(ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ)
-1-
Երբ որ ցերեկը
Դանդաղ նահանջով
Պարտվեց ի վերջո՝
Դիրքը զիջելով անանց խավարին,
Հոգնած այս կյանքից,
Ամենից հոգնած, զզված ամենքից՝
Գլուխս դրի չոր մահճակալին,
Որ գեթ գիշերը քիչ հանգստանամ.
Աչքերս փակեմ ամեն ցավի դեմ,
Ականջս խցեմ ժխորի առաջ
Եվ մի ժամ գոնե հանգստում քնեմ:
Հին սարսափներով հոգիս հանեցի,
Զանազան մտքեր ինձնից վանեցի,
Եվ քունը դանդաղ իջավ աչքերիս:
Քնեցի… Եվ ի՜նչ…
Մի երազ տեսա.
Երազ, որ գուցե երկար թափառել,
Անցել էր դարեր ու հասել էր ինձ,
Երազ, որ պոկվել դարերի խորքից
Ու բերնեբերան լցրել էր հոգիս…
——————————————————-
Ուշ աշնանային
Ցրտաշունչ մի օր
Իմ հայրենիքի հեռու-հեռավոր
Մի փոքրիկ գյուղում,
Ուր արեգակը՝ գնդակի նման
Սարերի գրկում թավալ է գալիս,
Ուր ժողովուրդը իր արտն է վարում
Ու բախտն է լալիս…
Հենց այդ աշխարհում՝
Մի մաքուր տան մեջ,
Ութսունյոթ թվին մի մանու՜կ ծնվեց…
Ծնվեց մանուկը,
Մեծացավ անհոգ…
Նա և՛ ուշիմ էր, և՛ չարաճճի
(Դեռ փոքրուց
Ինչ-որ ներքին մղումով
Սիրում եր երգել երգը Նժդեհի)…
-2-
Նա չէր հասցրել դեռ ամուր քայլել,
Երբ զգաց՝ ինչ-որ բան է պատահել.
Հայրն ամիսներով էլ տուն չէր գալիս,
Մայրն օրորում էր իրեն ու լալիս…
Երգեր էր երգում մայրը դառնացած.
<<Արծի՛վ , սլացի՛ր>> , <<Ե՛լ, դաշնա՛կ Դրո>>…
Եվ կամ՝ լալագին.
<<Կոտորածն անգութ>>
Ու <<Քելե՛, լաո՜>> …
Իսկ որդին լսում,
Բան չէր հասկանում,
Բան չէր հասկանում,
Բայց մոր հետ մեկտեղ
Ինքն էլ էր լալիս
Ու հորն էր կանչում …
Նա դեռ չգիտեր,
Որ հայրն իր, հեռվում
Սեփական կյաքը վտանգի տալով ,
Բազում իրպեսի կյանքեր էր փրկում,
Որ պաշտպանում էր հողը հայրենի,
Որ հայոց բախտի սյունը չբեկվի,
Արյուն չլակի՜ թուրքը վայրենի…
Ուշ-ուշ էր հայրը կռվից տուն գալիս,
Վզովն էր ընկնում իր ծուռ բալիկը,
Եվ կռվից բերած զենքերը արնոտ
Դառնում էին նրա նոր խաղալիքը:
Հոր հետ գալիս էին բազում քաջ այրեր՝
Դեմքերը խանձված,
Մարմիններն իրենց վերքերով պատած…
Հանում էին քնից փոքրիկ տղային,
Որ նրա թոթով հայհոյանքներից
Մի քիչ խնդային,
Լային երգերով…
Գիշերն ու օղին մի քիչ քաղցրանային:
-3-
Անցավ կռիվը, ու ողջը անցավ.
Լռեցին ռազմի երգերը վսեմ,
Եվ արյան հոտը մի քիչ հնացավ,
Ու արնոտ հողում ծլեց մի նոր սերմ…
Եվ արդեն կռվից տուն դարձած հոր հետ
Պատանին լծվեց դաշտի գործերին,
Գառները դեպի սարերը քշեց
Ու գետը տարավ ծարավ հորթերին:
Եվ իբրև մի նոր <<Գառնարած Դավիթ>>՝
Սիրեց հայրենի լեռները քարոտ
Եվ այնքան սիրեց, որ տուն դառնալիս
Հազիվ էր շարժում ոտքերը արնոտ:
-4-
Բայց ո՞վ է հային երկար բախտ տվել
(Այն էլ հերոսի գեներով սնված)
Եվ մի օր Աստված երես դարձրեց.
Համբարձվեց կարծես մի ուրիշ Աստված.
Որբացավ տղան, մորը կորցրեց.
Նա գնաց՝ վերում հա՜ր սրբանալու,
Ամենից սիրուն երազը խփվեց,
Կորավ հնարը չխենթանալու…
Տղան խենթացա՜վ ահավոր վշտից,
Պատեպատ խփվեց – զարկվեց քարեքար,
Հեկեկում էր նա զօր ու անդադար,
Այրում էին նրան
Օրեր ու հուշեր,
Ու նա մեն-մենակ
Մութ – խավար գիշեր
Բոլորից թաքուն մորն էր այցելում,
Շիրիմին դնում քնքուշ ծաղիկներ…
Խոսքերն էր հիշում մահացած իր մոր.
<<Որդի՛ս, չմեռնեմ,
Տեսնեմ՝ մեծանաս,
Ազգիդ արժանի զավա՜կը դառնաս>>…
Նա դեռ չգիտեր,
Թե ինչպես իր մոր խոսքը կատարի,
Թե ինչպես լինի արժանի զավակ,
Որ մայրը հանգիստ շիրիմում քնի…
Բայց երբ իմացավ…
…Մի աշնանային ցրտաշունչ գիշեր՝
Բոլորից թաքուն
Դուրս եկավ տնից
Եվ չխորշելով գայլ ու գազանից՝
Մոր ճամփան բռնեց
Քար ու քռերով…
Կանգնեց պատանին մոր շիրմի առաջ,
Երդվեց,
Որ կյանքում ուր էլ որ գնա,
Ի՜նչ էլ որ անի,
Հայ ոգու ուժով պիտի ամրանա,
Հայի վերքերով պիտի տապակվի,
Հայոց փառքերով պիտի վեհանա
Ու ֆիդայի հոր ճամփից չշեղվի…
Երդվեց և ապա
Զորությամբ լցվեց
(Կարծես խոստացված դրախտը տվին),
Որպես ֆիդայի՝ ցած իջավ սարից…
Ֆիդայի՝ այս նոր վարձկանի թվին:
-5-
Ապա, խենթի պես
Կյանքի գիրկն ընկած,
Սկսեց սիրել, սիրվեց շատերից…
Շատերի համար տիրակալ դարձավ,
Եվ ստրկացվեց, ավա՜ղ, շատերից,
Հետո էլ սիրեց մի չքնաղ կույսի,
Մի լույս աղջկա՝ խելագար սիրով…
Եվ ինքն էլ սիրվեց այդ կույսի կողմից
Ու վառվեց նրա կրակով, հրով…
Սակայն էլ ի՞նչ սեր՝ առանց դառնության,
Առանց արցունքի ու հայհոյանքի.
Սիրածը մի օր գնաց կնության.
Լռեցին կարծես զանգերը վանքի…
Երկրորդ հարվածն էլ տղան ստացավ.
Մի նոր ահավոր լքում նա երգեց…
Հասավ դռները ահավոր մահվան,
Մի ոտքը անգամ դռնից ներս դրեց
Եվ երբ երկրորդն էր ուզում ներս դնել,
Մոր շիրմին տված երդումը հիշեց
Եվ հիշեց թե չէ,
Ոտքը ետ քաշեց…
-6-
Թողեց պատանին գյուղը հայրենի,
Թողեց հուշերը ձորերում մթնած,
Եվ այս քաղաքում՝ պիղծ ու վայրենի,
Եկավ, որ ասի՝ վերում կա Աստված:
Խելոք էր տղան,
Ազնիվ ու բարի,
Տվել էր իրեն մի գաղափարի,
Որին, լա՜վ գիտեր, կհասնի մի օր…
Գրքեր էր կարդում գիշեր ու ցերեկ,
Գրում էր ինչ-որ անկարգուկանոն
Սիրային երգեր…
Ու մեծանում էր տղան օր օրի:
Ինքը՝ նույն մեծքիթ,
Նեղաչք պատանին,
Բայց գլխու՜մ նրա…
Բլոկի նման նա էլ հասկացավ,
Որ <<Երազների տիկինը չքնաղ>>,
Անցնելով կյանքի դավ ու դառնության,
Անարդարության վարարած գետով,
Կարող է լինել և չար դավաճան
Եվ նույնիսկ նենգող…
Ու կանանց հարցում
Եվպատորն էր, որ
Նրան պապ դարձավ:
Մեծն Սևակի փոքր ափի մեջ
Մարդուն ճանաչեց…
Իմացավ՝
Տանյան ինչ շոր էր հագնում,
Երբ էր դուրս գալիս
Նա տնից թաքուն,
Որ ճամփով իջնում,
Դեպի ուր գնում,
Ինչպես էր նա իր
Լքումն ընդունում…
<<Ֆինայի երգը>> ականջին հասավ,
Նրա մտրակը գլխին շառաչեց,
<<Գլխային սեռին>> կարգին ճանաչեց…
Եվ թոռը դարձավ Մեծն Քուչակի
(Նրա պես երգեց
Կանանց ծիծ ու ծոց),
Եվ բարեկամը Մեծ Հովնաթանի
(Նրա պես խաբեց
Միամիտ կանանց)…
Հոգին շոշափեց <<Ֆեոդորա>>-ի,
Եվ <<Աննա>>-ներին ու <<Կետտի>>-ներին իրարից զատեց…
Եվ Ժան Վալժանի ընկերը եղավ,
Եվ Կոզետներին դարձավ օթևան…
<<Կարամազովյան հոգին>> ճանաչեց,
Վարքը հասկացավ <<Խիզախ գրողի>>…
Ապա Շիրազին կաթնեղբայր եղավ
Եվ հետևորդը Սիամանթոյի:
Իմացավ՝
Մարիամն ինչպես է տրվել՝
Մի օրում մեկից երեք սիրածի…
Ճանաչեց մարդուն,
Կնոջն ընթերցեց,
Իսկ աղջիկներին սովորեց անգիր …
Տվել էր իրեն թղթին ու գրին,
Երգեր էր երգում,
Սերն էր գովերգում.
Երգում էր կուրծքը կույս աղջիկների,
Թևե՜րն էր երգում նրանց կլորիկ,
Երգում էր կանանց
Շուրթերը համեղ,
Աչքերը շողուն,
Իրանը ճկուն
Եվ սիրտը դաժան…
Երգում էր փառքը
Իր հայրենիքի,
Իր ժողովրդի բախտը անիծում,
Աստծո հետ հաճախ կռիվ էր անում…
Ու Նրան ներում…
—————————————————
Եվ մի օր հանկարծ…
Տերերն աշխարհի
Որոշել էին աշխարհը կրկին վերաբաժանել.
Մեկից հող վերցնել,
Տալ մեկ ուրիշին,
Մեկից փող վերցնել,
Մեկից՝ հայրենին…
Եվ ամեն մեկը՝ մի-մի վայրենի,
Փորձում էր ավել մեծ պատառ տանել
Լեշից աշխարհի…
Աշխարհի լեշն էին հոշում անխնա,
Եվ արյունոտված – սուր ժանիքներով
Գռմռում էին մեկմեկու վրա…
Ու…
Ինչպես եղավ,
Որ ռսի առյուծը
Օսմանյան գայլի թաթը տրորեց.
Գայլն ու առյուծը զարկվեցին իրար.
Գայլի հետ մեկտեղ
Ռուսաց առյուծին վրա տվեցին
Լուսապսակով ջահակիր բոզն ու
Անգլու բորենին…
Եվ երբ առյուծը խեղճացավ ահից,
Իրար զարկվեցին փախուստ ու ոռնոց.
Այդ պահին իբրև մի նոր փրկություն՝
Մարտադաշտ իջավ ԱՐԾԻՎԸ ՀԱՅՈՑ…
Վայրենիների մի երրորդ կռիվ ահա սկսվեց …
Եվ ողջ աշխարհը մեկից բռնկվեց
Կրակ-հրդեհով..
Ազգ ու պետություն խմբեր էին կազմում,
Եվ ծածանվում էր դրոշը Մահվան,
Ու բարձրանում էր թաթը ժանտախտի…
Ապա ընդհանուր իրարանցման մեջ
Օսմանյան բիճը տարավ ու բերեց
Եվ ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ դրեց քննարկման
Նույն թեթևությամբ,
Ինչպես իր պապն էր
Նույն հայոց հարցը հանել մեյդանից…
Եվ իր պապի պես օսմանյան բիճը վճիռ կայացրեց…
-Քանի ծնում են մայրերը հայոց ,
Քանի չի շեղվել հայ ազգի երթը,
Քանի չեն լռել որոտ ու ոռնոց
Խռով կմնա մեծ մուհամեդը…
Ուրեմն պետք է կրկնվի հինը.
Քանի աշխարհը խառն է գործերով,
Արյունո՛վ մարել հայի բագինը,
Ա՛լ ներկել նրա արշալույսը մով…
Հայ մանուկներին հոշենք ու խեղենք.
Մե՛կ է, ո՞վ պիտի մեզ դատապարտի,
Երբ մինչ օրս դեռ
Մեր <<Սուրբ>> պապերին
Չեն դատապարտել…
Բոլորն էլ գիտեն, բայց ձայն չեն հանում,
Գիտեն՝ ինչպես ենք վերացրել ողջը,
Այդ լռությունից հանգիստ առնելով՝
Ջհուդին մորթեց Գերմանու ջոչը…
Լավ է՝ ջհուդն էլ խանդոտ է ուժգին
(Լոկ ինքն է մորթվել այս չար աշխարհում),
Մեզ բարեկամ է ալլահի ոգին,
Եվ ոչինչ արդեն մեզ չի խանգարում…
Սակայն խլացավ մուհամեդը մեծ
(Իբր լսում էր ինչ-որ ժամանակ),
Ու թուրքի բախտը հենց այստեղ ծռվեց
Իր յաթաղանի նման այլանդակ:
Եվ սխալվեցին թուրքերն այս անգամ.
Այս անգամ Հայը արդեն զենք ուներ,
Եվ գիտակցումը,
Որ կռվի դաշտում
Չկան <<Բաջանաղ>>,
<<Զոքանչ>> ու <<աներ>>…
Եվ երբ ասկյարը
Որոգայթ լարեց հայի բախտի դեմ,
Հայը, մոռացած դրախտ ու եդեմ,
Վերհիշեց ջարդը իր բյուր պապերի,
Բռնաբարվելը հիշեց մայրերի,
Մանկանց այրվելը,
Մորթվելն այրերի…
Հիշեց պղծումը սրբավայրերի,
Բացվեց թանգարանն աչքերի առաջ,
Որտեղ այդպես էլ չհանգրվանեց այն
ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ…
– 7-
Երբ լուրը լսեց,
Ջահել հերոսը երդումն իր հիշեց
Եվ իր գրքերը,
Թղթերն իր թողեց,
Ազգի հետ մեկտեղ թուրքի դեմ մեկնեց…
Օսմանյան թուրքը դեռ չէր սպասում,
Որ հայը ուներ այսպիսի ցասում.
Նա միշտ սովոր էր
Բաժանել, տիրել
(Եվ ծածուկ մի տեղ գոհանալ հայոց անքեն Աստըծուց
Լռության համար)…
Սակայն այս անգամ
Ուրի՜շ էր բանը.
Հայը լա՜վ գիտեր
Ստի վախճանը…
Եվ գիտեր նաև
Խոսեցնել Աստծուն…
Ուստի չխաբվեց
Օսմանցու ստին
Եվ զենքը ուղղեց նրա նենգ սրտին…
Կռվում էր Հայոց ազգը քաջարի,
Որ իր օջախի ծուխը չմարի…
Խենթացած տղան,
Ազգի հետ մեկտեղ,
Զեն ու զինազարդ
Թուրք դիակներ էր
Փռում բյուրավոր…
Թուրքի արձակած գնդակները նենգ
Չէին դիպչում նրա կապարե կրծքին:
Նա առյուծի պես կռիվ էր տալիս,
Խոցում էր մեկին,
Ձորն էր գլորում մեկ ուրիշի դին…
Եվ չէր խնայում
Դաժան օսմանցու մանուկին, ծերին.
Չէ՞ որ նա ուներ գաղափար վերին՝
Լուծել վրեժը իր տատ-պապերի,
Թքել երեսին համր դարերի,
Համր ազգերին լռեցնել հավերժ:
-8-
Ամիսներ տևեց կռիվը ահեղ,
Մինչ թուրքը, տալով
Ահռելի զոհեր,
Թողեց հողն հայոց,
Հողում էլ՝
Լեշերն իր բազում որդոց,
Երկրից չքացավ…
Ինչպես չար քամին բերել էր նրան,
Այնպես էլ տարավ
Դեպի Հադեսի երկիրը խավար
(Ուր նա դեռ երկար պիտի զրուցեր
Մուհամեդի հետ,
Պատասխան ուզեր ուրացման համար):
Եվ իր յոթդարյա
Վրեժը լուծեց Հայը ի վերջո,
Վերջապես ժպտաց տղան ինքնագոհ,
ճիչով-աղմուկով
Արաքսը անցավ,
Մասիս բարձրացավ…
Համբուրեց ձյունը
Եվ… Աստվածացավ…
Դավիթ Մշեցի
15-16.11.2009թ. Երևան