Շատերին է հայտնի, որ երգչուհի Սոնա Շահգելդյանը մեծ սեր ունի կենդանիների նկատմամբ, եւ հատկապես անտուն կենդանիները մշտապես նրա ուշադրության կենտրոնում են, որոնց փորձում է հնարավորինս օգնել ու խնամել: Կենդանիների նկատմամբ յուրաքանչյուր վատ վերաբերմունք Սոնային խիստ հուզում ու նյարդայնացնում է, նման օրինակ եղավ նաեւ օրեր առաջ, երբ Գյումրիում բացահայտ կրակում էին շների վրա, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Սոնա Շահգելդյանը այդ միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում արտահայտվել էր կտրուկ ու խիստ` նշելով.
«Տականքներ, մի օր էլ դուք սրանից վատ վիճակի մեջ կլինեք: Մարդկությունը վերացել ա, շատ ցավալի ա: Իսկ որ հայ ազգն ա սենց անում, ահավոր ա ուղղակի, ոնց կարելի ա էդքան դաժան ու զզվելի լինել: Հազար ամոթ, ահավոր ա ուղղակի, որ մարդ չի ու խիղճ չունի»:
Այս թեմայի շուրջ Սոնան խոսել է նաեւ Life.panorama.am-ի հետ:
«Գիտեք, երբ մարդ կենդանիների նկատմամբ վատ է վերաբերվում, ապա դա արդեն խոսում է տվյալ մարդու ներաշխարհի եւ տեսակի մասին: Ինձ համար աններելի է, երբ մարդը կենդանիների նկատմամբ վատ է վերաբերվում: Դա նույն է, ինչ մարդը երեխայի նկատմամբ վատ վերաբերվի, օրինակ` երեխայի վրա կրակի: Եթե մենք քրիստոնյա ազգ ենք, ապա իրավունք չունենք նման բան անել, դա դաժան ու անմարդկային բան է, ի վերջո, այդ ամենի համար մի օր պատասխան են տալու Աստծուն: Ինքս անգամ դեմ եմ որսին, որը որոշ մարդկանց համար հոբբի է, սիրելի զբաղմունք, բայց ինչպե՞ս կարող ես հաճուք ստանալ օրինակ եղնիկի սպանելով, չէ որ դրանք Աստծո կողմից տրված արարածներ են»,- նշեց Սոնան` շարունակելով.
«Գիտեք, այս մասին շատերն են կենցաղային մակարդակում խոսում, բայց շատ կցանկանայի, որ հանրային մարդիկ այդ մասին բարձրաձայն խոսեն, հանրայնացնեն այս խնդիրը եւ փորձեն հարցին լուծում գտնեն»:
Սոնան նշեց նաեւ, որ այս խնդրին լուծում գտնելու համար որոշակի քայլեր է ձեռնարկել.
«Հարգում եմ բոլորին, բայց ես կփորձեմ հասնել նրան, որ այս հարցը քննվի եւ արդարացի լուծում ստանա: Ընկերներիս հետ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել ենք, դիմել ենք համապատասխան մարմիններին եւ հույս ունեմ, որ կկարողանանք ինչ-որ մի լավ արդյունքի հասնել: Հիմա դեռ վաղ է` ավելի մանրամասն ասելու, թե ինչ քայլեր եմ անում, բայց վստահեցնում եմ, որ հստակ գործելով առաջ ենք գնում: Գիտեք, բարի գործ անելը պետք է մարդու սրտի ցանկությունը լինի, եւ բոլորովին հարկ չկա այդ մասին բարձրաձայնել: Ինքս պատրաստ եմ եւ փորձում եմ ինչ-որ բանով օգտակար լինել թե կենդանիներին, թե մարդկանց: Միայն խնդրում եմ, այն մարդիկ, ովքեր ասում են, թե Հայաստանը շատ են սիրում, թող մի քայլ անեն, որ այդ սերը զգամ»,- հավելեց նա:
Աղբյուրը՝ Life.panorama.am