Լուսիկ Ագուլեցին տարազով կովի և Եվրոտեսիլ հայ Կոնչիտա ուղարկելու մասին

Այս օրերին, երբ ողջ ֆեյսբուքահայությունը և ոչ միայն, մեծ ոգևորությամբ քննարկում ու քննադատում է կանթնամթերքի գովազդային վահակի վրա հայտնված տարազով կովին, ստվերվել է նույն կոնտեքստում շատ կարևոր մեկ այլ իրադարձություն: Հայ աստղերի համար ինքնադրսևորման թերևս ամենակարևոր հարթակում՝ «Եվրոտեսիլ» միջազգային մրցույթում որպես մասնակից ու թեկնածու ներկայացել է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Կամիլ  բեմական անվամբ ու կերպարով:

Այն թե, որքանով կարող է այս քայլը վնասել հայկականությանը, ինչպես կարելի է կանխել նման քայլերն ու արդյոք Եվրոտեսիլում 2-րդ Կոնչիտա ուղարակելը նույն բանը չէ, ինչ կովին տարազ հագցնելը, ArenaNews.am կայքը փորձեց ճշտել ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուց:

– Տիկին Ագուլեցի, Դուք որպես ազգագրագետ, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ փորձ է արվում Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնել նման կերպարով:

-Գիտեք՝ ես Արսենին շատ եմ հարգում, ինքը լավ երգիչ է ու լավ արվեստագետ, ու թեպետ ես իրավասու չեմ ասել, թե դա ճիշտ է, թե սխալ, քանի որ դրա համար կան հատուկ մասնագետներ, բայց ուղղակի չեմ կարող չնկատել, որ դա հայ մարդուն հարիր չէ: Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ,  չի կարելի համատեղել: Ես դա չեմ ընդունում, մեզ դա հարիր չէ:

Ու դրսում էլ դա չեն ընդունի, որովհետև այդ տարի հաղթեց Կոնչիտան, բայց հաղթեց ոչ թե կերպարը, այլ՝ երգը: Երգն էր լավը,  այն կհաղթեր, եթե անգամ դա երգեր սովորական կերպարով մեկը:

Կոնչիտան առաջին տեղ գրավեց, բայց նա ոչնչություն է: Ոչինչ, որ Aram mp3-ն այդ տարի 1-ին տեղը չգրավեց, ոչինչ, որ նա չհաղթեց, նա ամեն դեպքում շարունակում է մնալ մեծ ու տաղանդավոր արվեստագետ: Եվրոտեսիլը ի՞նչ մի մեծ բան է, որ արտիստները նման քայլի գնան:

-Եթե հաստատվի ու իսկապես Կամիլը ներկայացնի Հայաստանը, դա ըստ Ձեզ, որքանո՞վ կվնասի Հայաստանի միջազգային իմիջին:

-Չպետք է մոռանանք, որ մարդիկ մինչև 20-ական թթ.  հայ կնոջ գոգնոցի առաջ խոնարհվել են, որովհետև մարդը ծնվում է կնոջ արգանդից, և լսած կլինեք, որ անիծում են այն կնոջը, ով վատ զավակ է բերել՝ ասելով անիծվի արգանդդ, և օրհնում են արգանդը կնոջ, ով լավ զավակ է ծնում:  Սիրուն բան չի էլի, հայ տղամարդուն հարիր չի, տղամարդը չի կարող ծնել, եթե կարող է ծնել, թող զգեստ հագնի:

Մեր պատմության մեջ հայ կնոջ կերպարը ներկայացնող այնպիսի դրվագներ կան, որ ողջ աշխարհում նման դեպքեր տեղի չեն ունեցել: Մի հայ կին ժամանակին տարազ է գործել ու գնացել է Ֆրանսիա, որտեղ բերդերից մեկում էլ իր տղան է եղել: Ֆրանսիայի թագուհին, տեսնելով հայ կնոջն ու նրա տարազը, խնդրել է իրեն տալ այդ տարազն ու դրա դիմաց ազատ է արձակել հայ կնոջ որդուն: Ախր նման պատմություն ունեցող մարդն ինչպես կարող է իրեն թույլ տալ, տղամարդ լինելով հանդերձ, կանացի զգեստ հագնել, իրենք պետք է ամաչեն, չանեն նման բան՝ կանացի զգեստով բեմ դուրս չգան,  աշխարհի առաջ այդպես չներկայանան:

– Իսկ այն, որ Եվրոտեսիլ մրցույթը ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ և ոչ թե ինչ-որ ժամանացային հեռուստաալիքով, ավելի չի՞ մեծացնում վտանգը՝ մեր դիմագիծը աղճատված ներկայացնելու տեսանկյունից:

-Համաձայն եմ, չի կարելի կուլ գնալ, հայը հայ  պետք է մնա՝ իր ավանդույթներով:   Եթե նրանք դա չեն ընդունում, անիմաստ է դրա մասին խոսել: Թող մեր պատմությունն ուսումնասիրեն, գրքեր կարդան՝ ինչ է տղամարդը, ինչ է կինը, ինչ մեծություն է իրենից ներկայացնում կինն ու ինչքան հանճարեղ է տղամարդը:

-Եվ վերջում, տիկին Ագուլեցի օրերս կայքերից մեկը տարազով կովերի գովազդային վահանակի թեմայով զրուցել էր Ձեզ հետ ու դա ինչ-որ խոսակցությունների տեղիք էր տվել: Կխնդրեմ մի փոքր էլ այդ մասին մանրամասնեք:

Այո, այդ թեմայի մասին խոսելիս ես օգտագործել էի շինել բառը, կոպիտ բառ էի  ընտրել, որ պարզ լինի ասելիքս, բայց ասել էի ոչ այնպես, ինչպես իրենք են մեկնաբանել:  Շենքն էլ են շինում, այգին էլ են շինում: Շինել բառը ես օգտագործել եմ ոչ ամուր հիմքերի վրա կառուցելու իմաստով, այսինքն եթե դու ինչ-որ բան ես կառուցել, որը լավ ես կառուցել ամուր հիմքերի վրա ես դրել, դա լավ է, բայց եթե կառուցում  ու թերանում ես, վատ ես անում՝ դա լինում է շինել: Տվյալ դեպքում, եթե կովին տարազ են հագցրել, դա վատ է, նույն կերպ կարող էին առյուծի գլխին արքեպիսկոպոսի գլխարկ դնել: Ես դա չեմ ընդունում, դա ճիշտ չէ, չէ որ մեզ համար տարազը սրբություն է:

-Իսկ փորձե՞լ եք այդ լրագրողի հետ կապ հաստատել, որպեսզի շտկի հրապարակումը:

-Այո, իրենց հետ կապ հաստատել եմ, բայց հրապարակումը ոչ շտկել են, ոչ էլ հեռացրել: Նախնական հարցազրույցի ժամանակ ես իր հետ երևի կես ժամից ավելի խոսել եմ.  տարազի գաղափարախոսությունն եմ ներկայացրել, սերմի, նռան հատիկի կարևորությունն եմ մեկնաբանել ու օրինակներ բերել, բայց իրենք հենց այդ միտքն են ընտրել ու սխալ մեկնաբանությամբ ներկայացրել:

Աղբյուրը՝ ArenaNews.am