«Տապալել ցանկացողներ կան, սակայն թիմը հենց այն ամուր վահանն է, որով և տոնը պաշտպանված է» . Դավիթ Ասատրյան

«Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն»՝ ահա այսպիսի խորագիր է կրում հունվարի 28-ին Ամերիկայի հայաշատ Գլենդել քաղաքում «Grand-Party» ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումը:

Culture.AM-ը կապ հաստատեց կազմակերպիչների հետ՝ նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար:

2015 թվականին ազգային ոգու և հպարտության մի խումբ ջահակիրներ համախմբվեցին մեկ նպատակի շուրջ՝ հայոց բանակի տոնը ամրագրել Լոս Անջելեսում բնակվող հայ մարդու տոնացույցում՝ բարձր պահելով ազգային ոգին: Համախմբվեցին և համախմբեցին տարբեր մարդկանց իրենց գաղափարի շուրջ, հասան նրան, ինչին ձգտում էին՝ կազմակերպել այնպիսի միջոցառում, որի առանցքը հայոց փառապանծ բանակն է՝ իր հերոսական պատմությամբ, հերոսական զավակներով՝ անցյալի շքեղ հաղթանակների և այսօրվա կայուն իրականության լուսապսակը գլխին:

Լավագույն ավանդույթները շարունակելով՝ միջոցառման գեղ. ղեկավար, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը վստահեցնում է՝ այս տարի միջոցառումը տասն անգամ ավելի մեծ և ավելի կշռադատված է լինելու. «Հունվարի 28-ին մենք մեկ անգամ ևս պիտի հանդիպենք մեկս մյուսի հետ և նորոգենք այնհավատամքը, որի ամեն տողն ու տառը սրբագործված է հայ զինվորի արյամբ: Հունվարի 6-ը քրիստոնեական սուրբ զատիկն է, հունվարի 28-ը՝ մեր ազգային սուրբ ծնունդը»:

Դավիթը մեզ հետ զրույցում ուրախությամբ և հպարտորեն փաստում է ՝ լսել են տարբեր կարծիքներ, բայց գերակշիռը եղել են դրական արձագանքները, անկեղծորեն խոստովանելով նաև՝ բացթողումներ, սխալներ էլ եղել են, բայց իրենք, ինչպես ամեն բանագետ մարդ, իրենց սխալներից միայն սովորել են. «Իհարկե, իրար խառնվեցին նաև սառցե սրտերով տեսակները, նրանք, որոնց համար հայրենիքը սկսումէ սեփական քթից և ավարտվում որովայնում: 26 արտիստ, 3 պարախումբ՝ այս ամենը վկայում է, որ ոչմիայն ոչինչ կորած չէ, այլև գտնելու ճանապարհին է»:

Իրենց խանգարել փորձողներին Դավիթը բնութագրել չցանկացավ, ասում է՝ ժամանակն է ափսոս, իսկ նման գաղափարը խաթարելու պատճառը իր կարծիքով մեկն է՝ անձնական ամբիցիա, որն էլ զրուցակիցը համարում է չարիքների չարիքը. «Այսօր էլ տապալել ցանկացողներ կան, սակայն այնթիմը, որ այսօր կանգնած է գործի գլխին, ամուր է և միասնական… Այն բոլոր արտիստները, որմասնակցելու են միջոցառմանը, հենց այն ամուր վահանն են, որով և տոնը պաշտպանված է»:

Ինչպես անցած տարի, այս տարի ևս միջոցառումը բարեգործական բնույթ է կրում: Եթե անցած տարի մուտքն ազատ էր, և հանդիսատեսը անվճար է ներկա եղել համերգին, ապա այս տարի հավաքվող գումարը կտրվի «Զինվոր» համակարգող խորհրդին, վերջինս էլ, համագործակցելով ՀՀ ՊՆ-ի հետ, գումարը կօգտագործի նպատակային:

Շտապելով ավարտին հասցնելու վերջին կիսատ մնացած աշխատանքները՝ Դավիթը խոսքը եզրափակում է կոչով. «Մեր ժողովրդի արժանավոր զավակաները միշտ գորովանքով, հպարտությամբ ևանսահման հարգանքով են ընկալում և արտահայտվում հայ մեծերի մասին՝ Անդրանիկ, Նժդեհ, Չաուշ և այլք։ Կցանկանամ՝ ինքներս մեզ համար մի բան ամրագրենք՝ այսօրվա Չաուշն ու Նժդեհըտասնութ,տասնինը տարեկան մեր եղբայրներն են՝ կանգնած Հայաստանի և Արցախի սահմաններին»։

 

Վահագն Հակոբյան (Culture.AM)