Բաց տեսարաններում նկարահանվելիս ձգտում եմ պահպանել էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա. Մերի Հակոբյան

Օրերս «Արմենիա Պրեմիումի» եթերում հայտնվեց նոր՝ «Վերջին գործարքը» 24 մասանի քրեական դրաման, որում ներգրաված են Մովսես Երեմյանը, Շողեր Թովմասյանը, Օլյա Հակոբյանը, Մերի Հակոբյանը եւ այլք:
Life.panorama.amը զրուցել է Մերի Հակբոյանի հետ՝ խոսելով նրա մարմնավորած կերպարի, սերիալում առկա բաց տեսարաններում նկարահանվելու եւ առաջիկա ծրագրերի մասին.
Առաջարկը ստանալու եւ այն ընդունելու մասին խոսելիս` Մերին նշեց, որ առաջին հերթին հաշվի է առել ռեժիսորին՝ Դավիթ Զոհրաբյանին, ում հետ դերասանուհին առաջին անգամ է աշխատում.
«Դավիթ Զոհրաբյանը մինչ այս ռուսական կինոարտադրության մեջ արել էր նմանատիպ մի աշխատանք, որը հաջողությամբ էր պսակվել, այդ իսկ պատճառով նաեւ ցանկացա աշխատել նրա հետ: Գաղտնիք չէ, որ դրսի շուկայում աշխատող ռեժիսորների փորձը շատ ավելի մեծ է: Նշեմ նաեւ, որ ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Դավիթն ինձ ասաց, որ ես իմ կերպարը կերտել եմ այնպես, ինչպես ի սկզբանե հենց ինքը պատկերացրել  է: Դա ինձ համար, կարելի է ասել, ամենամեծ գնահատականն էր»,- պատմեց Մերին՝ ավելացնելով.
«Դավիթն այն ռեժիսորներից է, որ եթե առաջիկայում որեւէ նոր նախագիծ իրականացնի, ապա ես անպայման կցանկանամ ներգրաված լինել դրանում»:
«Վերջին գործարքը»-ում ներկայացվում Է հանցավոր աշխարհը եւ նրանց դեմ ոստիկանների կողմից տարած օպերատիվ աշխատանքը: Ըստ սցենարի՝ կատարվում է 3 միլիոն դոլար արժողությամբ վզնոցի գողություն, որի բացահայտումը ուղեկցվում է շատ հետաքրքիր զարգացումներով եւ լուծումներով:
Իսկ ինչ վերաբերում է իր կերպարին՝ Աննային, Մերին նշեց.
«Մինչ «Վերջին գործարքը»-ը, ես նկարահանվում էի «Դեպի վայրէջք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էի դրական կերպարի, ով իր կյանքի ընթացքում ստիպված է եղել անցնել մի շարք փորձությունների եւ դժվարությունների միջով: Իսկ «Վերջին գործարք»-ում կերպարս ոչ միայն ամենաբացասականն է, այլ նաեւ նրա հետ կապված զարգացումներն են այլ: Այդ իսկ պատճառով հաճույքով ընդունեցի հենց այս կերպարը մարմնավորելու առաջարկը, որովհետեւ այս դեպքում հնարավարություն ունեի հեռուստադիտողին ցույց տալ իմ դերասանական հմտությունները»:
Անդրադառնալով ֆիլմում առկա բաց տեսարաններին, որում ինքը մասնակցություն է ունեցել, ինչպես նաեւ դրա վերաբերյալ հնարավոր քննադատություններին, Մերի Հակոբյանն ասաց.
«Ինձ քննադատել միայն այն բանի համար, որ ես նկարահանվել եմ բաց տեսարաններում, կարծում եմ, որ ճիշտ չէ: Ի վերջո, հայկական կինոարտադրությունը փորձում է առաջ գնալ, իսկ մեր հեռուստադիտողը կարծես թե դա չի ընդունում: Իմ մասնագիտության մեջ կայանալու համար ես պարտավոր եմ կատարել ռեժիսորի կողմից դրված առաջադրանքները՝ մի կողմ դնելով իմ սկզբունքները: Պարզապես կգա մի շրջան, երբ նման բաներն արդեն զարմանալի չեն լինի, եւ մարդիկ էլ դրան կնայեն այնպես, ինչպես որ այլ երկրներում է: Ես ինքս շատ պատասխանատու եմ մոտենում նման տեսարաններին: Ձգտում եմ կատարել եւ ռեժիսորի առաջադրանքը եի, միևնույն ժամանակ, պահպանել այդ ամենի էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա»,- շեշտեց Մերի Հակոբյանը:
Մեզ հետ զրույցում վերջինս խոսեց նաեւ մի նոր նախագծի մասին, որի նկարահանումները կսկվեն մոտ ապագայում.
««Քավարան» հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով պատրաստվում է իրականացնել մի նոր նախագիծ, որում կներկայանամ նաեւ ես: Չեմ ցանկանում բացել փակագծերը, կասեմ միայն, անելու եմ ամեն բան, որպեսզի մաքսիմալ ներկայանամ հեռուստադիտողին, քանի որ ինքս սիրում եմ, երբ ամեն մի նախագծից հետո ինքս իմ մեջ մասնագիտական աճ եմ նկատում: Իսկ քանի որ «Քավարան» հեռուստասերիալն իր տեսակով շատ հաջողված եւ պահանջված էր, ինձ համար մեծ պատիվ է կրկին աշխատել ու համագործակցել հենց այս անձնակազմի հետ»,- տեղեկացրեց դերասանուհի Մերի Հակոբյանը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am