Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բալիկի է սպասում, նա հղիության հինգերորդ ամսում է։ Դերասանուհին, որ ամիսներ շարունակ խնամքով թաքցնում էր հղիության լուրը, ընտանիքի համալրման մասին առաջին անդրադարձը վստահել է Tert.am Life–ին ու Վալենտինի օրվա առթիվ պատմել զգացողությունների, փոքրիկի սեռի, ընտանիքի արձագանքի ու աջակցության մասին։
«Արդեն պարզել եմ, որ որդի եմ ունենալու։ Ես շատ էի ուզում աղջիկ ունենալ, իսկ ընտանիքիս անդամները` և՛ աղջիկներս, և՛ Հայկը, և՛ Արտակը տղա էին ուզում։ Երբ իմացա, որ որդի ենք ունենալու, Արտակին ասացի` դուք հաղթեցիք։ Ինքն էլ ասաց` քանի որ այս առումով մենք ենք հաղթել, անվան ընտրությունը կվստահենք քեզ։ Երկու անվան շուրջ ենք մտածում, բայց, երևի, կանգ կառնենք Մհերի վրա։ Ես կարևորում եմ հայկական անունների ընտրությունը։ Կարծում եմ` հայը պետք է կրի հայի անուն։ Առավել հաճելի է, որ հերոսների անուններ են` Հայկ նահապետ, Առյուծ Մհեր»,– ասաց Անահիտը։
Թեև սա Անահիտի երկրորդ հղիությունն է, դերասանուհին ունի նույն մտավախություններն ու վախերը, ինչ առաջին հղիության ժամանակ։
«Սովորաբար ասում են` երկրորդ հղիության ժամանակ ամեն ինչ սովորական է` դու արդեն անցել ես այդ փուլը, սակայն ինձ մոտ դադարը երկար էր։ Հայկս 5 տարի առաջ է ծնվել ու տպավորություններս, վախերս, էմոցիաներս նույնն են, ինչ առաջին հղիության ժամանակ։ Չեմ կարող ասել, որ արդեն փորձված եմ, պատրաստ եմ։ Նույն վախերն ու զգացողություններն են, է՛լ ավելի պատասխանատու»,– նշեց դերասանուհին։
Փոքրիկի ծննդից հետո Անահիտը չի պատրաստվում աշխատանքային դադար առնել։ Իհարկե, զբաղվածությունը կնվազի, սակայն տանը չի մնա։ Դերասանուհին փոքր–ինչ վախենում է, թե ինչպես է համատեղելու 4 երեխայի խնամքը, սակայն վստահ է, որ ամուսնու օգնությամբ ամեն ինչ կհասցնի։
«Արտակի հետ զրուցել ենք այդ մասին։ Ամուսինս ինձ համար շատ մեծ ուժ է ու պատրաստակամ ասում է, որ բոլոր բարդությունները միասին կհաղթահարենք։ Թատրոնում դադար կառնեմ, իսկ հեռուստատեսային աշխատանքս ավելի թեթև է, կարծում եմ, կկարողանամ գլուխ բերել։ Մեզ համար շատ կարևոր տարի է` տղաս կծնվի, մյուս տղաս ընդունվելու է դպրոց, աղջիկս` Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, մյուս աղջիկս պարապում է ընդունելության համար։ Ինձ համար թեժ տարի է լինելու, բայց կարծում եմ` սիրո օգնությամբ կհաղթահարեմ։ Հակապես, որ աղջիկներս արդեն մեծ են ու շատ են օգնում ինձ»,– ասաց դերասանուհին։
Աղբյուրը՝ life.tert.am