Ներե՛ք ինձ, մեծե՛ր

Ո՛վ հայոց մեծեր, թե ներել գիտեք,

Ներե՛ք հանճարիս, որ թեև անխելք
Իր ձեռագրով նմանվում է ձեզ:

Ներե՛ք ինձ, մեծե՛ր, որ իմ վարկածով
Նմանվել եմ ձեզ և՛ նիստ ու կացով,
Ե՛վ կերած հացով,
Նաև գրածով:
Նմանվել եմ ձեզ իմ տխուր լացով,
Կիսատ թողածով,
Ու լրացրածով…

Կներե՛ք, մեծե՛ր, որ ինձ հարմար է
Հագուստի հարցում ձեր թողած ոճը,
Գործելաոճը,
Որ ձեզ նման եմ սիրում կնոջը,
Ձեզ նման հարգում հին ընկերոջը,
Եվ մայր եմ կարծում նաև քրոջը…

Ներե՛ք ինձ, մեծե՛ր, որ մեծամիտ եմ,
Որ իմ կարծիքով շատ ուղղամիտ եմ,
Որ գրչիս առաջ ծնկում է սուտը,
Պարտվում՝ հմուտը,
Եվ լույս է տալիս մութ մայրամուտը:
Ներե՛ք ինձ, մեծե՛ր, որ իմ մեծ դատին
Նման եմ կարծում, այս կյանքի ճամփին
Բոլոր գործերս՝
Ձեր ձևաչափին…

Ներե՛ք ինձ, մեծե՛ր, և խոսքիս համար,
Եվ գուցե այժմ ձեզ թվամ հիմար,
Բայց ա՛յս է հարմար
Մեր դարի համար:
Ներե՛ք ինձ, վստահ խոսելու համար,
Ու թող, որ այժմ
Ձեզ թվամ հիմար…

Հեղինակ՝ Արմեն Զատիկյան