“Հայրենիքը ծնողի նման անփոխարինելի է”. Գրիգոր Մաչանենց Բաբախանյան

Հայի ազնիվ տեսակը միշտ պրպտող է, արարչագործ` անկախ նրանից` շուրջը փոթորիկ է, թե` մեղմ հովիկ, ջրհեղեղ է,  թե` խաղաղ ծով, կրակ, թե` մոխիր:

Հայի այս տեսակն անկոտրուն է ու նպատակասլաց: Միայն այս տեսակը կարող էր իր ցանկություններին տալ երազի թևեր, հետո դարձներ այն գաղափար, ապա թրծեր ու դարձներ ծրագիր, գործ, կազմակերպություն, մի Մեծ Օջախ, ուր ամեն մեկն իրեն զգում է հայրական օջախում: Այնտեղ Սեր կա, Նվիրում, բարիք գործելու անսպառ Ցանկություն, մանուկների աչքերում ապագայի երազանք կառուցելու Ջիղ: Այս կառույցում է հիմք դրել աշխարհի ամենաբարի, ամենաանաչառ թագավորությունը` Մանուկների թագավորությունը:

Երևի թե ամեն մեկն այնտեղ շեմելիս ունենում է շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ բոլորին իրար կապող հուզական մի ապրում, որ հայրենիք, հայ, մշակույթ` ազգային մշակույթ երևույթներն է ամփոփում իր մեջ:

Այսպիսի մի գողտրիկ օջախ կա Հայաստանում` Էջմիածին քաղաքում` Բալենիների փողոցում` նահապետ Նոյի ճանապարհին: Օջախն այս կրում է “Հայ Միասնության Խաչ” անունը` Հայի ավանդույթներով, Միասնական գաղափարներով և ուժով, Խաչի օրհնությամբ:

Այս օրերին Լոս Անջելեսում է գտնվում “ՀՄԽ”-ի ներկայացուցչությունը, ի դեմ հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի:

Նա միշտ աչքի է ընկել իր նախանձելի, բայց և իրատեսական լավատեսությամբ: Որոշեցի մեր ընթերցողներին էլ մասնակից անել հերթական լուսավոր մի զրույցի, որ օրերս ունեցա Գրիգոր Մաչանենցի հետ:

Պարոն Բաբախանյան, չնայած գիտեմ, որ և´ Դուք, և´ Ձեր կազմակերպությունը բազմաթիվ բարեկամներ և համագործակիցներ ունի Լոս Անջելեսում, նաև որ վերջին տարիներին այստեղի համայնքից Հայաստան` Էջմիածին այցելած  հյուրերից շատերն են հասցրել վայելել “ՀՄԽ”-ի շունչը, այնուամենայնիվ, մյուսների համար կուզեի մեկնաբանվեր`  ինչո՞ւ “Հայ  Միասնության Խաչ”. արդյո՞ք կազակերպության ձևավորման տարիներին  հայաստանյան իրականությունից ծնվեց անվանումը:

Հայաստանի այդ ժամանակի իրականության հետ կապված չի եղել անվան ընտրությունը, քանի որ միասնականության պակասը նոր խնդիր չէ մեր ազգի համար և թեկուզ կազմակերպության անվան մեջ հիմնադիրներով ցանկացանք միասնություն բառը լինի մեզ սթափեցնող և արթուն, հուշարար միասնության ճանապարհին:

Այս բոլոր տարիներին, անկախ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակից, կազմակերպությունը հերոսաբար հաղթահարել է բոլոր դժվարությունները և որևէ պահի որևէ քայլ հետ չի գնացել, ավելին, անվերջ շարժումի մեջ լինելով` բարգավաճել է, ընդլայնվել թե´ տարածքային, թե´ ծրագրային, թե´ գաղափարական իմաստով: Ինչպե՞ս է դա հաջողվել Ձեզ, ի վերջո այդ ամենը պայմանավորված է նաև Ձեր անձով:

Ճիշտ է անհատականություններն են կերտում պատմություն, սակայն անհատականությունը անզոր է առանց զինակիցների: Իսկ ինչպես ենք հաղթահարել դժվարությունները 28 տարիների ընթացքում, շատ պարզ` սիրել և սիրում ենք այն գործը, որ անում ենք:

Ճանաչելով Ձեզ` կարող եմ ասել, որ Ձեր տեսակը մարդկային անվերջ պրպտող հոգու և մտքի տեսակն է: Ի՞նչն է Ձեր փնտրածը:

Ինձ ճիշտ եք ճանաչում: Իմ փնտրածը արդեն գտել եմ, այն է, ինչին նվիրել եմ կյանքս, կյանքիս շարունակությունը  նվիրում եմ ձեռք բերածը ամրապնդելուն և նոր սերնդին այն ճիշտ փոխանցելուն, որպեսզի չկտրվի գաղափարական շղթան: Նյութը անզոր է, երբ չկա գաղափարական հիմք:

Ի՞նչը “Հայ Միասնության Խաչին” այսօր հասցրեց օվկիանոսի այս ափ:

Համայնքների հետ կապը` մեծ կամ փոքր, օվկիանոսից այս կողմ կամ այն կողմ ՀՄԽ-ի գործունեության անբաժան մասն է, քանի որ մեր նշանաբանն է` «Եվ կգա մի օր երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի»: Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի հրավերով առաջնորդարանի Զորայան թանգարանում հոկտեմբերի  27-ին երեկոյան ժամը 7-ին կբացվի ՀՄԽ-ի հիմնադիրներից ԸՆԾԱՅԻ (Գևորգ Բաբախանյան) գեղանկարների ցուցահանդեսը: Այս գործուղման ընթացքում կստեղծվեն նոր կապեր, կգցվեն նոր, առողջ կամուրջներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին շատ սփյուռքահայեր, ցավոք, հիասթափություն են ունեցել հայաստանյան այս կամ այն կառույցի հետ համագործակցելիս, մտավախություն չունե՞ք, որ ստեղծված կարծրատիպը այն մասին, որ Հայաստանում ներդրված միջոցները հաճախ հասցեական չեն և անհայտ ճանապարհով են ծախսվում, կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Ձեր այս օրերի նախաձեռնություններին, կամ համագործակցության համար մեկնած ձեռքը, այսպես ասած, չի սեղմվի, անպատասխան կմնա:

ՀՄԽ-ն երկու տարի հետո կլինի 30 տարեկան, եթե մի կառույց այս անցումային վերջին տասնամյակներում անսասան է մնացել և ունի հարուստ գործունեության կապիտալ, իր մեկնած ձեռքը ազնիվ է և ամուր: Նրանք, որ իսկապես ցանկանում են որևէ ներդրում անել հայրենիքում, կարիք ունեն նման մեկնած ձեռքի, նրանք ովքեր չեն կարողանում տալ իրենց ունեցածից, մատնանշում են վատ օրինակները, որը կարող է լինել ամեն պետության մեջ: Այսպիսով թեթև ձեռքով արդարացնում են իրենց պասիվությունը:

Ո՞րն է Ձեր բանաձևը. ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է հավատան, որ Ձեր կազմակերպության համար ամեն ներդրում կգտնի իր հասցեատիրոջը, կլինի դա կոնկրետ խոցելի խումբ, թե որևէ ծրագրային բաղադրիչ:

Հատուկ բանաձև չկա, պետք չէ ավելորդ տեղը բարդացնել և խճճել կյանքը բանաձևերով, պետք է ուղիղ ապրել և աշխատել, և ամեն ինչ լավ կլինի, ու կհավատան քեզ: 

Ո՞րն է ապագայի Ձեր տեսլականը:

Երազում եմ տեսնել իրար քիչ փնովող հայերի, միասնականության ծիլերի առատ բերք, որակյալ հայ հասարակություն, հզոր հայրենիք և հայրենիք վերադարձող հայերի երամներ, սա իսկապես տեսլական է, և ոչ փուչ երազ:

Կա՞ մի բան, որ կուզենայիք ավելացնել:

Յուրաքանչյուր համայնք ունի իր խնդիրները, Ամերիկայի այս մեծ հորձանուտի մեջ խնդրում եմ յուրաքանչյուր հայի մնալ հայ և միշտ հիշել, որ հայրենիքը ծնողի նման անփոխարինելի է:   

Զրույցն, անշուշտ, երկար կշարունակվեր, մտքերի փոխանակման մեջ ժամանակի ընկալումը կորել էր, սակայն պարոն Բաբախանյանը շտապում էր. այցելությունը կարճաժամկետ է, անելիքները` շատ:

Առաջիկա օրերին այցելության շրջանակներում կայանալու է գեղանկարների ցուցահանդես: Նկարիչը նույն գեներից է սերում, նույն Օջախի մասնիկն է` գեղանկարիչ Ընծա /Գևորգ Բաբախանյան/, ում հետ, հուսամ, դեռ առիթը կունենանք զրուցելու:

Ցուցադրվելիք գեղանկարները նույնքան ազգային ու հայկական են, որքան համամարդկային, նույնքան մանկության կարոտ են, որքան հասունության վերծանում: Նկարչի ձեռագիրը յուրօրինակ է:

Ձեզանից յուրաքնաչյուրը կարող է վայելել այդ արարումի պոռթկումները:

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու Առաջնորդանիստ սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի Զորայան սրահում` հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 7-ին:

Ցուցադրությունը կտևի մի քանի օր, սակայն չարժե բաց թողնել նկարչի հետ պարզ շփման, ինչու ոչ, նաև “ՀՄԽ”-ում իրականացվող մյուս բոլոր ծրագրերին ծանոթանալու և այդ Շեն Օջախի հետ հարաբերվելու հնարավորությունների մասին տեղեկանալու առիթները: Մուտքն ազատ է:

Սպասում ենք ձեզ զրույցի…

Ա.Ս.

Հ.Գ. Կազմակերպության և նկարչի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ներքոնշյալ հասցեներում:

www.cau.am

www.endza.am

www.facebook.com/CAUNGO

www.facebook.com/MACHANENTS