Exclusive. Իրականում ինձ Հայաստանում ոչինչ չէր խանգարում. Արտավազդ Ամիրյան

LosArmNews.am կայքը զրուցել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավար, շոումեն Արտավազդ Ամիրյանի հետ:

-Արտավազդ, ԱՄՆ մեկնելուց հետո տված Ձեր առաջին հարցազրույցում նշել էիք, որ ԱՄՆ տեղափոխվել եք որոշակի ծրագրերով ու գաղափարներով, խոսքն ծրագրերի մասին էր, որքանո՞վ դրանք իրականացան:

Կային որոշակի գաղափարներ ու ծրագրեր, որոնք իրականացան այս տարվա ընթացքում, բայց դրա հետ մեկտեղ այստեղ էլ են ծնվել նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք այս պահին ընթացքի մեջ  են և հուսով եմ՝ դրանք  էլ իրենց հերթին  կյանքի կկոչվեն:

Այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում են ապրում շատ լավ կհասկանան ինձ, որ, որոշ ժամանակ ապրելով այստեղ, ծանոթանալով այստեղի  ապրելակերպին, մտածելակերպին, ինքնաբերաբար ծնվում են նոր անելիքներ ու սկսում ես տրվել այդ ծրագրերի իրականացմանը,  այնպես որ անելիքներ դեռ շատ կան ու դեռ առջևում են նոր նախագծերը:

-Ի՞նչն էր խանգարում, որ այդ գաղափարներն ու ծրագրերն իրականացնենք Հայաստանում:

Իրականում ինձ Հայաստանում ոչինչ չէր խանգարում: Ես այնտեղ էլ շատ նախագծեր եմ իրականացրել: Շուրջ 10 տարի իմ կողմից հիմնադրված  SlideArt ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, համերգներ , պետական ու ոչ պետական նշանակության միջոցառումներ, պարզապես ցանկությունը մեծ էր նաև այստեղ փորձելու, այստեղ որոշակի ծրագրերով հանդես գալու, բայց ուզում եմ նշել, որ այսօր էլ մեր պրոֆեսիոնալ թիմը շարունակում է Հայաստանում գործունեությունը:

Այնպես որ կապը Հայաստան-Լոս Անջելես միշտ պահպանվում է, ու միգուցե նաև շուտով այդ կամրջի միջոցով էլ ծրագրեր կյանքի կոչվեն:

-Հիմա կոնկրետ  ի՞նչ գործունեություն եք ծավալում ԱՄՆում:

Ի ուրախություն ինձ այժմյան  գործունեությունս կրկին կապված է միջոցառումների կազմակերպման հետ: Այստեղ էլ մեր հայրենակիցները նշում են առիթներ, համերգային ծրագրեր, կազմակերպվում են շատ ու շատ երեկոներ, որոնց նաև իմ մասնակցությունն եմ ունենում՝ թե որպես հաղորդավար, թե որպես կազմակերպիչ: Անպես որ իմ գործունեությունը, որպես հաղորդավար, շարունակվում է նաև այստեղ:

Մենք ունենք հրաշալի, գնահատող ու շնորհակալ հայ համայնք, ունենք շատ տաղանդավոր երգիչներ, արտիստներ, երաժիշտներ, որոնց հետ աշխատելը պարզապես հաճույք է, ու կարծում եմ, որ ընթացքում մտածված բոլոր նախագծերը նրանց շնորհիվ էլ կիրականացվեն:

-Մի առիթով նշել էիք, որ ուզում եք 7 երեխա ունենալ, դեռ այդ մտքի՞ն եք:

Այո, իհարկե նույն մտքին եմ, որքան շատ հայ ընտանիքներում ծնվեն երեխաներ, այնքան մենք ուժեղ ու ամուր կլինենք, բայց իմ ամենամեծ ցանկությունն է , որ այդ երեխաները իրենց ներուժը, իրենց գիտելիքներն ու ծրագրերը կյանքի կոչեն հայրենիքում՝ Հայաստանում, մեր երկրում: Եվ ի ուրախություն ինձ ասեմ, որ այստեղ մենք ունենք շատ հայեցի դաստիարակությամբ ընտանիքներ, որոնք որքան էլ ծնվել ու մեծացել են այստեղ, մնացել են հայ ու հայի տեսակը կարողանում են պահպանել այս երկրում, կարողանում են փոխանցել երեխաներին:

-Արտավազդ, իսկ հե՞շտ է ոչ հայկական միջավայրում երեխա դաստիարակալըինչ դժվարություններ կան այդ առումով:

Իհարկե հեշտ չէ, բայց հավատացեք, որ այստեղ ամեն բան ստեղծված է երեխայի հայ դաստիարակության համար: Հանրակրթական դպրոցներ, արվեստի ու պարային կենտրոններ, երաժշտական դպորցներ, մանկապարտեզներ և այնտեղ հաճախող երեխաները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ են նշում , որ իրենք հայ են, մեծ ուրախությամբ են պարում ու երգում հայերեն, շատ լավ գիտեն մեր հայոց պատմությունն ու ծանոթ են հայ գրականությանն ու մշակույթին ու ես վստահ եմ , որ այդ երեխաները վաղը դառնալու են մեր երկրի լիիրավ քաղաքացիներ , այստեղի փորձն ու գիտելիքները, այստեղ սովորածը ներդնելով մեր երկրում, մեր հայրենիքում: Գիտեք տպավորությունն է այնպես, որ եթե

Ամերիկայում են ուրեմն արդեն ամերկացած են…. ոչ բոլոր հայ ընտանիքներում պահպանվում է հայկականը, հայոց լեզուն, հայկական արժեքները, այլապես մենք այսօր չէինք ունենա այսքան հզոր ու հայրենիքին նվիրված սփյուռք, որն ամեն հարցով և ամեն օր աջակից է իր հայրենիքին:

LosArmNews.com