Հայ երգը փրկելու կարիք չունի… այն կա

Asekose.am – ում երեկ երեկոյան հրապարակվել է նյութ` “Էլի՞ կոմերցիան կուլ տվեց հայ երգը, թե՞ այն փրկելու հույսեր կան” վերնագրով, որտեղ անդրադարձ է արվել Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի մասնակցությանը առաջիկայում Գլենդելում կայանալիք բարեգործական համերգին:

Հետամուտ լինելով բարձրացված հարցին` փորձեցինք կապ հաստատել Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի հետ:

Ի զարմանս մեզ` երկու երգիչներն էլ բավականին հանգիստ արձագանքեցին այդ լուրին` նշելով, որ դա ապատեղակատվություն է, տեխնիկական սխալի հետևանք: Ի դեպ`  երկուսն էլ մեզանից տեղեկացան հոդվածի մասին:

Պապին Պողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրականում ուրախ է նման արձագանքի համար` նշանակում է հոդվածագիրը արժևորել է բեմից հնչեցրած իր խոսքը և դրա համար էլ դա դարձրել է իր հոդվածի առանցքը: “Այո, մենք ներկայացրել ենք և շարունակելու ենք ներկայացնել հայ մաքրամաքուր երգը` այն հնչեցնելով այնտեղ, որտեղ դրա ծարավն ունեցողներ կան”:

Նա նշեց, որ համերգի մասնակցության մասին ամիսներ առաջ եղել է նախնական զրույց, սկզբում համաձայնել է մասնակցել, այն ժամանակ համերգը նախատեսված էր իրենց “Վերադարձի երգ” խորագրով համերգից առաջ, հետո ինչ ինչ պատճառներով այդ համերգը հետաձգվել է, փոփոխվել է բովանդակությունն ու ուղղվածությունը, դրա համար էլ ինքը հրաժարվել է մասնակցելուց:

Գրեթե նման պատասխան տվեց  նաև երիտասարդ երգիչ Գագիկ Բադալյանը` նշելով. “Մենք վարպետի հետ փայլուն համերգ ունեցանք նոյեմբերի 8-ին, որի արձագանքները լսում ենք մինչ այսօր: Այդ ընթացքում զբաղված լինելով մեր համերգի նախապատրաստական աշխատանքներով` հետամուտ չենք եղել, թե ինչպես են այս համերգի տեսահոլովակում մնացել նաև մեր անունները: Սկզբում եղել է ընդհանուր զրույց մասնակցելու համար, հետագայում թե ես, թե Պապին Պողոսյանը հրաժարվել ենք մասնակցել այն բանից հետո, երբ նրանք մի քանի անգամ փոխեցին համերգի ուղղվածությունը”:

Իսկ թե ինչու հիմա չեն խոսել համերգի կազմակերպիչների հետ` տեսահոլովակում իրենց կադրերը հանելու համար, Գագիկ Բադալյանը պատասխանեց` “Այժմ խիստ ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում, կողմնակի բաներին ուշադրություն դարձնել անգամ չենք հասցնում, բացի այդ, լինելով արվեստի ոլորտի մարդ, գիտենք, թե ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ նոր գովազդային տեսահոլովակ նկարահանելու համար: Պարզապես դրան մեծ կարևորություն չենք տվել”:

Մինչ կկարողանայինք կապվել երգիչների հետ` լուրեր տարածվեցին, թե նրանց չի թողել համերգին մասնակցել “Grand Party” կազմակերպությունը, ում նախաձեռնությամբ վերջերս տեղի ունեցավ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ համերգը:

Ասեկոսեների հավաստիությունը ճշտելու նպատակով կապվեցինք նաև “Grand Party” կազմակերպության հետ:

Մեզ տեղեկացրեցին, որ չեն դադարում հեռախոսազանգեր ստանալ այդ թեմայով ամենատարբեր հարցադրումներով: Նրանք հերքեցին այդ տեղեկությունը, որ Գագիկ Բադալյանը և Պապին Պողոսյանը մասնակցելու են համերգին: “Մենք այժմ ծավալուն աշխատանքներ ենք անում “Վերադարձի երգ” համերգի շրջագայությունների կազմակերպման ուղղությամբ: Նախատեսվում է Գագիկ Բադալյանի և Պապին Պողոսյանի համերգային շրջագայությունը ինչպես Կալիֆորնիայում, այնպես էլ այլ նահանգներում, նաև ԱՄՆ-ից դուրս: Այժմ բանակցությունների փուլում ենք: Այսպիսով երկու երգիչներն էլ այժմ աշխատում են բավականին զբաղված գրաֆիկով”:

Հիմա, օգտագործելով այդ հոդվածագրի տողերը, ուզում ենք նշել, որ “կոմերցիան այս դեպքում կուլ չի տվել հայ մաքրամաքուր երգը”, ավելին, կայացած համերգը և դրան հաջորդած արձագանքները նոր ուժ են տվել թե կազմակերպիչներին, թե երգիչներին և նրանք այժմ ավելի լայնամասշտաբ գործունեություն են ծավալում:

Losarmnews.com կայքի խմբագրություն