ORDINARICUS-ը գրել է.
Թող ինձ ներեն Լիլիթ Հովհաննիսյանն ու իր երկրպագուները, բայց ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու կերպարն ու մատուցած երաժշտությունը և ահա 10 պատճառ, որոնք իմ մեջ ձևավորում են նման խիստ բացասական վերաբերմունք՝ մեր շոու բիզնեսի այս կարկառուն ներկայացուցչի հանդեպ։
1. Կլկլոց ու մելիզմներ
Երբ Լիլիթ Հովհաննիսյանը դեռ Սուպերսթարում էր, նա բավականին հաճելի կատարումներ էր ունենում և ուներ բավականին հաճելի ձայնային տվյալներ։ Սակայն շոու բիզնես մուտք գործելուց հետո, Լիլիթը անտանելի մի սովորություն ձեռք բերեց, որի արդյունքում նրա գրեթե բոլոր երգերից անպակաս են թուրքա-արաբական մելիզմներն ու կլկլոցը, ինչը ազդում է իմ նյարդերի վրա։
2. Վուլգար կերպար
Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսահոլովակներում կա մի կայուն ու անփոփոխ բան. նա անպայման հանդես պետք է գա ինչ որ վուլգար կերպարում։ Ու խոսքը նրանում չէ, որ նա իր ոտքերն է ցուցադրում, ի վերջո դրանք գեղեցիկ են, բայց դրան էլ ձև կա։ Լիլիթ Հովհաննիսյանի կերպարները վուլգար են՝ ոչ թե չափազանց կարճ շորերի պատճառով, այլ գեղավարի չափերն անցնելու ու անկշտության պատճառով. լինի դա աֆրո ոճի սանրվածք, թե հանդերձարանում կիսամերկ տղաների հետ միկրոսկոպիկ շորտեր, թե իբր գնչուական ոճ։
3. Շպարի անհավանական քանակ
Նախորդ կետին ի հավելում, կնշեի շատ, անտանելի շատ շպարի կիրառությունը՝ տեսահոլովակներում։ Այնքան քննադատեցին սրա համար, որ ի վերջո սկսեց մեկումեջ նկարներ գցել, որտեղ այդ աստիճան «գաջված» չէ, բայց դե տեսահոլովակներում միևնույն է, շպարն այնքան շատ է, որ թվում է, թե շինանյութի խանութ են թալանել ու ողջ գաջն ու գիպսը կոսմետիկայի տեղ նաղդել են Լիլիթի վրա։
4. Պլագիատ
Ոչ ոք, լսո՞ւմ եք, ՈՉ ՈՔ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այդքան հաճախ չի բռնվել պլագիատի վրա, որքան դա եղել է Լիլիթ Հովհաննիսյանի պարագայում։ Էլ այդպիսի արտսահմանյան աստղ չմնաց, որից Լիլիթը չթխի շոր, սանրվածք, ոճ, երգ և այլն։ Արդյունքում, մի հատ շիլաշփոթ ոճի ենք ականատես լինում, որտեղ կա ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ. Բեյոնսե, Ջենիֆեր Լոպես, Սիառա և այլն։
5. Վահրամ Պետրոսյան
Այնպես չէր, որ Վահրամ Պետրոսյանը խելքահան էր անում երկրպագուներին, մինչև իր հանրահայտ հարցազրույցը, որտեղ նա սիրային դեֆերամբներ էր ձոնում մուղամին ու ադրբեջանական երաժշտությանը և պնդում էր, որ պորտապարը հայ կանանց արյան մեջ է, բայց այդ հարցազրույցից հետո, Վահրամը դարձավ մեղմ ասած աչքի փուշ ու այդպես էլ մնաց բոլորի համար։ Բոլորի, բացի Լիլիթ Հովհաննիսյանի։ Երևի իրոք պորտապարի պահն է, որ այդքան խորը հոգևոր կապ է ստեղծել։
6. Ինֆանտիլիզմ ու սահմանափակություն
Դուք հավանաբար տեղյակ չեք, բայց Լիլիթ Հովհաննիսյանը հարցազրույցներ տալիս է բացառապես գրավոր տեսքով։ Դրա համար էլ, հեռուստատեսային գրեթե ոչ մի հարցազրույց չես գտնի Լիլիթի, իսկ պատճառը նրանում է, որ Լիլիթը ինքնուրույն չի կարողանում գրեթե ոչ մի հոդաբաշխ ու իմաստալից բան ասի և նրա փոխարեն հարցազրույցների ժամանակ վաղօրոք տրված հարցերին պատասխանում են հատուկ մարդիկ։ Դե ինֆանտիլիզմի մասով էլ՝ գործ ունենք դրա դասական դրսևորման հետ, երբ մարդն արդեն համարյա 30 տարեկան է, բայց իր շարժուձևը, կենսական առաջնահերթությունները և մտածելակերպը էապես չեն տարբերվում 12-13 տարեկան «ղզիկ» ու «թիթիզ» աղջկանինից։
7. Կյանքի խոսք
Ինձ գուցե քննադատեք սրա համար, բայց ես չեմ սիրում աղանդները, իսկ Լիլիթը Հայաստանի ամենավտանգավոր աղանդի՝ Կյանքի Խոսքի կարկառուն ներկայացուցիչներից է, ինչը բնավ չի ավելացնում իմ համակրանքը նրա հանդեպ։
8. Բացարձակ անհանդուրժողականություն քննադատության հանդեպ Լիլիթ Հովհաննիսյանը պարզապես զուրկ է քննադատությունն ընդունելու ունակությունից և ամեն անգամ արձագանքում է խիստ ցավոտ, երբ իր հասցեին թթու խոսք են ասում, նույնիսկ եթե այդ խոսքը տեղին է։ Դե իսկ ամենակնառու կերպով այս վերաբերմունքը երևում է նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ հեռացվում են բոլոր այն մեկնաբանությունները, ովքեր գոնե մեղմ քննադատություն են պարունակում Լիլիթի հասցեին։
9. Նանուլ
Անձամբ ինձ համար, մեր շոու բիզնեսում դժվար է գտնել ավելի նյարդայնացնող երևույթ, քան Նանուլն է։ Քանի դեռ ինձ չեք հոշոտել, ասեմ, որ ես երեխային չեմ մեղադրում ու ոչինչ չունեմ նրա դեմ, բայց այն սարսափելի վանող ու անբնական կերպարը, որի մեջ մատուցում են այս մանկահասակ երեխային, պարզապես անտանելի է և այդ երևույթի պատասխանատվությունը առաջին հերթին Նանուլի ծնողներինն է, իսկ հետո Լիլիթ Հովհաննիսյանը, ում շալակին էլ էս խեղճ երեխային մտցրեցին ասպարեզ։
10. Իր անճաշակությունը՝ ժողովրդի վրա գցելը
Ու վերջապես, վերադառնանք արմատներին։ Պարբերաբար ասվում է, որ Լիլիթ Հովհաննիսյանը երգում է հենց այն, ինչ ժողովուրդը սիրում և գնահատում է, դրա համար էլ պետք չէ պիտակավորել։ Սա շատ ցածր քայլ է՝ սեփական ցածր ճաշակը մատուցել, որպես հանրային պահանջարկը բավարարելուն ուղղված քայլ և շա՜տ մեծ ու կոպիտ ընդհանրացում անելով՝ Լիլիթ Հովհաննիսյանի մի քանի հազար անճաշակ երկրպագուներին մատուցել, որպես «ժողովուրդ»։ Եթե Լիլիթ Հովհաննիսյանի մատուցած երաժշտական աղբն է պահանջված, ապա ինչպե՞ս եղավ, որ օրինակ՝ SOAD-ի համերգին ավելի շատ մարդ կար, քան կլինի երբևիցե՝ Լիլիթի համերգներին։ Նման երաժշտությունը հավանողը կյանքում Լիլիթ Հովհաննսիյանի երգերը չի կարող սիրել և հակառակը։ Այս ամենի ստեղծած համամասնությունն էլ ձեևավորում է իմ բացասական վերաբերմունքը և ստիպում է ինձ ասել, որ ես տանել չեմ կարողանում Լիլիթ Հովհաննիսյանին։
Աղբյուրը` Yelaket.am