««Մի գնա»–ի 98 տոկոսը ես եմ արել». Սպիտակցի Հայկոն զայրացած է Սուպեր Սաքոյի քայլից և պատրաստվում է հեղինակային իրավունք գրանցել

Սուպեր Սաքոն և ֆրանսիացի հայտնի ռեփեր Maître Gims–ը տեսահոլովակ են ներկայացրել «Մի գնա» երգի հիման վրա։ Այս հանգամանքը զայրացրել է Սպիտակցի Հայկոյին։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակում պետք է մասնակցություն ունենար նաև ինքը, սակայն ինչ–ինչ պատճառներով չի կարողացել մեկնել նկարահանումների։

«Իմ երգն է, իմ երգի տակ իրենք նկարահանվում են, սակայն ես չկամ։ Ես գիտեի, որ նման տեսահոլովակ է սպասվում, սակայն գիտեի, որ իմ կադրերից պետք է դրվի տեսահոլովակում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ ես եմ երգում այդ երգը։ Սա իմ երգն է։ Իրենք երկուսը ռեփ են կարդում, բայց իմ երգի տակ են կլիպ նկարահանում, դա ինչքանո՞վ է ճիշտ»,– ասաց նա։

Հայկոն պատրաստվում է իր անունով գրանցել երգի հեղինակային իրավունքը. «Ես ուզում եմ վերցնել երգի հեղինակային իրավունքը, որովհետև իրավունք չունեն նման բան անել։ Սա արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է»։

Երգիչը  կարծում է, որ երգի հիթային հատվածն իր կատարմամբ է հնչում։ «Էս երգի 98 տոկոսը ես եմ արել։ Youtube–ում մի վիդեո գտեք, որ իր ռեփի տակ են երգը կատարում»,– ասաց նա:

Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Սուպեր Սաքոյին աստղ են տվել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Ըստ լուրերի` այն մեծապես կապված էր «Մի գնա» երգի հաջողության հետ։ Սպիտակցի Հայկոն նշեց, որ ինքը ներկա է եղել այդ արարողությանը.«Այդ համերգը եղել է իմ երգի հիման վրա։ Համերգի անունը եղել է «Մի գնա»»,– ասաց նա, ապա հավելեց, որ այդ թեմայի մասին խոսել չի ուզում։ Երգիչը համարում է, որ երգն իրենն է, սակայն հաջողությունը Սաքոն ունեցավ։

Երգչից տեղեկացանք, որ Սուպեր Սաքոյի հետ դեռ չի խոսել այս մասին։ Հայկոյից հետաքրքրվեցինք, թե այժմ ինչ հարաբերություններ ունի Սաքոյի հետ։ «Սաքոյի հետ առայժմ ջերմ ընկերական մթնոլորտ է տիրում, սակայն եթե ինքը սկսի այսպիսի բաներ անել… ես ահավոր զայրացած եմ իր վրա,– ասաց նա ու հավելեց, որ այս ամենը լարվածություն է ստեղծել հարաբերություններում, –Այո, գնալով, ավելի է լարվում։ Երգը մենք երկուսով ենք արել, ուրեմն մեր երկուսինը  պետք է լինի։ Ստացվում է, ինքը երգը վերցնում է, այլազգի հանրաճանաչ մեկի հետ ներկայացնում է, ես մեջտեղից դուրս եմ գալիս, սակայն արի ու տես, որ այդ երգի գլխավոր, ամենակարևոր,  ճանաչելի հատվածը ես եմ արել»։

Աղբյուրը՝ life.tert.am