ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Լևոն Շարաֆյանը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ, ով նշեց, որ արդեն 8 տարի չի եղել Երևանում, սակայն հետևում է Հայաստանում կատարվող գործողություններին:
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում ես, անշուշտ, հետևում եմ, բայց կոնկրետ ոչինչ ասել չէմ կարող, որովհետև իմ պատասխանը հիմնվելու է զանազան ասեկոսների և բամբասանքների վրա, իսկ ես այդպես կարծիք հայտնել չէմ ուզում, կլինի սխալ, քանի որ ես Երևանում չեմ, և ութ տարի չէմ եղել իմ սիրած քաղաքում: Բայց գիտեմ մի բան, որ ամեն ինչ ծռվել է իսկ շտկող չկա, որովհետև ոչ ոք իր տեղում չի: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով»,- նշեց դերասանը:
Խոսելով ներկայիս զբաղվածության մասին, Լևոն Շարաֆյանը պատմեց, որ հիմա դեռ նկարահանվում է «Վտանգավոր խաղեր» սերիալում: «Ավարտվեցին «Քավոր» ֆիլմի նկարահանումները, այսինքն` «Էմիգրանտներ» սերիալի շարունակությունը, և մեկ-երկու ամսից կսկսենք «Քավորը» սերիալը: Սրանք ռեալ ծրագրերս են»,- նշեց դերասանն, ում խոսքով`էլի նախագծեր կան, բայց խոսել դրանց մասին դեռ վաղ է համարում:
Լևոն Շարաֆյանը նաև նշեց, որ մյուս տարի պատրաստվում է գալ Հայաստան. «Իմ 70 – ամյակը ուզում եմ նշել իմ թատրոնում` իմ ընկերների և կոլլեգաների հետ»,- ամփոփեց նա:
Հարցազրույցն` Անի Մնացականյանի