Վահան Տերյանի սիրո պատմությունը

Պատմում է եղբայրը՝ Ղազար Տեր- Գրիգորյանը

Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա: Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում: Մի օր բռնեցի օձիքից:
– Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում:
– Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում…
– Լավ, հե՞տո:
– Հետո էլ ջանիդ սաղություն:
-Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է:
– Սիրահարվա՞ծ… դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել:
– Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը:
– Սիրունը չի կարող սոփականություն լինել… ու՞մն են արշալույսը, վերջալույսը…
– Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցկենա դրանք:
– Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է:
– Այո, Ախալքալաքի օրենքով ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա:
– Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սոիլթանի հարեմ:
– Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամները սրած ման են գալիս, մի լավ կթակեն:
– Ի՞նչ անենք, Ղազա՛ր ջան, վարդը միշտ փշերի մեջ է լինում. վարդ քաղողը փշին էլ կդիմանա…

www.knew-all.com