«Կարմիր բլուր» հեռուստասերիալն արդեն հասցրել է սիրվել ու իր հետևորդները ձեռք բերել: Այս հեռուստասերիալում գործող բազմաթիվ սիրված դերասաններին միացել է նաև Սուրեն Փահլևանյանը, ով նոր աշխատանքի, ինչպես նաև նոր բիզնեսի մասին խոսել է Life.panorama.am-ի հետ:
««Կարմիր բլուր»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Ելենա Արշակյանից, ում հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեմ. Միասին համագործակցել ենք դեռ «Աննա 2»-ից: Այսինքն` առաջարկն ընդունելու հարցում գլխավորը թիմն էր, որն ինձ համար շատ հոգեհարազատ է, և սցենարային հետաքրքիր լուծումները, ինչպես նաև այն կարևոր հանգամանքը, որ այստեղ ներկայանալս ոչ մի կերպ չի խոչընդոտում այլ նախագծերում ևս նկարահանվել»,- պատմեց նա:
Սուրենն այստեղ փոքր կերպարով է հանդես գալիս, բայց իր խոսքով` հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Սերիալի ողջ զարգացումները ընթանում են երկու ընտանիքների միջև, որոնցից մեկի հոր վարորդն եմ: Կերպարս թվում է, թե փոքր է, բայց իրականում նրա հետ կապված զարգացումներ կան, որը հեռուստադիտողը կտեսնի արդեն առաջիկա սերիաներում»,- նշեց նա:
Խոսելով դերասանական կազմի մասին` Սուրենը հավելեց. «Իմ կերպարային գիծը հիմնականում զարգանում է Վարդան Հովսեփյանի հերոսի հետ, ում հետ ընկերներ ենք և շատ հաճելի է միասին աշխատելը: Պետք է նշեմ, որ այստեղ իսկապես հավաքված են հետաքրքիր ու տաղանդավոր դերասաններ, որոնց միջոցով աշխատանքն ավելի գրագետ է ստացվում: Թե երիտասարդների, թե ավագների հետ կա ջերմ, ընկերական հարաբերություններ, ինչը ընդհանուր անձնակազմում կարևոր հանգամանք է»:
Ի դեպ` այժմ երկարատև դադարից հետո Սուրեն Փահլևանյանը ներկայանում է նաև «Երաժշտական խաչմերուկ» հաղորդման շրջանակներում, որով տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց: Հարցին, թե դժվար չէր արդյոք երկար դադրից հետո նոր հաղորդմամբ ներկայանալ, պատասխանեց.
«Ինձ էլ էր թվում, որ դժվար կլինի, բայց առաջին իսկ նկարահանումը առանց ընդհատվելու կայացավ: Շուրջ տասը տարի աշխատել եմ այս հաղորդման վրա, և այն ինձ շատ հարազատ է, թեև այս աշխատանքն ինձ բացի եկամուտից, ուրիշ ոչինչ չի տալիս, քանի որ դրա բնույթն է այդպիսին: Նաև այս հաղորդման միջոցով սկսել եմ զբաղվել մեքենաների առքուվաճառքով»:
Հարցին՝ նոր բիզնեսի հետ կապված հմտություններ արդեն ձեռք բերել է, Սուրենը պատասխանեց. «Գլուխ չեմ գովի ու չեմ ասի, թե նոր բիզնեսում շատ գործեր կան, բայց վստահ եմ, երբ ավելի ակտիվ սկսեմ գործել, ապա գլուխ կհանեմ»:
Աղբյուրը՝ life.panorama.am