Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է Գրիշա Աղախանյանի կնոջ` դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ:
Դերասանուհին պատմեց, որ ինքն ու Գրիշան իրենց միության միայն սկզբնական շրջանում են հատուկ նշանակություն տվել այս տոնին.
«Տարիներ առաջ մենք էլ, ինչպես նոր սիրահար յուրաքանչյուր զույգ, մտածում էինք, թե ինչ անակնկալներ միմյանց մատուցենք, բայց տարիների ընթացքում, երբ երկար ժամանակ ես ապրում ամուսնական կյանքով, ռոմանտիկ դրսեւորումները ավելի պակասում են, իսկ ես ու Գրիշան ռոմանտիկ մարդիկ չենք: Իմ հիշողություններում լավագույն Սուրբ Վալենտինի տոնը նշել եմ, երբ հղի էի. Այդ ժամանակ ես իմ մեջ էի կրում մեր կյանքի լավագույն նվերին`որդուս: Իսկ վաղը մենք երկուսս զբաղված կլինենք մեր աշխատանքներով, գուցե ուշ երեկոյան միասին մի տեղ այցելենք, բայց դա եւս կախված կլինի մեր զբաղվածությունից:»,- նշեց նա:
Շողերը նկատեց, որ ինքն ու ամուսինը հաճախ չեն ասում, որ սիրում են իրար, քանի որ դրա կարիքը չեն զգում.
«Մենք արդեն յոթ տարի է, ինչ միասին ենք, դա խոսում է այն մասին, որ մենք սիրում ենք իրար: Գիտեք, պարտադիր չէ ամեն օր ասել «Ես քեզ սիրում եմ», Գրիշան 50 տարեկան է, նոր երիտասարդ չէ, որ անդադար այդ խոսքերը կրկնի, բայց մենք մեր վերաբերմունքով ենք միմյանց ցույց տալիս, որ սիրում ենք իրար, իսկ դա շատ ավելի կարեւոր է»,- հավելեց նա:
Շողերը նկատեց, որ Գրիշան, ինչպես յուրաքանչյու մարդ, դրական հատկանիշներից բացի ունի նաեւ բացասական գծեր, բայց դրանց վրա դերասանուհին չի կենտրոնանում.
«Մարդը դիմացինից երբեք ամբողջովին գոհ մնալ չի կարող, բայց մենք փորձում ենք միշտ փոխզիջման գնալ եւ բացասական կողմերի վրա աչք փակել»,- նշեց նա, իսկ հարցին, թե Գրիշա Աղախանյանի, ո՞ր հատկանիշն է նրան ամենաշատը գրավել, պատասխանեց.
«Գրիշան բամբասկոտ չէ, ինչը ինձ համար ամենակարեւորն է. Երբ տղամարդը բամբասկոտ է լինում, պարզապես սարսափելի է: Գրիշային չի հետաքրքրում ուրիշի կյանքը, նա իր մարդկային որակով շատ բարձր անձ է, խառնակիչ ու երկերեսանի չէ, օճառային հատկություն չունի, աստղային հիվանդությամբ չի տառապում: Մի խոսքով նա բարոյական շատ բարձր հատկանիշներ ունի, մեկ բառով ասաց` մարդ է»:
Զրույցի վերջում Շողեր Թովմասյանը Life.panorama.am-ի միջոցով իր խոսքն ասաց Գրիշա Աղախանյանին.
«Ուզում եմ, որ նա ավելի թեթեւ նայի ամեն ինչին, քիչ սրտին մոտ ընդունի տարբեր իրավիճակները, եւ շարունակի ինձ սիրել այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ավարտեց նա:
Աղբյուրը՝ life.panorama.am