“Ինձ ավելի շուտ կարող է հիասթափեցնել միջավայրը, բայց ոչ երբեք գաղափարը”. Արտակ Մարտիրոսյան

Հաճախ ենք ավագ սերնդից լսում Հայաստանից դուրս երիտասարդ սերնդի մշակութային անտարբերության, հայապահպանման գործում պասիվության դրսևորման մասին: Սակայն, իրականում, պատկերն այդքան էլ գորշ ու մռայլ չէ: Այսօր էլ մեր շարքերում կան գրագետ, բանիմաց, մեծ եռանդով ու ամուր կամքով երիտասարդներ, ովքեր չանսալով իրենց առաջ հառնող մեծ ու փոքր դժվարություններին ու պատնեշներին` փորձում են իրենց մեծ ներդրումն ունենալա բարու, լավի, ազգայինի պահպանման ու տարածման գործում` հայրենիքի սահմաններից դուրս: Պարզապես մենք կամ քիչ ենք տեղեկացված, կամ էլ “ջայլամային” քաղաքականությամբ չենք ուզում տեսնել այդ լավը ու ոգևորել, թև տալ այդ երիտասարդներին` գոնե արհեստական խոչընդոտներ չստեղծելով:

Ահա այդպիսի երիտասարդների մի խումբ է ներկայացնում  Grand-Party կազմակերպությունը`  ի դեմս կազմակերպության հիմնադիր Արտակ Մարտիրոսյանի:

Կազմակերպությունն իր ստեղծման օրից աշխատում է ազգային մշակութային արժեքների պահպանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ, ինչը հաջողվում է թիմային աշխատանքի, արդյունավետ համագործակցությունների ձևավորման և պարզապես  հայ համայնքի կարող ուժերին իր շուրջը համախմբելու միջոցով:

Հարկ ենք համարում առանձնացնել լայնամասշտաբ մի քանի միջոցառում` 2015թ. “Ես քե զավակն եմ Հայաստան” նախադեպը չունեցող միջոցառումը` նվիրված հայոց բանակի տոնին, “Քելե Լաո” երգի նորովի մեկնաբանությամբ տեսահոլովակի նկարահանումը և առաջիկայում կայանալիք Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի “Վերադարձի երգ” խորագրով մենահամերգը: Ի դեպ, բոլոր ժամանակներում սիրված վարպետ Պապին Պողոսյանը վերջին տարիներին առաջին անգամ է հանդես գալու մենահամերգով:

Այս միջոցառման, ինչպես նաև հայ մշակութասեր երիտասարդի տեսակի մասին որոշեցինք զրուցել  Grand Party կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանի հետ:

Ձեր կողմից ծավալած գործունեությունը բավականին մեծ արձագանք է գտել համայնքում և շատերի մոտ հարց է առաջանում` ինչպե՞ս ընդամենը վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխված երիտասարդը կարողացավ այդքան համարձակ քայլերով մուտք գործել այս ասպարեզ:

Իհարկե ինձ համար հաճելի է լսել, որ մեր արած որևե գործ դրական արձագանք է գտել հասարակության մեջ, սակայն կցանկանամ մի փոքր զգուշությամբ մոտենալ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ և ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐ ասված որակումներին: Նախ` ես ոչինչ մենակ չեմ արել, իմ կողքին են գաղափարակից ընկերներ. մի հին ասացվածք կա` ասում է` “հիշիր մենակ մարդը ոչ մի բանի չի կարող հասնել, բայց այնպես էլ չէ որ առանց քեզ մարդիկ չեն կարող ինչ-որ բանի հասնել…”:  Սա ինձ համար ոսկե կանոն է…հետևաբար ոչինչ մենակ չեմ սկսել և ոչինչ մենակ առաջ չեմ տանում: Կարող ես գաղափար տալ, միայնակ մտածել, սակայն առանց թիմի գաղափարդ կմնա միայն գլխումդ, կամ, լավագույն դեպքում, թղթի վրա:

Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել շատ կարճ ժամանակահատվածում Ձեր շուրջը համախմբել և համագործակցության եզրեր գտնել այդքան տարբեր անհատների, ճանաչված արվեստագետների և կազմակերպությունների հետ:

Կարծում եմ, երբ նպատակն արդար է, կամքը` ամուր և աշխատելու ցանկությունը` մեծ, այդ դեպքում ստեղծված մտնոլորտը մագնիսի նման իր կողմ է ձգում բոլոր կարգին մարդկանց: Մեր դեպքում իսկապես հավաքվել է բանիմաց մարդկանց մի կորիզ, որտեղ մեկ սեղանի շուրջ են նստել տարիների վաստակ ունեցող արվեստագետն ու երիտասարդ տաղանդավոր մարդը, իսկ այդ համագործակցությունը իսկապես <<վտանգավոր >> կարող է լինել:

Ձեզ չե՞ն հիասթափեցնում ասեկոսեները և կարծիքները:

Ինձ ավելի շուտ կարող է հիասթափեցնել միջավայրը, բայց ոչ երբեք գաղափարը:

Մեր ժամանակներում անընդհատ խոսվում է մշակույթի կարևորության մասին, հատկապես ազգային ուղվածության, սակայն ինչպես կյանքն է ցույց տալիս, դրա պահանջարկը այնքան էլ մեծ չէ, ո՞րն է այդ դեպքում առաջարկի իմաստը Ձեզ համար:

Թույլ տվեք հարցին հարցով պատասխանել, իհարկե` հռետորական. գրեթե բոլոր երեխաններն էլ մանկության շրջանում ունեն մի պահանջարկ, խաղեր ու զվարճանքներ, այդ դեպքում ո՞րն է նրանց ստիպողաբար դպրոց տանելու և տառերը սովորեցնելու իմաստը:

Այսինքն ուզում եք ասել, որ ազգային մշակույթի պռոպագանդան և տարածումը տառաճանաչության նման կարևո՞ր է:

Ասեմ ավելին, ոչ թե դրա նման կարևոր է, այլ ավելի կարևոր է, որովհետև անտառաճանաչ գեղջուկը Սասնա ծռեր էպոս էր հորինում ու բերնեբերան փոխանցում, մի երեևույթ, որը մենք` գրաճանաչներս, մինչև օրս ուսումնասիրում ենք, և դեռ վերջը չի երևում:

Վերադառնալով մեր օրերին, եթե էստրադային երգիչը կարողանում է մի քանի հազարանոց դահլիճ լցնել, իսկ ժողովրդական և դասական համերգները կիսադատարկ դահլիճներում են անցնում, սա չի՞ նշանակում, որ ինչ որ բան սխալ է արվում:

Ես հասկանում եմ, թե Ձեր հարցը դեպի ուր է տանում մեր խոսակցությունը, բայց թույլ տվեք չմտնել այդ ոլորտ: Պարզապես բնության օրինաչափության համաձայն` ցանկացած դրական երևույթ իր պաշարները շուտ է սպառում, հանքագործությունը` որպես երևույթ, Ձեր հարցի պատասխանն է, ոսկու հանքում քանի տոկոս պղինձ, քանի տոկոս արծաթ և քանի տոկոս ոսկի կա, ոսկու պաշարը քիչ է լինում, բայց դրանից ելնելով ոչ ոք չի ասում ոսկին անպետք մետաղ է, որովհետև քիչ է:

Այժմ Դուք Պապին Պողոսյանի և Գագիկ ԲադալյանիՎերադարձի երգ” խորագրով համատեղ համերգի պրոդյուսերն եք. ո՞րն է համերգի հիմնական առաքելությունը:

Ոսկու հայտնաբերումն ու մարդկանց այն հասու դարձնելը

Սրամիտ պատասխան է, բայց դուք շատ եք ոսկուց խոսում, դա արդյոք կապված է Ձեր փողասիրության հետ:

Այս դեպքում ոսկի ասելով ես նկատի ունեմ Հայ ազգային երգը, իսկ դուք դրա տակ փողը հասկացաք և անգամ եզրակացրեցիք, որ ես այն սիրում եմ: Իրականում մենք` մեր թիմը, այս համերգով ցանկանում ենք ինքներս մեզ և մեր պես մտածողներին ապացուցել, որ ամեն բան կորած չէ:

Այս համե՞րգն է որոշելու` ամեն բան կորած է, թե` ոչ, շատ պատասխանատու և ռիսկային հայտարարություն չէ՞:

Նայած ում համար, եթե, ասենք, վերցնենք մաեստրո Պապին Պողոսյանի համար, ռիսկ չկա, որովհետև վարպետը, չեմ կարծում, թե կորցնելու բան ունի, իսկ այ իմ ու մյուս ընկերներիս դեպքում, ովքեր երիտասարդներ են և դեռ ճանապարհ ունեն անցնելու, ձեր ասած ռիսկը կա:

Եթե մի փոքր մանրամասնենք , ովքե՞ր են այսօր Ձեր կողքին նշված համերգի կազմակերպման և առհասարակ ապագայի ծրագրերում:

Համերգի պրոդյուսերը ես եմ, թիմային որոշման արդյունքում գեղարվեստական ղեկավարի ծանր պարտականությունը ընկավ ընկերոջս` բանաստեղծ Դավիթ Ասատրյանի ուսերին: Համերգին կմասնակցեն “Կռունկ” պարային համույթը` գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյան, “Gevorkian” պարի համույթը` գեղարվեստական ղեկավարներ Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ: Մեր կողքին է Mr. Martin ընկերությունը, գործարար Էլվիս Մադաթյանը, USA Armenian Life շափաթաթերթը` ի դեմս Ափո Ջաբարյանի, Arbat հանդիսությունների սրահը և էլի մի շարք անհատներ և կազմակերպություններ: Այս ամենին գումարվում է Լոս Անջելեսի հայ արվեստագետների քաջալերանքն ու ջերմությունը, որ զգում ենք մեր թիկունքում:

Իհարկե Ձեզ ցանկանում ենք հաջողություններ և մաղթում որ համերգն իսկապես կայանա բարձր մակարդակով և արդարացնի Ձեր ու Ձեր ընկերների ռիսկերը:

Իհարկե վստահ եմ, որ օգնողներ քիչ ունեք, իսկ այ կա՞ն խանգարողներ:

Խանգարող անհատներ չկան, որովհետև լինելիության համար մարդը պետք է իրենից ինչոր բան ներկայացնի. ազգային երգ ու երաժշտությանը դեմ գնացողը ո՞վ է, որ մի հատ էլ լինի կամ չլինի, մեզ խանգարողը տարածված մտածողությունն է, անտարբերությունը

Երբ վերանա այդ չարիքը, կվերանան բոլոր ոլորտների բոլոր անլուծելի խնդիրները:

Եվ վերջում ևս մեկ հարց. ինչն է Արտակ Մարտիրոսյանին դարձնում ուժեղ և առաջ մղում:

Ինձ առաջ մղող ուժը ընկերությունն է, այն միջավայրը, որ ես ստեղծել եմ իմ շուրջ, ուժ է տալիս, վստահությունը, այն ամրությունը, որ ես զգում եմ թիկունքիս` ի դեմս ընկերներիս:

Նյութի աղբյուր  USA Armenian Life Magazine