«Ինձ միշտ հետաքրքիր է լինել իմ հայրենիքում». Միքայել Արամյանը` Հայաստան այցի և նոր ֆիլմի մասին

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Արմեն И Я» ֆիլմի պրեմիերայի մասին, որին մասնակցելու համար դերասան Միքայել Արամյանը ժամանել էր Հայաստան։ Ռուսական շոու բիզնեսում հաստատված 25–ամյա դերասանի հետ պրեմիերայից հետո Tert.am Life–ը զրուցել է ֆիլմի և Հայաստան այցի մասին։

Միքայելը պատմեց, որ նկարահանումները երկար են տևել, սակայն իրեն դուր է եկել ընթացքը։ Հրաշալի օրեր է անցկացրել։ Սա ևս մեկ հնարավորություն էր Երևանում լինելու։ Ամենամեծ բարդությունը, որ հաղթահարել է դերասանը, կապված է եղել հայոց լեզվի հետ։

«Ինձ համար մի քիչ բարդ էր, որովհետև ֆիլմում պետք է հայերեն խոսեի։ Առաջին անգամ էի նկարահանվում ֆիլմում, որտեղ բոլորը հայերեն էին խոսում։ Ես քիչ եմ հասկանում հայերեն։ Փորձում էի սովորել, անգիր անել տեքստերը։  Հայրիկիս և ընկերներիս հետ սովորում էի արտասանությունը, որպեսզի ճիշտ արտաբերեմ բառերը։ Դա ամենամեծ բարդությունն  էր, միաժամանակ ավելի էր հետաքրքրացնում աշխատանքը»,– ասաց Միքայելը, ով ընտանիքի հետ Մոսկվա է տեղափոխվել, երբ 1 տարեկան էր։

«Ինձ դուր է գալիս ցանկացած ֆիլմ, որում ես նկարահանվել եմ։ Իմ կարծիքը սուբյեկտիվ է, քանի որ մասնակցել եմ ամբողջ ընթացքին և չեմ կարող օբյեկտիվ գնահատել ֆիլմն իր առավելություններով ու թերություններով։ Իհարկե, յուրաքանչյուր ֆիլմում կան դիտողություններ, սակայն դա շատ բարդ հարց է, որը մանրամասն դիտում է պահանջում։ Ես հիմա հուզական ազդեցության տակ եմ»,– նշեց նա։

Միքայելը սիրում է Երևանը և ուրախ է, որ ֆիլմում գեղեցիկ է ներկայացված քաղաքը. «Այս ֆիլմը շատ դրական կողմից է ներկայացնում մեր քաղաքը, և ես ուրախ եմ, որ կարողացել եմ այս ամենի մի մասնիկը լինել»:

Դերասանի այցը Երևան կարճատև է։ Այս անգամ նրան ուղեկցում էին մայրն ու եղբայրը։ Միքայելը Հայաստանում կմնա մինչև մարտի 11–ը։ Ամեն դեպքում դերասանը նկատեց, որ պարբերաբար գալիս է Հայաստան. «Ինձ միշտ հետաքրքիր է լինել իմ հայրենիքում։ Դա ինձ համար դա չափազանց կարևոր է»:

Աղբյուրը՝ life.tert.am