Լոսանջելեսաբնակ հայերի համար տարին այս բեղուն է տարբեր մշակութային նախաձեռնություններով: Երևի թե այն չէր առանձնանա մյուս տարիներից, եթե պատահմամբ, (չնայած ասում են թե աշխարհում պատահականություններ չեն լինում) իրար չհաջորդեին 3 կարևորագույն միջոցառումներ` որոնք հստակ ուրվագծում են Հայ մշակույթի կենդանի ներկայությունը այս համայնքում:
Losarmnews.com կայքն առանձնացրել է շաբաթվա ամենանշանավոր մշակութային 3 ձեռնարկները ` հայ խոսքի, երգի ու պարի, որոնք ըստ կայքի ուրույն անդրադարձ կունենան մեր օրերում հայապահպանման գործում:
Խոսքը գնում է առաջիկա օրերին Լոս Անջելեսում կայանալիք երգի, պարի և ասմունքի երեկոների մասին:
Նոյեմբերի 8-ին, ժամը 7-ին Գլենդելի “Ալեքս” թատրոնում Grand-Party կազմակերպությունը ներկայացնում է “Վերադարձի երգ” խորագրով հայ երգի երեկո` Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ հանդիպում, ուր կմիախառնվեն ազգային ու դասական ստեղծագործությունները, իրար կլրացնեն տաղանդի երիտասարդությունն ու փորձառությունը, սեփական տան ու հողի կարոտով ապրող մարդուն հնարավորություն տալով ազգային երգի միջոցով հոգում դարմանել այն մեծ ցավը որն այլ կերպ կարոտ ենք կոչում:
Նոյեմբերի 5-ին, ժամը 7.30-ին Իրանահայ Միության և ITN հեռուստաընկերության համագործակցությամբ, Իրանահայ Միությունում տեղի կունենա տաղանդաշատ Ասմունքող, խոսքի իսկական վարպետ Նունե Ավետիսյանի ասմունքի երեկոն: Հանդիսատեսին առիթ կնձեռվի ունկնդրել հայ դասական պոեզիան: Հոգին աշխարհի դարդ ու ցավից, անմաքուր երևույթներից զտելու, դեպի լույսն ընդանալու ևս մի հրաշալի հնարավորություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 6-ին Հայ Պարարվեստի Կենտրոնը` Վարդան և Արմինե Աղաջանյանների ղեկավարությամբ, Լանթերման Աուդիտորիումում կներկայացնի “Հայոց Պարերի Ոգին Դարերի” հայտագիրը. երեկո, որ կառանձնանա դարերի խորքից եկող ոգեղեն զարթոնքով: Սասնա խրոխտ դոփյունից մինչև հայ աղջկա ամոթխածությունն ու հեզությունն արտացոլող նազենի պարը հանդիսատեսին կստիպեն հիացմունքով դիտել հայ պարմանիների ու պարմանուհիների հոգուց եկող մարմնեղեն շարժումները:
Այսպիսով, մեկ շաբաթում սպասվում է 3 մշակութային տոն, երեք հայ ոգու պահպանմանը միտված ծրագիր:
Ասում են` ազգն արթուն է այնտեղ, որտեղ արթուն է նրա մշակույթը: Լոս Անջելեսի հայ համայնքի արթնության գրավականը ահա այս միջոցառումներն են, որ պահում են ազգային ավանդականն ու դրանք ներկայացնում նաև նորովի` հասու դարձնելով բոլոր սերունդներին: