Լիլիթ Գալստյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Թենիսի կորտում իրականացված լուսանկարներում նա հանդես է եկել մարզուհու կերպարով: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ում միտքն է եղել թեմատիկ նոր ֆոտոշարքը, ինչպես են անցել նկարահանումները, եւ արդյոք ինքը թենիս խաղալ գիտի:
Նրանք, ովքեր հետեւում են Լիլիթին սոցցանցերում, տեսած կլինեն, որ վերջին տարիներին նա ակտիվորեն մարզվում է ու տարբեր սպորտաձեւերի հաճախում: Հենց այս առիթով էլ որոշել է նոր ֆոտոշարքն իր սիրելի թեմային՝ սպորտին նվիրել. «Գաղափարն իմն է, լուսանկարչին էլ խնդրեցի իրականացնել այն, ինչ մտածել եմ: Սպորտն իմ կյանքում շատ մեծ դեր ունի: Այս պահին էլ հաճախում եմ Կրավ մագայի, որը մեր օրերի ամենաարդյունավետ ինքնապաշտպանության եւ ձեռնամարտի համակարգերից է: Հենց այս առիթով էլ ուզում էի որեւէ առանձնահատուկ ֆոտոշարք ունենալ»:
Նա խոստովանել է, որ իրականում թենիս խաղալ չգիտի, բայց նկարահանումներից հետո որոշել է անպայման այդ բացն էլ լրացնել.«Ռակետը վերցրել էի ձեռքս, կողքից էլ գնդակներ էին նետում, որ հարվածեմ, ու գեղեցիկ լուսանկարներ ստանանք, բայց ոչ մի կերպ չէի կարողանում դիպչել գնդակին (ժպտում է,- հեղ.): Լուրջ դեմքով նայում էի՝ մտածելով, որ հաջորդը լավ կստացվի: Իհարկե, ի վերջո հաջողվեց ստանալ մեր պատկերացրածը: Գիտեք, թենիսը երեւի այն քիչ սպորտաձեւերից է, որ դեռ չեմ ուսումնասիրել: Որոշել եմ այդ սխալն էլ ուղղել»:
Լիլիթը հաճախ է հանդես գալիս տարբեր ֆոտոշարքերով, որոնք հիմնականում արվում են որեւէ առիթով կամ նվիրված են լինում հետաքրքիր որեւէ թեմայի: Ինչպես այս դեպքում, այնպես էլ մյուս գրեթե բոլոր ֆոտոշարքերի հեղինակը լուսանկարիչ Անդրանիկ Բեգլարյանն է, ում հետ դերասանուհին վաղուց է համագործակցում: Ասում է՝ շատ է հավանում նրա գործերը. նրա աչքը տեսնում է այն, ինչ նույնիսկ ինքը չէր պատկերացնի:
Լիլիթ Գալստյանն իր այս ֆոտոշարքով նաեւ հորդորում է բոլորին առողջ ապրելակերպ վարել: Կարծում է՝ այն կարող է մոտիվացիա հանդիսանալ մյուսների համար. «Հաճախ եմ այսպիսի լուսանկարներ տեղադրում, եւ ունեմ շատ ընկերներ, ովքեր ինձ ասում են՝ «Գիտես, այս ամենը տեսնելով՝ ես էլ եմ ուզում մարզվել»: Դա հրաշալի է, քանի որ սպորտով զբաղվելն աստիճանաբար ապրելակերպ է դառնում, այն առողջ է պահում ոչ միայն մարմինդ, այլ նաեւ միտքդ»:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի