Ես նվեր եմ ողջ կյանքի համար. Անդրանիկ Հարությունյանը 36 տարեկան է

Մինչ երեկ կանայք շնորհավորանքներ ու նվերներ էին ստանում, դերասան Անդրանիկ Հարությունն ինքն էր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ընդունում, քանի որ երեկ նրա ծննդյան 36-ամյակն էր: Ինչպես ինքն է ասում` հայրիկի կողմից մեծ նվեր է մայրիկին ողջ կյանքի համար:
«Երեկ, երբ կանայք ինձ շնորհավորում էին, ես պատասխանում էի` ձերն էլ: Կարծես Նոր տարի լիներ, մենք միմյանց շնորհավորում ու բարեմաղթանքներ էինք ասում: Ես հայրիկիս կողմից ամենամեծ նվերն եմ մայրիկիս, ես նվեր եմ ողջ կյանքի համար, նա մինչեւ կյանքի վերջ էլ նվեր չի տալու մայրիկիս: Ի դեպ` Մարտի 8-ին ես ոչ մեկին նվեր չեմ տալիս, այդ հարցում սպասում եմ Ապրիլի 7-ին»,- ծիծաղելով Life.panorama.am-ին պատմեց մեր զրուցակիցը:
Անդոն ծննդյան օրը որպես այդպիսին չի նշել, իր խոսքով նախընտրում է միայն կլոր տարեթվերը նշել.
«Երեկ ընտանիքում եմ անցկացրել օրս, մերոնք ինձ համար տորթ էին գնել, փչեցի տոնական մոմերն ու վերջ: Իրականում չեմ սիրում ծնունդս նշել, որքան էլ ինձ մեծ չեմ զգում, ամեն դեպքում մեծանալը մի քիչ տխրեցնող է»,- նկատեց նա:
Դերասանը շեշտեց` իրեն 22 տարեկան է զգում.
«Կարեւորը հոգով միշտ երիտասարդ մնալն է: Եթե դու տրամադրված ես, որ ամեն ինչ քո կյանքում պետք է լավ լինի, որ տխուր ու վատ մտքերի համար անգամ ժամանակ պետք է չունենաս, ուրեմն հենց այդպես էլ կլինի: Ինքս փորձում եմ այդպես ապրել: Հույս ունեմ, որ ամեն ինչ գնալով այնքան լավ կլինի, որ մեր ժողովուրդը իսկապես տխրելու պատճառ ու ժամանակ չի ունենա»,- հավելեց նա:
Անդրանիկ Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ մեծանալը ոչ մի կերպ չի խանգարում նոր բարձրունքների ձգտել, ձեռնարակել նոր աշխատանքներ ու փորձել հասնել ավելիին: Անդոն ուրախությամբ նշեց, որ իր կյանքում այլեւս ոչինչ չի պակասում եւ երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի:
Խոսելով առաջիկա անելիքներից` Անդոն պատմեց.
«Հիմա զբաղված ենք սկետչների նկարահամներով, որը յութուբյան հանդիսատեսի եւ «US Armenia TV»-ի հեռուստադիտողի համար է նախատեսված: Դրանից զատ այս պահին բավականին ակտիվ աշխատում ենք «ԴեպուՏատի շոու»-ի վրա, շուտով 3-րդ ու 4-րդ երգերը կլինեն իրենց տեսհոլովակներով: Նախատեսում ենք մոտ տասը երգ ստեղծել, որից հետո կլինի մեծ համերգ-ներկայացում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրականում մենք նպատակ ունեինք այս նախագծի շրջանակում նաեւ գեղարվեստական ֆիլմ նկարահանել, բայց հետո ճիշտ համարեցինք, որ լինեն համերգներ, որից ստացված գումարը հետո կծառայի ֆիլմ ստեղծելուն: Մի խոսքով` առաջիկայում անակնկալների պակաս չի լինի»:
Ի դեպ` Անդոյին շուտով կտեսնենք հեռուստատեսային նոր նախագծում, սակայն դերասանը դեռեւս չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց, որ սպասվող նախագիծը առաջատար հեռուստաընկերություններից մեկով է ցուցադրվելու:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am