ովքեր իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն այս երկրի են տալիս: Ամեն անգամ սահմանում զինվորի մահվան լուրը լսելիս՝ իմ մեջ իրենց հետ ինչ-որ մի բան մեռնում է: Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը, որ չեմ ուզում այս երկրի համար երեխաներ ունենալ, դա զուտ նրա համար եմ ասել, որ չեմ ուզում իմ երեխաներին դատապարտել ստրկության, չեմ ուզում, որ իմ երեխաները իմ նման ապրեն: Ես ուզում եմ ունենալ ավելի լավ երկիր, իսկ դրա համար արդեն 5-6 տարի է, ինչ պայքարում եմ որպես քաղաքացի: Իսկ նրանք, ովքեր ինձ առաջարկում են գնալ եւ Ադրբեջանում բազմանալ, խորհուրդ կտամ մի լավ քրքրեն իրենց ծննդյան պատմությունը, որովհետեւ էն հայը, ով կարող է հային այդ աստիճան վիրավորել, ուրեմն նրա նախնիների հետ թուրքերը մի լավ զվարճացել են»:
Անահիտը նշեց նաեւ, որ իր համար ամենածիծաղելի ու ցավալի փաստն այն է եղել որ մեկնաբանություններում շատ տղամարդիկ իրեն պաշտպանել են, եւ հիմնականում կանայք են քարկոծել. «Մեկնաբանություններում տեսա, որ գրել էին, թե չբեր եմ եւ դրա համար ոչ մեկ մեղավոր չի, ուրեմն հրապարակավ ասեմ, որ ես չբեր չեմ, ես շատ առողջ կին եմ ու կարող եմ երեխաներ ունենալ: Ասեմ ավելին, որ բավականին շատ տղամարդիկ կան, ովքեր կուզեին, որ ես իրենց երեխաների մայրը լինեի: Եթե մեր սիրելի «քոմենթագրերը» ուշադիր կարդային իմ հարցազրույցը, ապա կհասկանային, որ ես խոսում էի մեր երկրի փոփոխությունների մասին: Հիմա բաց տեքստով եմ խոսում, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, մեծ հույսեր արթնացավ իմ մեջ, մտածում էի, որ մեր երկիրը կծաղկի, բայց քանի որ մի քիչ մոտ եմ կանգնած քաղաքականությանը ու մի քիչ էլ տեղեկացված եմ, քանի մոտենում է ապրիլի 7-ը, այդ հույսն իմ մեջ մարում է: Երբ այս երկիրը նորմալ երկիր դառնա, երբ հավասարություն լինի, ես պատրաստ եմ ծնել 10 որդի եւ տասին էլ ուղարկել բանակ՝ հայրենիքս պաշտպանելու»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am