Մուսան

Նա գալիս է՝ որպես մի հուր
Մի խոյացող ալիք որպես,
Մի հրդեհ է ամենակուլ
Եվ կյանք է նոր, և թաղման ծես:
Իր շողշողուն դյութանքը հեզ
Տարածում է կյանքիդ վրա,
Գրգռում է, որ արարես
Եվ ծառայես փառքին իրա:
Ինչպես վայրի մի տարփուհի
Ներծծվում է արյանդ մեջ,
Հսկա կաթսան արարումի
Եռ է գալիս հրով անշեջ…
Եվ պոռթկում է՝ ժայթքում ուժգին,
Հրահեղուկ միտքն է հոսում,
Զիլ զարկում է դարի մռթին
Պոետը իր Սուրը Խոսուն…
… Նա գալիս է որպես մի հուր
Մի խոյացող ալիք որպես,
Կարծես լինի գթության քույր,
Որ և կյանք է, և թաղման ծես…

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ