Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել Հայկուհի Մաթևոսյանն, ով հանրությանը հայտնի դարձավ «Միսս Արմենիա 2017»-ից:
-Հայկուհի, դուք ապագա իրավաբան եք, բայց նաև Ձեզ փորձում եք մոդելային աշխատանքում: Իրավաբան-մոդել համադրությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Այո, ես սովորում եմ ԵՊՀ-ում, ու թեև մոդելային և առհասարակ, բեմական աշխատանքը պարզապես պաշտում եմ, բայց երբեք թույլ չեմ տալիս, որ դա խանգարի կրթությանս: Ես փորձում եմ իմ ողջ ուժերս կենտրոնացնել դասերիս վրա, որպեսզի ապագայում լավ իրավաբան դառնամ: Ինչ վերաբերվում է համատեղելիությանը, հիմա կարողանում եմ ժամանակ տրամադրել իմ սիրելի հոբբիին` մոդելային արվեստին, բայց նաև գիտակցում եմ, որ այդ աշխատանքը այսպես կոչված «ժամկետ ունի»: Այնպես որ, ես հնարավորություն ունեմ հիմա զբաղվել իմ սիրելի հոբբիով, և դրան զուգահեռ սովորել` ապագայում լավ իրավաբան դառնալու համար:
-Հանրությունը Ձեզ ճանաչեց «Միսս Արմենիա 2017»-ից: Ինչպե՞ս որոշեցիք փորձել Ձեզ այդ հարթությունում և ի՞նչ տվեց այն Ձեզ:
-Առաջին քայլս եղավ «Միսս Արմենիա 2017» մրցույթը, որին մասնակցելու նպատակս մեկն էր` հաղթելը: Առաջին նախընտրական փուլից հետո ես անմիջապես հայտնվեցի եզրափակչում, հետո ընդգրկվեցի լավագույն տասնյակում, ինչը ևս ինձ համար ձեռքբերում էր, քանի որ չունենալով մոդելային բնագավառում փորձ` բավականին ուժեղ մրցակից էի: «Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի: Իրականում ես դեռ մանկուց էի ինձ պատկերացնում բեմում` լուսարձակների կենտրոնում, և հայտնվելով այստեղ` ես կրկին համոզվեցի, որ այս ասպարեզն իմն է: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ մինչ մրցույթն էլ շատերն անգամ փողոցում մոտենում էին ինձ և հարցնում, թե արդյոք մոդել եմ: Հետո մրցույթին մասնակցելու որոշումս էլ կայացրի այն բազմաթիվ կարծիքներից ելնելով, որ լսում էի թե ծանոթներից, թե անծանոթներից: Մինչ մրցույթն ունեի բազմաթիվ առաջարկներ սերիալներում նկարահանվելու, որպես հաղորդավարուհի ներկայանալու, իսկ մրցույթից հետո դրանք կրկնապատկվեցին: Ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ես բազում առաջարկներ ստացա բավականին հեղինակավոր դիզայներներից ու բրենդներից, և այսօր էլ դրանք շարունակվում են: Ի դեպ` մրցույթից հետո ես դադար վերցրի, որը չխանգարեց ինձ. Թվում էր, թե այդ ընթացքում ինձ կմոռանան, բայց առաջարկները այսօր էլ շարունակվում են:
-Հայկուհի, կարճ ժամանակ է, ինչ այս ոլորտում եք, բայց հետաքրքիր է, թե ինչպիսինն է Ձեր գնահատականը հայաստանյան մոդելային բիզնեսի վերաբերյալ:
-Գիտեք, ես ուզում եմ պահանջված մոդել դառնալ մեր երկրում և այդ ուղղությամբ քայլեր անում եմ. ես հասանելի չեմ բոլոր դիզայներների համար, ես գնահատում եմ իմ ժամանակն ու ռեսուրսները, որոնք ծախսում եմ: Ինչ վերաբերվում է ոլորտին, այն դեռ շատ թերի կողմեր ունի, բայց դրա մեղավորների շարքում են նաև դիզայներները, որոնք հագուստը կարում են պատվերով, նրանք ցուցադրություններ հազվադեպ են կազմակերպում, ինչը արդեն հետընթաց է: Կա նաև մեկ այլ թերություն. թյուր կարծիք է տարածված, թե մոդելը խելացի լինել չի կարող: Ես իմ օրինակով փորձում եմ և շարունակելու եմ փորձել ամեն հնարավորը, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ աղջիկը կարող է լինել և գեղեցիկ, և խելացի, և կշռադատված և տաղանդավոր, և զուսպ: Դրա համար էլ հայ աղջիկները ուզում են գնան արտերկիր այս մասնագիտությամբ զբաղվելու` մտածելով, որ այստեղ այս մասնագիտությունը չի գնահատվում: Իմ օրինակով նաև կարող եմ խթան հանդիսանալ այն աղջիկների համար, ովքեր ուզում են դառնալ մոդել, սակայն վախենում են այդ կարծիքներից: Իմ մասին խոսեցին, նաև քննադատեցին, դատարկ տեսանյութ տարածեցին, մի լավ մեկնաբանեցին համակարգչի մոտ նստած պարապ մարդիկ, բայց այդ դատարկ խոսակցություններին ես նշանակություն չտվեցի և սահուն քայլերով գնացի առաջ. այսօր ես ունեմ այն, ինչ ունեմ և ես գոհ եմ: Ի դեպ` մարդիկ մինչ այսօր քննարկում են, թե ես դեմքիս վրա պլաստիկ միջամտություններ եմ արել, բայց պետք է հայտնեմ, որ դեմքիս և մարմնիս վրա չկա ոչ մի արհեստական, պլաստիկ միջամտություն:
-Հայաստանում այս մասնագիտությունը շահութաբե՞ր է:
– Ես արդեն գումար աշխատել եմ մոդելային բիզնեսով զբաղվելով: Եթե ցանկանամ, ավելի շատ կվաստակեմ, բայց ես դրան որպես հոբբի եմ վերաբերվում և խորապես չեմ զբաղվում այդ ուղղությամբ: Այնպես որ, կարելի է ասել, որ այո, սա շահութաբեր մասնագիտություն է, թեև դրսում այն ավելի շատ է գնահատվում:
-Հայկուհի, մոդել լինել, նշանակում է չունենալ բարդույթներ և հարկ եղած դեպքում կիսամերկ, ֆոտոշարքերում ներկայանալ: Պատրա՞ստ եք այս ամենին:
– Ոչ, ես ունեմ բարդույթներ և հրաժարվում եմ կիսամերկ ֆոտոշարքերից: Գուցե սա լիներ իմ միակ մասնագիտությունը, և ես մտածեի, որ պարտավոր եմ չունենալ ոչ մի նման բարդույթ, սակայն, կրկնում եմ, սա իմ հոբբին է, և ես միայն փորձում եմ հաճույք ստանալ դրանից, այլ ոչ թե բարդույթներ կոտրել իմ մեջ: Գուցե ապագայում ամուսնանամ և ամուսնուս հորդորով գնամ դրան, բայց մինչ այդ` չեմ անի:
-Հիմա ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:
Հիշում եմ, մրցույթից հետո ինձ հրավիրեցին Միլան` ապրելու և աշխատելու, այն ժամանակ անգամ ունեցածս հաջողությանը չէի հավատում, ու մերժեցի, քանի որ ծնողներս թույլ չէին տա: Այսօր նման առաջարկ կա ԱՄՆ-ից, սակայն ես մշտական բնակությամբ հեռանալ չեմ ուզում: Հիմա աշխատում եմ առաջատար նորաձևության գործակալությունների հետ, որոնց միջնորդությամբ գուցե Հայաստանը ներկայացնեմ միջազգային մրցույթներում, սակայն այդ մասին ավելի ուշ կխոսեմ: Ինչպես նշեցի, առաջարկ ունեմ նաև որպես հաղորդավարուհի ներկայանալու: Խոսքը «Պոդիում Արտ» հաղորդման մասին է, որի առաջին նկարահանումներն արդեն արված են և այն շուտով եթերում կլինի: Գուցե ապագայում նաև որպես դերասանուհի ներկայանամ, քանի որ սիթքոմներից և սերիալներից հրավերները իսկապես շատ են:
Աղբյուրը՝ life.panorama.am